Լրահոս
Օրվա լրահոսը

Դժվարին մասնագիտությունների ցանկից հայ մասնագետի հերթական հաղթանակը

Հոկտեմբեր 28,2019 12:30

Բալետի արտիստի աշխատանքը վաղուց աշխարհում ներառված է դժվարին մասնագիտությունների ցանկում։

Արդեն շուրջ քառորդ դար է, ինչ մեր բալետի արտիստները «Առավոտի» հետ զրույցներում փաստում են, որ ազգային բալետը չի կարող զարգանալ, որովհետեւ չկան համապատասխան օրենքներ, չկան այս արվեստը խթանող ենթաօրենսդրական ակտեր։ Ավելին՝ ծիծաղելի է, բայց փաստ, բալետի արտիստի կենսաթոշակային տարիքը Աշխատանքային օրենսգրքով սահմանված է ընդհանուր հիմունքներով։ Գուցե կարիք կա արդեն որերորդ անգամ հիշեցնելու, որ մեր երիտասարդ, տաղանդավոր պարողները շուրջ 3 տասնամյակ է, ինչ զարդարում են արեւմտյան թատրոնների բեմերը, այդ թվում՝ հեղինակավոր։ Այո, շատերը հեռացել են, նաեւ ցածր վարձատրության պատճառով։ Հիշեցնենք, որ ժամանակին մեզ հետ զրույցում բալետի ճանաչված արտիստ Նինո Անանիաշվիլին նշել էր, որ վրացական կորդեբալետի արտիստների աշխատավարձը կազմում է ամսական շուրջ 500 հազար դրամ։ Այդուհանդերձ, հուսադրող է, որ բալետի իսկապես տաղանդավոր որոշ երիտասարդ արտիստներ դեռեւս հայրենիքում են եւ Հայաստանն էլ պատվով ներկայացնում են  միջազգային հարթակներում եւս։

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանի անունը արդեն ծանոթ է մեր հանդիսատեսին։ Նա գլխավոր դերապարերով 3-4 տարի է, ինչ հանդես է գալիս թատրոնի խաղացանկային գրեթե բոլոր ներկայացումներում։ 2016թ.-ից էլ մասնակցել է միջազգային տարբեր մրցույթներում՝ արժանանալով հեղինակավոր ժյուրիների ուշադրությանը։ Առաջինը Բելգիայում անցկացվող «Arabesque»-ն էր, որտեղ արտիստն արժանացավ առաջին մրցանակի։ Այնուհետեւ հաջորդեցին մրցանակներն ու դիպլոմները, նաեւ ժյուրիի հատուկ մրցանակները՝ Մոսկվայում  անցկացվող Յուրի Գրիգորովիչի անվան 13-րդ եւ Ջեքսոնում (ԱՄՆ) ավանդաբար անցկացվող մրցույթներում։ Վերջերս էլ արտիստը Հայաստանը ներկայացրել է Սոչիում անցկացված Յուրի Գրիգորովիչի անվան «Աշխարհի երիտասարդ բալետ» միջազգային մրցույթում։ 18 երկրի 82 մասնակիցների թվում հայ արտիստին շնորհվել է երկրորդ մրցանակ։ Ի դեպ, այս մասին նախօրեին տեղեկացանք «Մոսկովսկի կոմսոմոլեց» էլեկտրոնային թերթում զետեղված մշակութային լրագրող Պավել Յաշչենկոյի ծավալուն հոդվածից, որն ըստ էության մանրամասն նկարագիրն էր  այդ մրցույթի։ Հոդվածագիրը մեծ տեղ էր հատկացրել՝ ներկայացնելով մեր արտիստին։ Ի դեպ, նույն լրագրողը 2018թ. նույնպես լուսաբանել էր Մեծ թատրոնում Երեւանի օպերային թատրոնի Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացումը՝ առանձնացնելով Գիքոյի դերապարով հանդես եկած Ռազմիկ Մարուքյանին։
Մեզ հետ զրույցում արտիստը նշեց, որ ժյուրիի նախագահն էր հանրահայտ Մարինա Լեոնովան, հանձնախմբի աշխատանքներին մասնակցել են նույնպես ճանաչված դեմքեր, այդ թվում՝ Սերգեյ Ուսանովը, Վադիմ Պիսարեւը։

Հետաքրքրվեցինք՝ դասական ձեւաչափով կայացած մրցույթում, բացի համաշխարհային բալետային գրականության հեղինակներից, ընդգրկե՞լ էր գոնե  մեկ հայ կոմպոզիտորի գործ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ներկայացրել եմ 6 տարբեր համարներ՝ Բազիլի վարիացիաները Մինկուսի «Դոն Կիխոտից», «Բայադերկայից» Սոլորի վարիացիաները, Ակտեոնի վարիացիաները Պունիի «Էսմերալդայից»… Մակար Եկմալյանի  «Ամեն»-ի երաժշտությամբ էլ հանդես եկա Արման Բալմանուկյանի խորեոգրաֆիայով բեմադրված համարով»։
Նախկինում Ռազմիկ Մարուքյանը մեզ հետ զրույցում հավաստիացրել էր, որ մրցույթներից հետո ունեցել է առաջարկներ, այդ թվում՝ աշխարհահռչակ Բորիս Էյֆմանի կողմից, Չիկագոյի Joofrey Ballet-ից։ Պարզեցինք, որ Սոչիում էլ է ստացել առաջարկ՝ 2020թ. Պերմում կայանալիք Եկատերինա Մաքսիմովայի անվան «Arabesque» մրցույթին մասնակցելու համար, հենց վերջինիս տնօրեն Ելենա Զավերշինսկայայի կողմից։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ    

Լուսանկարներում՝ Ռազմիկ Մարուքյանը «Աշխարհի երիտասարդ բալետ»-ում:

«Առավոտ» օրաթերթ
26.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031