Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեղանկարչի որդին` նախարարությանը. «Կդիմեմ դատարան եւ դատը կշահեմ»

Հոկտեմբեր 28,2019 13:45

Գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանի որդին` Արշակ Ստեփանյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Aravot.am-ի հետ զրույցում նկարչի որդին հիշեցրեց, որ 2018թ. մարտի 20-ին լրացել է Հրանտ Ստեփանյանի ծննդյան 100- ամյա հոբելյանը, եւ դեռեւս 2016թ. վերջին ՀՀ մշակույթի նախարարի հետ եկել էին համաձայնության, որ նախարարությունը ձեռք բերի մի քանի գեղանկար` ՀՀ ազգային պատկերասրահի ֆոնդը համալրելու, ինչպես նաև միջնորդի հոբելյանի հետ կապված հիշատակը հավերժացնելու նպատակով նամականիշ թողարկելու համար: Ընդունվել է 3 աշխատանք` ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, բալետի պարուհի Գալյա Հարութի դիմանկարը, որը աշխարհահռչակ շախմատիստ, աշխարհի չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի կինն էր, կոմպոզիտոր Ազատ Մանուկյանի դիմանկարը և «Նավակները» աշխատանքը, որոնց համար պետք է վճարվեր 5.555.700 դրամ:

«2019թ. Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ դուստրս` Սեդա Ստեփանյանը հարց ուղղեց տիկին Աննա Հակոբյանին այն մասին, որ պետությունը իր պապիկի հայտնի գեղանկարիչ, հայ արվեստի դասական Հրանտ Ստեփանյանի 100-ամյա հոբելյանի շրջանակներում ձեռք է բերել 3 գեղանկար ՀՀ Ազգային Պատկերասրահի ֆոնդը համալրելու նպատակով, սակայն արժեքը չի վճարում: Դահլիճում ներկա հազարավոր ծափերի ներքո տիկին Աննա Հակոբյանը պատասխանեց, որ նախկին իշխանությունից որդեգրած ոչ մի պարտք չի մնալու, բոլորը մարվելու են, նույն կերպ արտահայտվել էր նաև տիկին Մակունցը: Ցավոք այս խոստումները մինչ այժմ մնացել են օդում կախված»,- գրել է նկարչի որդին Փաշինյանին ուղղված նամակում:

Aravot.am-ը այս մասին հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, որտեղից ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Հայտնում ենք, որ Հայաստանի ազգային պատկերասրահը դրանք երբևէ ձեռք չի բերել և չի պարտավորվել ձեռք բերել: 2016 թվականին մշակույթի նախարարի տեղակալի կողմից պատկերասրահի տնօրենին գրություն է ուղարկվել՝ դիտարկելու Հրանտ Ստեփանյանի 2-3 կտավները ձեռք բերելու հարցը, ինչին ի պատասխան պատկերասրահի տնօրենը տեղեկացրել է՝ «գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանի նկարներից Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում պահվում է 16-ը: Նորը ձեռք բերելու հարցում պատկերասրահը պատրաստ է ցուցաբերել խորհրդատվական աջակցություն: Այսինքն՝ ըստ ընթացակարգի մեր մասնագիտական գնահատող հանձնաժողովը կուսումնասիրի նկարչի աշխատանքները և Ձեզ կներկայացնի ստեղծագործությունների արժեքը», ինչը և պատշաճ կատարել է պատկերասրահը: 2016 թվականից ի վեր կտավները ձեռք բերելու առումով ոչ նախարարությունը, ոչ պատկերասրահը որևէ պարտավորություն չեն ունեցել: Նախարարությունը հավելյալ ֆինանսական միջոցներ  չի կարողացել և չի կարող տրամադրել դրանք ձեռք բերելու համար»:

Aravot.am-ի հետ զրույցում Արշակ Ստեփանյանը պնդեց. «Ես ունեմ ստացական, որ 2 տարի 6 ամիս նկարները գտնվում են Ազգային պատկերասրահում, ունեմ փոխնախարարի նամակը, որտեղ գրում է` խնդրում եմ Հրանտ Ստեփանյանի աշխատանքները ներկայացնել Ազգային պատկերասրահ պետական հանձնաժողովի գնման, ընդունման եւ գնահատման նպատակով եւ այդ փաստաթուղը,ինչպես նաեւ հանձնաժողովի որոշումը, որ նկարներն ընդունված են եւ գնահատված են` երեքը միասին 5.555.700 դրամ…Այսինքն ես ունեմ բոլոր հիմքերը, որ դիմեմ դատարան եւ դատը շահեմ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արշակ Ստեփանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031