Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի հանդիպում մոտ ապագայում չի նախապատրաստվում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա նշեց, որ այս պահին ծրագրվում է միայն ԱԳ նախարարների հանդիպում. «Հիմա կենտրոնացած ենք նրա վրա, որ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումներ կազմակերպենք, ինչը հիմք է՝ ղեկավարների մակարդակով հանդիպում կազմակերպելու»:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արված այն հայտարարությանը, թե ինքը նոր է ծանոթանում Արցախյան հակամարտության բանակցային գործընթացին, Զոհրաբ Մնացականյանը վստահեցրեց. «Վարչապետը շատ լավ տիրապետում է հարցին: Բնականաբար, փորձում է խորացնել այն նրբությունները, որոնք տեղի են ունեցել նախորդ տարիների ընթացքում: Անգամ նրանք, ովքեր քսան եւ ավելի տարի զբաղվել են այս հարցով, պարբերաբար թարմացնում են իրենց գիտելիքները»:
Իսկ թե ինչ փաստաթղթի շուրջ են հակամարտության կողմերն այս պահին բանակցում, Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրեց. «Թղթի վրա ձեւակերպումների շուրջ դեռեւս չենք աշխատում, բայց դա չի նշանակում, թե չենք աշխատում այն ուղղությամբ, որ կառուցենք կողմերի պարտավորությունների համաչափությունը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ