Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը հարցին, թե Հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից հետո Արման Բաբաջանյանի հետ խոսե՞լ են, աշխատանքներ տարվո՞ւմ են, չե՞ն հետաքրքրվել, թե ինչ են խոսել երկու ժամվա ընթացքում՝ պատասխանեց, որ եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, իրենց գործողությունները կանեն. «Մենք Արման Բաբաջանյանին չվստահելու խնդիր չունենք, թե հանդիպենք, ինքը իրականությունը կասի: Արման Բաբաջանյանը արդեն ներկայացրել է տեսակետ ԶԼՄ-ով, մենք ոչ մի խնդրի առաջ չենք կանգնելու»:
Լրագրողները հարցրեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված ԱԱԾ գործողություններից, քանի որ քննադատում են ԱԱԾ-ին, որ քաղաքական հետապնդում է իրականացնում: Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ մի քաղաքական հետապնդման խնդիր չի եղել, ենթատեքստ այդտեղ խնդրում եմ չփնտրեք: Ուղղակի նյութերի նախապատրաստման ամբողջականությունն ապահովելու համար նաեւ խնդիր է առաջացել լսել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներին, այսինքն, երեխաներին՝ երկու դուստր եւ հայրը: Այդտեղ եթե երեխաներ ասում ենք, երեխաները, ճիշտն ասած, առանձին անձինք ասում են 16, 18 տարեկան, ես ասեմ՝ 23, 25 տարեկան են եղել: Խնդիր է եղել գույքի հետ, իրենց գույք է փոխանցվել եւ պարտավոր էինք նրանցից պարզաբանում իրականացնել այդ հարցով»:
Հարցին՝ ապօրինի հարստացման հետ կապված կասկածնե՞ր կային՝ նա պատասխանեց. «Մանրամասն ներկայացրել էինք մամուլում, որ սպառիչ պատասխաններ լինեն»:
Խոսելով ՊՎԾ-ում ստուգումների մասին՝ Մարտիրոսյանը պատասխանեց, որ հերթական ստուգումներն են, կավարտվի՝ կտեղեկացնեն:
Կարդացեք նաև
Լուրեր էին շրջանառվում, որ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ կապված քննություն են տանում: Մարտիրոսյանը հերքեց՝ վստահեցնելով, որ նա չի ձերբակալվելու. «Ո՞վ է տարածում այդ լուրերը, ի՞նչ ձերբակալության մասին է խոսքը: Շատ լուրեր կան, հերքում եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ