«Օրենքի ամենամեծ նպատակը գիտություն ու կրթությունը միավորելն է, երկուսի համահունչ գործունեությունը համապատասխանեցնելը»,- «Մեդիա կենտրոնում» այսօր «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի վերաբերյալ կայացած քննարկման ժամանակ նշեց Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի համակարգող Աննա Գեւորգյանը: Նրա ձեւակերպմամբ, այն փոփոխությունները եւ սկզբունքները, որ դրված են նախագծի հիմքում, ըստ իրեն, մեխանիզմների առումով փոփոխության քիչ տեղ են տալիս:
«Հանրային բուհերի կառավարման առումով մեծագույն փոփոխություններ են նախատեսվում` հոգաբարձուների խորհուրդ, ընտրում, նշանակում…Կուզեի, որ լայն քննարկման դրվեր այն մեխանիզմը, որով հոգաբարձուների խորհուրդը կազմավորվում է»,-ասաց նա: Նաեւ կարեւորեց բուհի հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրությունը. «Ինձ հետաքրքրում է, թե ինչ քննարկումների արդյունքում է որոշվել, որ այդ թիվը պետք է 12 լինի»: Ապա կատակեց, թե չի կարծում, թե դա առաքյալների թվի հետ է համապատասխանեցրած:
«Ինչո՞ւ է այդ թիվը ֆիքսված, երբ բուհերն իրենց թվաքանակով, ենթակառուցվածքներով եւ մնացյալով տարբեր են, արդյոք այդ հարցը քննարկվե՞լ է, միգուցե այդ թիվը պետք է 12-20 լինի եւ ամեն բուհ ինքը որոշի: Ինչո՞ւ 50%-ին պետք է նշանակի նախարարը եւ ինչու պետք է նախարարը հաստատի խորհրդի կազմը եւ ղեկավարին, ես այստեղ շահերի բախում եմ տեսնում…»,-հավելեց տիկին Գեւորգյանը: Նա նաեւ ֆինանսավորմանն անդրադարձավ, ըստ որի, ֆինանսավորումը փորձելու են կիսել` բուհերին պետական ֆինանսավորում ու ուսանողներին` կրթաթոշակներ են տրամադրվելու:
«Ռեսթարթ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հարց հնչեցրեց` արդյոք բարձրագույն կրթության ոլորտում փոփոխությունների արագությունն ու որակը համապատասխանում են հեղափոխության կողմից տրված հնարավորություններին: Նրա խոսքերով, ոչ, որովհետեւ ոչ բոլոր բուհերում են տեղաշարժեր նկատվում, իսկ հոգաբարձուների խորհուրդներում կառավարական ճգնաժամ է. «Ես չգիտեմ, թե օրենքը երբ կընդունվի եւ կկարողանա՞ արդյոք այդ խնդիրները լուծել»:
Կարդացեք նաև
Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը նշեց, որ օրենքի աշխատանքային տարբերակը հանրային քննարկման նյութ չի կարող լինել, իսկ պաշտոնական նախագիծը մի քանի օրից կլինի:
Պարոն Կարաբեկյանը հավելեց, որ 100-ավոր առաջարկություններ են ստացվել, որոնց մի մասը հաշվի են առնվում, որոշները` ոչ. «Քանի որ կա ոլորտային քաղաքականություն, որին կարող են հակասել»: Սամվել Կարաբեկյանն ընդգծեց, որ բազմաթիվ առաջարկությունների լույսի ներքո օրենքի աշխատանքային տարբերակը վերափոխվում է նախագծի, որն ի վերջո կգա-կհասնի հանրային քննարկման: «Միջազգային փորձագետ էլ է ներգրավված աշխատանքներում, նրա կարծիքը եւս նայել ենք»,-ասաց Կարաբեկյանը:
Ինչ վերաբերում է բուհերի կառավարման խորհրդի կազմին ու հաստատման ընթացակարգին, շեշտեց. «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ սովորաբար խորհրդի կազմը լինում է 9-15-ի շրջանակում` կախված բուհի չափից եւ պատճառը մեկն է` ցանկացած խորհուրդ կամ կառավարման մարմին պետք է ունակ լինի որոշում կայացնելու:
Բոլորին հասկանալի է, որ որքան մեծ է թիվը, այնքան որոշում կայացնելու օպերատիվությունը, որակը եւ տեմպը թուլանում է: Իմիջիայլոց, բրիտանացի միջազգային փորձագետի արձագանքը հետեւյալն էր` ինչպե՞ս եք կազմավորում կառավարման խորհուրդը պետության կողմից ստեղծված հանրային բուհերում, որտեղ պետության որեւէ ներկայացուցիչ չկա… »:
Աննա Գեւորգյանին հարցադրմանն ի պատասխան էլ` պարոն Կարաբեկյանն ասաց. «Անգամ նախարարի քվոտայի նշանակման մեջ դուք չեք գտնի որեւէ պետական պաշտոնյա…Նախարարն օրենքով սահմանափակված է որոշակի շրջանակով, որտեղից կարող է ընտրել եւ նշանակել հոգաբարձուների խորհրդի անդամներ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Մեդիա կենտրոնի