Ըստ փորձագետ Արմեն Վարդանյանի՝ Սիրիայի հարցով ռուս-թուրքական հուշագիրը խախուտ համաձայնագիր է եւ այն կարող է ամեն վայրկյան փլվել:
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձեւակերպմամբ Սիրիայի հարցով ռուս-թուրքական «ճակատագրական» որոշումը բխում է Թուրքիայի շահերից:
Հիշեցնենք՝ Էրդողանի եւ Պուտինի բանակցությունների արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման համատեղ հուշագիր՝ համաձայն որի՝ քրդերը պետք է հեռանան Սիրիայի հյուսիսային շրջաններից, որից հետո Ռուսաստանը եւ Թուրքիան համատեղ պարեկություն կիրականացնեն Սիրիայի սահմանին՝ թուրքական ռազմական գործողությունից 10 կիլոմետր արեւելք եւ արեւմուտք: Ռուսաստանն այս հուշագրով ընդունում է 32 կիլոմետր խորություն ունեցող տարածքը որպես Թուրքիայի անվտանգության գոտի:
«Առավոտի» հարցին՝ Էրդողանի եւ Պուտինի այս որոշումն ի՞նչ առումով կարող է ճակատագրական լինել տարածաշրջանի համար, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Երեւի Վլադիմիր Պուտինը նկատի ունի այն, որ այս համաձայնագրով պատերազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում ավարտվում են, բայց ես չեմ կարծում, որ կարելի է միանշանակ ընդունել այդ հայտարարությունը, քանի որ Սիրիայում իրադարձություններն այնքան արագ են զարգանում, այնքան անկանխատեսելի հետեւանքներ են ունենում, որ ասել՝ վերջական համաձայնութուն է ձեռք բերվել եւ այլեւս խաղաղություն հաստատվել, դա էլ ճիշտ չի լինի: Մանավանդ՝ արդեն իսկ տեղեկություններ կան, որ թուրքերն էլի խախտել են զինադադարի պայմանները: Այնպես որ, այո, խախուտ համաձայնագիր է եւ այն կարող է ամեն վայրկյան փլվել»:
Կարդացեք նաև
Մեր այն փաստմանը՝ հուշագրով համաձայնության են եկել նաեւ այն հարցով, որ պետք է քրդական զորամիավորումները դուրս բերվեն, 32 կմ խորությամբ սահմանը գտնվում է Թուրքիայի տիրապետության տակ, սա աշխարհաքաղաքական առումով ի՞նչ է նշանակում, այստեղ վտանգներ չկա՞ն, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Սա ավելի շատ ձեռնտու է Թուրքիային: Ըստ էության՝ քրդական զինված ջոկատները հեռացվում են սահմանից, եւ այդ տարածքներում Թուրքիան նպատակ ունի վերաբնակեցնել սիրիացի արաբների, որոնք ապրում են Թուրքիայում՝ փախստականների ճամբարներում: Այդ արաբներն այն մարդիկ են, որոնք ապրում են Թուրքիայում՝ թուրքական ազդեցության տակ: Թուրքիան փորձում է այդ շրջանների քրդական բնակչությունը փոխարինել սիրիացի արաբներով, որպեսզի ինքն իր անվտանգությունն ապահովի: Չգիտեմ՝ որքանով դա կիրագործվի»:
Մեր հիշեցմանը՝ այս հանգամանքը քննադատվեց ամերիկյան կողմից, մասնավորապես ԱՄՆ սենատոր Բոբ Մեննեդեսը քննադատեց Թուրքիային որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, որը համաձայնություն է կնքում Մոսկվայի հետ եւ նշեց. «Եթե նախկինում կային որոշակի կասկածներ, ապա այժմ ամեն ինչ պարզ է Էրդողանի մտադրությունների մասին՝ էթնիկ զտման անցկացում հյուսիս-արեւմտյան Սիրիայում ի հաշիվ տարածաշրջանային կայունության, ներառյալ Դաեշ-ի դեմ պայքարի եւ ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ հարաբերությունների»:
Այս առիթով Արմեն Վարդանյանն ասաց. «Իհարկե, դա էթնիկ զտման տարրեր էլ է պարունակում. Թուրքիան փորձում է ժողովրդագրական վիճակը փոխել հարավային սահմաններում եւ Սիրիայի հյուսիսում ու գոնե սահմանից 30 կմ երկայնքով ստանալ իրեն լոյալ բնակչություն: Ամերիկյան կոնգրեսմենների մոտ նաեւ մտահոգություն կա, որ կարող է ժամանակի ընթացքում իսլամական պետությունը վերածնվել եւ այլ ռիսկեր կան, բայց առաջին հայացքից այս համաձայնագիրը բխում է միանշանակ Թուրքիայի շահերից»:
Մեր հարցին՝ հետեւաբար կարող է վտանգավոր լինել նաեւ Հայաստանի՞ համար, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ոչ թե Հայաստանի, այլ տեսականորեն կարող է հայերի համար վտանգ սպառնալ: Բայց հիմնական հայկական համայնքն արդեն Ղամիշլիում է մնացել՝ մոտ 3000 հոգի: Արդեն մյուս վայրերից տեղահանվել են, եւ Սիրիայի հյուսիսում չկա հայկական համայնք, իսկ Ղամիշլին Սիրիայի իշխանությունների ազդեցության տակ է գտնվում, եւ վտանգ չկա, որ թուրքերը կարող են էթնիկ զտումներ անել ու գործողություններ իրականացնել: Իսկ ընդհանուր առմամբ՝ Սիրիայի հյուսիսում քրդեր կլինեն, թե Թուրքիայի լոյալ սիրիացի արաբներ, Հայաստանի համար ոչինչ չի փոխում»:
Հետաքրքրվեցինք՝ թուրք-ամերիկյան հարաբերություններում կարելի՞ է նոր զարգացումներ սպասել, քանի որ ամերիկյան կողմն անընդհատ իր բացասական վերաբերմունքը չի թաքցնում այս հարցով, փորձագետը չբացառեց, որ կարող են լինել նման զարգացումներ՝ հաշվի առնելով Դոնալդ Թրամփի անկանխատեսելի բնավորությունը ու հավելեց. «Նաեւ պետք է նկատել, որ Թուրքիան բավականին լավ խաղում է արտաքին քաղաքականության մեջ՝ էրդողանը նույնիսկ հասավ նրան, որ Սիրիա ներխուժելու՝ իր արկածախնդրությունը չպատժվեց ամերիկյան իշխանությունների կողմից՝ չնայած այն բանին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր քանդել, ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, նաեւ հայտարարել էր պատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին: Բայց մենք տեսանք, որ հետագայում հանեց այդ պատժամիջոցները, եւ Էրդողանն առայժմ շատ լավ կարողանում է դիվանագիտություն, արտաքին քաղաքականություն վարել ու շատ լավ Թրամփի հետ հարաբերվել: Առայժմ ամեն ինչ կարծես թե Էրդողանի սրտով է: Առայժմ նա հաջողությամբ կարողանում է սիրիական ճգնաժամը կառավարել: Իհարկե, իրադարձություններն այնքան արագ են զարգանում եւ հաճախ անկանխատեսելի տեսարաններով, որ չի կարելի ասել՝ վերջնականապես Էրդողանը հաղթել է»:
Փորձագետը չբացառեց՝ շատ հնարավոր է գա մի պահ, որ Էրդողանն այլեւս հակամարտության կառավարումը չկարողանա իրականացնել. հակամարտությունն իր ձեռքից գնա, եւ ճգնաժամը դառնա անկառավարելի:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.10.2019