Հիմա երեխաների ցանկություններն ու պահանջները այլ են, հետևաբար ծնողների վերաբերմունքը` նույնպես: Հաճախ երեխայի կամակորությունը սաստելու նպատակով ծնողը հնարավոր է թեթևակի հարվածի երեխայի ուսին կամ ձեռքին: Սակայն, ոմանց կարծիքով, դա ֆիզիկական բռնություն է:
3 տարեկան երեխայի ծնող Աննան ասաց, որ թեթևակի հարվածները դժվար թե դիտվեն որպես բռնություն. «Չեմ կարծում, որ ծնողը ի վիճակի կլինի շատ կոպիտ հարվածել սեփական երեխային` քմահաճույքը կանխելու համար»:
Իսկ ծնող Մելինեի խոսքով` ամեն մի թեթևակի հարված, նույնիսկ կոպիտ խոսք, համարվում է ֆիզիկական և հոգեբանական բռնություն . «Իհարկե, լինում են դեպքեր, երբ պարզապես խոսելը արդյունք չի տալիս, բայց ամեն դեպքում երեխաներ են, ի վերջո իրենց մոտ բռնությունը ինչ-որ հետք կթողնի»:
Սոցիալական աշխատող Նարեկ Պողոսյանը թեմայի վերաբերյալ նման կարծիք հայտնեց. «Երեխայի նկատմամբ կիրառվող ցանկացած ֆիզիկական պատիժը կամ ծեծը, անշուշտ, համարվում է բռնություն։ Երեխան վաղ հասակում ծնողի խոսքը լիովին ընկալել ու դրանով առաջնորդվել չի կարող։ Սակայն սա ոչ մի դեպքում չպետք է հիմք հանդիսանա վերջինիս նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման։ Երեխային սաստելու այլընտրանքային տարբերակներ կան՝ սովորականից ավելի բարձր տոնայնությամբ խոսք, ներկայացնել, որ այս կամ այն բանը վատն է կամ անթույլատրելի և այլն։
Կարդացեք նաև
Սակայն կան շատ ծնողներ, որոնք երեխային թեթևակի հարվածելով` փորձում են պատիժ սահմանել վերջինիս նկատմամբ։ Դա ևս ֆիզիկական բռնություն է, և այս դեպքում կարևոր չի հարվածի ուժգնությունը»:
Սոցաշխատողը նաև կոչ արեց ծնողներին` չսահմանել յուրովի պատժամիջոցներ, որոնք դուրս են ադեկվատ վիճակներից, քանզի կան սահմանված նորմեր ու խորհրդատվական գործընթացներ, որոնց կարելի է հետևել։
Արդյոք թեթև հարվածները կարո՞ղ են ազդել երեխայի հոգեբանական վիճակի վրա, այս հարցին հոգեբան Տիգրանուհի Աճեմյանը այսպես պատասխանեց. «Մարմնական պատիժն ու ֆիզիկական բռնությունը, հատկապես եթե դրանք կրում են պարբերական բնույթ, իրենց բացասական հետևանքներն են ունենում երեխայի հոգեբանական, հուզական, ֆիզիկական զարգացման և սոցիալիզացիայի վրա:
Բռնության զոհ դարձած երեխաների մոտ կարող է դանդաղել ճանաչողական գործընթացների զարգացումը: Կարող են դիտվել վարքագծի փոփոխություններ, քնի խանգարումներ, դյուրագրգռություն, ագրեսիվություն … Շատ հաճախ ծնողները համարում են, որ թեթևակի հարվածելը կամ ապտակելը դրական ազդեցություն կունենա երեխայի վարքագծի կառավարման վրա: Երեխային հարվածելը բացասաբար է անդրադառնում առաջին հերթին ծնող-երեխա փոխհարաբերությունների վրա, թուլացնում է ծնողի նկատմամբ երեխայի ունեցած վստահության և հարգանքի զգացումը: Եթե մենք ցանկանում ենք սեփական երեխաներին սովորեցնել չկիրառել բռնություն, ապա նախ ինքներս՝ մեր սեփական օրինակով պետք է փորձենք չկիրառել այն` որպես դաստիարակության միջոց»:
Օֆելյա ՊՈՂՈՍՅԱՆ