Լրահոս
Օրվա լրահոսը

2019 թ. մայիսի 13-19 Նորին Սրբության նախագահությամբ տեղի ունեցած Սինոդի ժողովի ժամանակ Արևելքի Ասորի Եկեղեցին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հոկտեմբեր 28,2019 17:40

Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արևելքի Ասորի Եկեղեցու պատվիրակությանը՝ առաջնորդությամբ Արևելքի Ասորի Եկեղեցու պատրիարքարանի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու, Կալիֆորնիայի (ԱՄՆ) Արևելքի Ասորի Եկեղեցու առաջնորդ և Սինոդի քարտուղար եպիսկոպոս Մար Ավա Ռոյելի:

Հանդիպմանը Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրերին: Ապա Արևելքի Ասորի Եկեղեցու Սինոդի քարտուղար եպիսկոպոս Մար Ավա Ռոյելը Վեհափառ Հայրապետին փոխանցեց Արևելքի Ասորի Եկեղեցու Նորին Սրբություն Գիվարգիզ Գ Սլիվա Կաթողիկոս-Պատրիարքի ողջույնները և գրությունը, որով Կաթողիկոս-Պատրիարքի և Եկեղեցու Սուրբ Սինոդի անունից պաշտոնապես տեղեկացվում է, որ Էրբիլում (Իրաք) 2019 թ. մայիսի 13-19-ը Նորին Սրբության նախագահությամբ տեղի ունեցած Սինոդի ժողովի ժամանակ Արևելքի Ասորի Եկեղեցին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Պատվիրակության կազմում էին Իրանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մար Նասսայ Բենիամինը, Մելբուրնի և Նոր Զելանդիայի եպիսկոպոս Մար Բենիամին Էյան և Հայաստանում Արևելքի Ասորի Եկեղեցու սպասավոր Հայր Նիկոդեմոս Ցուխանաևը:

Ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետն իր փոխադարձ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Արևելքի Ասորի Եկեղեցու պետին: Երախտագիտություն արտահայտելով Արևելքի Ասորի Եկեղեցու հովվապետի և Սուրբ Սինոդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարասկզբին հայերի դեմ գործված ոճրագործության  դատապարտման կարևորությանը` հավելելով, որ Քույր Եկեղեցիները ևս ճանաչել ու դատապարտել են այն:

Հանդիպմանը Նորին Սրբությունը հաստատեց նաև, որ առիթներ ունեցել է այցելելու Հայաստանի ասորական տարբեր համայնքներ և շփվելու համայնքների անդամների հետ` ընդգծելով, որ վերջիններս պահպանում են իրենց լեզուն և մշակութային առանձնահատկությունները:

Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը հետաքրքրվեց Արևելքի Ասորի Եկեղեցու պատմությամբ և մերօրյա առաքելությամբ, Եկեղեցու հովվական իշխանության ներքո գտնվող աշխարհասփյուռ համայնքներով և տարբեր երկրներում հայկական համայնքների հետ ձևավորված կապերով:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031