«Այս բյուջեն եւս հեղափոխական բյուջե չէ»,- դատելով վարչապետի փաստարկումներից այսօր խորհրդարանում 2020թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը`հարցադրումներն ուղղելով ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:
Թեպետ վարչապետը հայտարարեց Հայաստանում կատարվող «հսկայական ներդրումների», մասին, պատգամավորը նկատում է` ներդրումների տոկոսը շատ ցածր է. «Օտարերկրյա ուղղակի ներդրումները 2018թ-ի հունվար-հունիս ամիսներին եղել են 38 մլրդ դրամ, 2019թ-ի հունվար- հունիսին ունեցել ենք 7, 8 մլրդ։ Այս ցուցանիշները այնքան հեռու են այն ցանկալի կետից, որի հիման վրա բավարար տնտեսական աճ ապահովենք»: Ընդդիմադիր պատգամավորը թեեւ թիվը չի կարեւորում, բայց նկատում է, որ տնտեսական աճի կառուցվածքն էլ էական փոփոխություն չի կրել. «Ասում եք աճը պահպանողական է, հիմա նայում ենք՝ արդյունաբերությունը 5% է կազմում, հռչակած մոտեցումները ՏՏ ոլորտի հետ կապված նույնպես չեմ նկատում, այս աճով կյանքը չի լավանա»:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հստակեցրեց պատգամավորի դիտարկումը` եթե ասում ենք, որ հեղափոխական չէ, պետք է սկսել այն մասից, թե ո՞րը կլիներ հեղափոխական. «Չեմ կարծում, որ պետք է բազմաթիվ ռիսկեր առաջացնի կայունության տեսակետից եւ հարցականի տակ դնի փոփոխությունները։ Իհարկե, դժվար է գնահատել պահպանողական, բայց կայունության տեսակետից ռիսկեր չառաջացնող մոտեցում է. դա միակ ճանապարհն է, որը չի կարելի քննարկման առարկա դարձնել, պետք է ունենանք կայուն միջավայր եւ դա քննարկելի չէ»:
Ինչ վերաբերում է ներդրումներին, Ատոմ Ջանջուղազյանը համաձայնեց պատգամավորի հետ` թիվը չի կարեւոր, իսկ միջավայրի փոփոխություն ենթադրվում է տնտեսական հաջորդ ցիկլում. «Յուրաքանչյուր տնտեսվարող նոր միջավայրին հարմարվելու խնդիր ունի։ Այն ինչ ունենք, արդյոք, մեր հավակնությունն է: Իհարկե` ոչ, բայց 7, 8, 9 % աճի ցուցանիշին հասնելու համար պետք է ջանք գործադրենք»։
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում
Միքայել Մելքումյանը պնդեց, որ նախարարը մեկնաբանի 37-մլրդ եւ 7 մլրդ ներդրումների թվերը. «Հետհեղափոխական շրջանում ներդրումների սպասումները մեծ են լինում. նախկին էնտուզիազմը կա՞, թե՞ իջել է, նաեւ, գուցե օբյեկտիվ պատճառով։ ԱԺ-ում այնպես չէ, որ ինչ օրենք ուզեք չեք կարող անցկացնել, հիմա ի՞նչ ուզեք կարաք բերեք, բայց ասում եք դեռ պետք է հարմարվենք»:
Նախարարը էնտուզիազմի մասով հակադարձեց` ներդրումների մասին խոսելը, մտադրություն հայտնելը եւ գործողություն անելը տարբեր են. «Ինչ վերաբերում է սկզբնական փուլում խոսելուն՝ դա չի նշանակում ներդրում, ներդրում հնարավոր է միայն հաշվարկների, միջավայրն ընկալելու առումով։ Ինչքան էլ տնտեսությունը փոքր լինի, միևնույն է պետք է տեղի ունենա կարողությունների զարգացում»: Ատոմ Ջանջուղազյանը նկատեց` իհարկե, շուկան սահմանափակ է, բայց մտահոգիչ է, որ ներդրում ասելով հասկանում ենք, որ խոշորամասշտաբ մի ծրագրով ներդրում է արվում. «Մեզ պետք է կապիտալի շուկայում հաստատվել: Այդտեղ քայլեր ենք անում: Միջավայրը նպաստավոր է դառնալու ու անհամեմատ մեծ է լինելու»:
Ավելի ուշ արձագանքելով ընդդիմադիր գործընկերոջ դիտարկումներին, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատեց, որ Միքայել Մելքումյանի բերած թվերը`38,7 մլրդ-7,8 մլրդ դրամ, դրանք օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն են, որոնց վրա չի կարելի ենթադրություն կազմել, դա ստացումն ու մարումն է. «2018-ի առաջին կիսամյակում շուրջ 130 մլրդ դրամի օտարերկրյա ներդրումների ստացումներ է եղել, իսկ 2019թ-ի առաջին կիսամյակում 152,3 մլրդ, այսինքն` օտարերկրյա ներդրումների ստացումների աճը կազմել է 22,7 մլրդ դրամ, կամ 17,5%»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ