ԱԺ-ում 2020-ի պետբյուջեի նախագիծն է քննարկվում: ԱԻՆ փոխնախարար Արա Նազարյանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հարց-պահանջ ուղղեց. «Հրշեջները, փրկարարները մարդիկ են, ովքեր իրենց գործունեությունը կատարելու ընթացքում վտանգի տակ են դնում իրենց կյանքը՝ ամենօրյա ռեժիմով: Դուք երկարաշունչ գեղեցիկ նախադասություններ եք ասում ձեր նախարարությունն իր առաջիկա գործունեությունը պլանավորելիս որքանո՞վ է հաշվի առնում հրշեջների, փրկարարների անվտանգության հարցը՝ ապահովելու սարքավորումներով ու հագուստներով: Տարիներ շարունակ սարսափելի վիճակ է, այդ մարդիկ անձնազոհության են գնում, երբեմն թվում է, որ կամիկաձեներ են ու միայն Աստծո վրա են հույս դնում, որովհետեւ որոշ դեպքերում էլեմենտար հագուստ չունեն: 21-րդ դարն է, պարոն Նազարյան, անվտանգության հազար ու մի ձեւեր կան, իսկ մեր հրշեջները երբեմն գնում են տեղ են հասնում ու պարզվում է՝ իրենց մեքենայի մեջ անհրաժեշտ քանակության ջուր անգամ չկա: Բերած ջուրը չի հերիքում»:
Քրիստինե Պողոսյանը շեշտեց, որ այս ամենը ասելով՝ հարց չի տալիս. «Ես որպես պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ՝ պահանջ եմ ներկայացնում ձեզ՝ փոխելու ձեր ռազմավարությունը, որովհետեւ հրշեջներն ու փրկարարները պետք է աշխատանքի գնալիս իմանան, որ իրենց պաշտպանվածությունն ունեն առաջին հերթին»:
Փոխնախարարն էլ արձագանքեց, որ «արդեն ձեր պահանջը կատարման ընթացքում է, առաջին կիսամյակի արդյունքներով լրացուցիչ միջոցներ տրամադրվեց ու 260 մլն-ի ձեռք ենք բերել համապատասխան գործիքներ, սաղավարտներ, մարտական համազգեստ, նյութեր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ