Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ոստիկաններին տրվել է այսպիսի հանձնարարական՝ գործել օրենքի սահմաններում, գործել վճռական եւ գործել՝ առանց քննադատվելու մտավախությամբ:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այս ընթացքում, ինչ պաշտոնավարում է, Սարգսյանն ինչքա՞ն պարգեւատրում է տվել ինքն իրեն: Նա պատասխանեց. «Վերջնական դեռ չեմ ստացել, բայց մեր նախարարությունում ընդհանուր առմամբ ոչ պակաս, քան 26 տոկոս ավելացել է ծառայողներինը: Մենք նաեւ ունենք լրացուցիչ պարգեւավճարներ, որով առանձին հանցագործություններ բացահայտելու համար խրախուսվում են»: Հարցրեցինք՝ բոլորի՞նն է բարձրացել, թե՞ միայն ձերը, ձեր տեղակալներինը՝ ոստիկանապետը վստահեցրեց, որ բոլորինը. «Մեր բոլոր ծառայողները, բացի նրանցից, ովքեր ոստիկանությունում ընդունվել են նոր ու ովքեր կարգապահական տույժի են ենթարկվել, կարծեմ 3 ամիս իրենք պարգեւավճար չեն ստանում, մնացած բոլոր ծառայողները ստանում են: Իմ ձգտումը մեկն է՝ ունենալ լավ ոստիկանություն, ուժեղ ոստիկանություն՝ գիտելիքներով, վճռական, տեխնիկապես զինված, իրենց գործողությունները կատարելուց անկաշկանդ գործող»:
Հարցին՝ վարչապետի հանձնարարականը կատարվո՞ւմ է, ասֆալտին փռելու օպերացիան դեռ իրականացվո՞ւմ է՝ Սարգսյանը պատասխանեց, որ այո, իսկ թե ով է վերջին անգամ փռվել ասֆալտին՝ նա ասաց. «Այն մարդիկ, ովքեր կատարել են հանցագործություն, խոստանում եմ, որ եթե նման անձինք ի հայտ գան, ովքեր արժանի են փռվելու՝ փռվելու են: Դա ես խոստանում եմ»:
Հարցրեցինք՝ ծաղկավոր բաբոչկաներ կապելու գործընթացը նույնպե՞ս շարունակվում է՝ նա պատասխանեց. «Յուրաքանչյուր ոք, եթե ոստիկանության ծառայողների աշխատանքի ընթացում ի հայտ գա եւ մենք ունենանք դրա անհրաժեշտությունը, օրենքի սահմաններում ամեն ինչ անելու ենք, այդ թվում՝ օրենքի սահմաններում ֆիզիկական ուժի կիրառում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ