Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարությունը` «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի ոդիսականի մասին

Հոկտեմբեր 28,2019 13:16

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին գրավոր հարցում էր ուղարկել: Մեզ հետաքրքրում էր, թե ի վերջո՝ ինչ ճակատագիր է սպասվում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնին, ի՞նչ տեսլական ունի նախարարությունը եւ ինչ է պատրաստվում անել: Նաեւ խնդրել էինք մեկնաբանել «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանին ուղղված պատասխանում առկա հետեւյալ ձեւակերպումը. «ՀՀ ֆինանսների նախարարության հետ քննարկումների արդյունքներով, ՊՈԱԿ-ի ստեղծման նպատակահարմարությունը կարող է դիտարկվել այն դեպքում, երբ համայնքին կամ այլ անձանց մատուցվող ոչ առևտրային բնույթի ծառայությունները իրենց բնույթով բացառիկ են, չպետք է և չեն կարող մատուցվել մասնավորի կողմից՝ անկախ մասնավորի կողմից այդ ծառայության մատուցման հնարավորությունից»: Երրորդ հարցն էլ վերաբերում էր նրան` արդյոք նախարարությունն ունի՞ հայեցակարգ, որով առաջնորդվում է թանգարանների բացառիկությունը դիտարկելիս::

Նախարարությունից ստացել ենք հետեւյալ գրավոր պատասխանը. «ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում շահագրգիռ կողմերի և «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Մաթեւոսյանի մասնակցությամբ կայացել է քննարկում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի հետագա կարգավիճակի կարգավորման շուրջ:

Այս պահին նախարարությունն ունի մի քանի այլընտրանք, սակայն Մշակութային կենտրոնի տեսլականի մասին մեր կարծիքը և հստակ առաջարկը կանենք, երբ հիմնադրամը պատշաճ ներկայացնի իր կողմից մշակված կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների պլան և գործնական ծրագիր (բիզնես պլան)՝ նպատակի, խնդիրների, գործողությունների հաջորդականության, պետությունից և այլ աղբյուրներից ֆինանսական ակնկալիքների, կենտրոնի շահագործումից հետո ակնկալվող արդյունքների մասին, հստակ դիրքորոշում հայտնի կենտրոնի կառավարման տեսլականի վերաբերյալ:

ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՊՈԱԿ-ների ստեղծման մասին դիրքորոշման հարցի վերաբերյալ մեկնաբանում ենք, որ պետությունը պետք է ստանձնի գլոբալ հարցերի լուծման պատասխանատվությունը, միաժամանակ՝ ոչ պետական կառույցներ ևս իրենց սոցիալական և այլ պատասխանատվությունը պետք է ունենան այս հարցում»:

Ինչ վերաբերում է թանգարանների բացառիկության դիտարկմանը, այս մասին էլ գերատեսչությունից հետեւյալն են գրավոր հայտնել. «Նախարարության՝ թանգարանների բացառիկության հայեցակարգի հարցման վերաբերյալ հայտնում ենք, որ պետության պարտավորությունն է Հայաստանի համար ռազմավարական նշանակության մեծածավալ, թեմատիկ թանգարանների հիմնումը, իսկ մյուս դեպքերում՝ մասնավորի համար բոլոր հնարավորությունների ապահովումը նոր փոքր կամ մեծ թանգարաններ ստեղծելու պարագայում»:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Հրանտ Մաթեւոսյանի կինը` Վերժինե Մովսիսյանը եւս դիմել էր Նիկոլ Փաշինյանին ու գրել. «Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն թանգարան»-ի անավարտ կառույցի շինարարության 2003-ից ձգձգված ոդիսականի անհեթեթ, անտրամաբանական, ողորմելի վերջերգը դարձավ` բացառիկ դիսոնանս Հրանտի անվան, մեր ժամանակի ոգու, քո այն ուղերձով հնչեցրած Հրանտի խոսքերի հետ»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031