Զրույց երաժիշտների միջեւ
Ներկայացվող զրույցը երկրորդն է այս շարքից, որը փոքր քիչ արվեստագետին մոտենալու, նրան ավելի հասանելի ու մոտիկ զգալու, վարագույրներից անդին հայացք գցելու նպատակն ունի։ Ամենատարբեր ազգությունների արվեստագետների հետ շփումներից ծնված զրույցները որոշեցի փոխանցել նաև ձեզ։
Մենք չափազանց քաղաքականացված մթնոլորտներում ենք ապրում, քիչ ենք շփվում միմյանց հետ։ Բոլորս ինչ որ տեղ ենք շտապում, ժամանակը գնալով ավելի սեղմ է դառնում։ Այնինչ ՝ զրույցների շնորհիվ հետաքրքիր շերտեր են բացվում, որի արդյունքում գուցե փոքրիկ, բայց մի ոսկեհատիկ է գտնվում։ Իմ հետագա զրույցներում կլինեն նաև գրողներ, նկարիչներ, կինեմատոգրաֆիստներ, որոնց հետ կփորձեմ հասկանալ, թե ինչպես են մտածում աշխարհի ամենատարբեր կողմերում գործող արվեստագետները։
Այս անգամ իմ զրուցակիցն իտալացի հանրահայտ դիրիժոր Անտոնիո Պիրոլլին է, բարձրակարգ երաժիշտ, ում հետ աշխատել եմ շատ անգամներ և իրենից ավելին իմանալու զգացումով ծնվեց այս զրույցը։ Զրուցակիցս երկար տարիներ ղեկավարել է նաև Անկարայի, այնուհետև Ստամբուլի օպերային թատրոնները։ Ի դեպ, առաջադեմ մարդկանց հայացքները կամ մտածողությունները անկախ ազգությունից կամ ապրելավայրից ՝ հաճախ են համընկնում։ Այնուամենայնիվ ինչ-որ տեղ, ինչ-որ բան մշտապես սայթաքում է։
Կարդացեք նաև
Ն.Դ.– Սիրելի մաեստրո, ուզում եմ շնորհակալությունս հայտնել հրաշալի աշխատանքի համար, որ կատարում ենք միասին։ Սովորաբար նվագախմբի երաժիշտը նոր դիրիժորի հետ աշխատելիս, առնվազն մի քանի րոպե հետո զգում է, թե ինչպիսի՞ դիրիժորի հետ նա գործ ունի։ Դրանից կախված է լինում երաժշտի հետագա վերաբերմունքը, պահվածքը։ Նա կամ շատ արագ սկսում է ձանձրանալ, կամ՝ լրջորեն տրվում է երաժշտությունը կատարման շնորհիվ վերածննդի ընթացքին։ Ինձ համար, որպես երաժշտի, բոլորովին հետաքրքիր չէ, երբ դիրիժորը ասում է այն, ինչ գրված է իմ նոտաներում, Պիանո, Ֆորտե… մի բան, որ առանց իր օգնության՝ ես տեսնում եմ։ Կամ՝ ամեն դիրիժոր կարող է ցույց տալ ռիթմը։ Բայց դա այնքան քիչ է երաժշտությունը ապրեցնելու համար։
Ո՞րն է Ձեզ համար դիրիժորի անունը կրելու չափանիշը:
Ա.Պ. -Շատ բարդ հարց է կարճ պատասխանի համար։ Դիրիժորն առաջին հերթին երաժիշտ է, որը կանգնած է կոմպոզիտորի եւ լսարանի մեջտեղում։ Օգտագործելով նվագախումբը՝ նա երաժշտության ազնիվ թարգմանը պետք է լինի։ Սկիզբը անշուշտ պարտիտուրն է, մենք սկսում ենք այն ուսումնասիրել, հասկանալ, հետո մեր մտքերը փոխանցել նվագախմբին ու ավելի ուշ՝ լսարանին։ Երաժշտությունը, ի տարբերություն այլ Արվեստի ձեւերի, օրինակ՝ գրականություն, նկարչություն կամ ճարտարապետություն, ապրում է այդ պահին, ուստի կատարման շնորհիվ մենք երկարացնում ենք երաժշտության կյանքը, փոխանցում այն դարից դար։
Կան դիրիժորներ, որոնք իրենց դերը ավելի առաջնային են համարում, քան կոմպոզիտորին։ Սա մեծագույն սխալ է։ Նախ եւ առաջ հեղինակը, հետո նոր երաժշտության բանալին գտնողը, դիրիժորը։ Նա պետք է արժանի լինի կոմպոզիտորին։ Դիրիժորը նախ հասկացողը պետք է լինի, թե ինչն է եղել ստեղծագործողի մտահղացումը՝ գրելով այս կամ այն նրբությունները։ Նա տողերի մեջ չգրվածը, տողերի ետեւում չերեւացողը պետք է տեսնի, զգա եւ այնուհետեւ այն փոխանցի կատարողին։ Իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ, որ երաժշտությունը շատ ավելին է՝ քան այն, ինչ տեսնում ենք թղթի վրա։
Ն.Դ. – Ի վերջո երաժշտությունը աբստրակտ Արվեստ է, այդ պատճառով նույն ստեղծագործության կատարման մեկնաբանությունը այնքան տարբեր է լինում մյուսից։
Պատկերացնենք, որ Դուք ստեղծում եք նոր նվագախումբ եւ հնարավորություն ունեք ընտրելու ձեր երաժիշտներին։ Ինչպիսի՞ երաժիշտների կընտրեիք։
Ա.Պ. – Դուք շատ բարդ հարցեր եք տալիս (ծիծաղում է)։
Ն.Դ. – Մենք բարդ մարդիկ ենք, մեզ պարզ հարցերը հետաքրքիր չեն։
Ա.Պ. – Նվագախումբը մեկ մարմին է, բայց այս մարմնի մեջ ամենատարբեր օրգաններ կան։ Ամեն օրգան ունի իր կյանքը, իր բնավորությունը, վարքագիծը։ Իրոք դժվար է դիրիժորի համար համախմբել այս տարբեր մարդկանց։ Բայց, իհարկե, առաջին հերթին նա պետք է լինի լավագույն մասնագետը եւ անպայման լավ մարդ, որը իր վարքագծով չբարդացնի դիրիժորի աշխատանքի ընթացքը՝ հակառակ գնալով նրան։
Ն.Դ. – Տոսկանինին նվագախմբին ասում էր՝ «Ատում եմ ձեզ։ Դուք փշրում եք իմ երազները»։
Դուք ունեցե՞լ եք կոնֆլիկտային իրավիճակներ։
Ա.Պ. – Երբեմն հնարավոր է, որ լինեն փոքրիկ դեպքեր։ Դիրիժորն աշխատում է՝ փորձելով անել լավագույնը, բայց նա նախ եւ առաջ մարդ է եւ նույնպես կարող է սխալներ թույլ տալ կամ երբեմն վստահ չլինել իր արածի վերաբերյալ եւ այդ անվստահությունը վտանգավոր է դառնում սխալ հակազդեցության համար։ Օրինակ, նման իրավիճակում, երբ նկատում ես, որ երկու հոգի խոսում են փորձի ժամանակ եւ խոսքը երաժշտության մասին չէ, դիրիժորը մտածում է, որ ինքը ինչ-որ հարցում սխալ է։ Բայց երբ իմ աշխատանքը լավ է ընթանում, ես կարեւորություն չեմ տալիս այդ մանրուքներին։ Ամենակարեւորը՝ բարձր պրոֆեսիոնալիզմն է։
Ն.Դ. – Մեր աշխատանքը բարդ է նրանով, որ երբ բեմ ենք բարձրանում, դերասանի պես պարտավոր ենք մոռանալ, վարագույրի ետեւում թողնել ամեն բան։ Մեր խնդիրները, մտահոգությունները, մեր հոգնածությունը, մեր ներքին հարաբերությունները որեւէ կերպ չենք կարող մեզ հետ տանել բեմ։ Դա հակամասնագիտական է ու անչափ վտանգավոր երաժշտությունը ամբողջովին փոխանցելու ընթացքում սայթաքելու համար։
Ա.Պ. – Այո, դրսի կյանքը պետք է այդ պահին կանգ առնի եւ միակ իրական պահը լինի երաժշտությունը։
Ն.Դ. – Շատ պարզ մի հարց։ Ինչպես գիտեմ ձեր կենսագրությունից, Դուք դաշնակահար եք եղել։ Ի՞նչն է լինում պատճառը, որ երաժիշտը թողնում է իր գործիքը եւ մի օր որոշում է կայացնում՝ ես դիրիժոր եմ լինելու։ Գուցե երգացանկի բազմազանությո՞ւնը կամ սիմֆոնիկ երաժշտության գլուխգործոցնե՞րը հանգիստ չեն տալիս գործիքային երաժշտին։ Գուցե Ձեզ ստեղնաշարը չի՞ բավարարել։
Ա.Պ. – Իրականում ամենասկզբից ես մտադիր եմ եղել դիրիժոր դառնալ։ Իմ ակադեմիական ճանապարհը անցել եմ որպես դաշնակահար, շատ եմ նվագել կամերային ստեղծագործություններ, քառյակ, հնգյակ։ Նաեւ շատ եմ աշխատել երգիչների հետ, կրկին որպես դաշնակահար եւ ամեն անգամ իմ ականջում նույն ստեղծագործությունը հնչում էր նվագախմբի ձայնով ու ես մտածում էի՝ այ այսպես կհնչեր այն… …
Ն.Դ. – Ուրեմն Ձեր երաժշտական ընկալումը նվագախմբային է։ Իսկ եղե՞լ է ինչ-որ մեկը Ձեր կյանքում, ում հետ հանդիպումը արթնացման նման մի բան է եղել։
Ա.Պ. – Այո, եւ այդ մարդիկ անչափ կարեւոր են մեր կյանքում։ Իմ կյանքը փոխվեց, երբ Տոսկանինիի անվան դիրիժորների մրցույթում իմ հաղթանակից հետո սկսեցի սովորել մեծ երաժիշտ ու մարդ Վլադիմիր Դելմանի հետ, ով բացառապես փոխեց իմ մտածողությունը երաժշտության շուրջ։ Մինչ այդ ինձ համար երաժշտական ընկալումը այնքան էլ պարզ չէր։ Նա ինձ ցույց տվեց երաժշտությունը հասկանալու ճանապարհը, սովորեցրեց տեսնել այն ամենը, ինչ գրված չէր պարտիտուրում, տողատակերը։ Ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ, որ այո, այն ամենը, ինչ մենք տեսնում ենք, դեռ երաժշտությունը չէ։ Այն տեսածից անդին է սկսվում։
Ն.Դ. – Դուք ճամփորդում եք արեւելքից արեւմուտք, ամենատարբեր երկրներում եք աշխատում։ Հանդիպում եք տարբեր երաժիշտների եւ շփվում տարբեր լսարանների հետ։ Բացատրեք խնդրում եմ, որտեղի՞ց են գալիս այն մութ մտքերը, որ դասական երաժշտությունը ճգնաժամ է ապրում, որ Արվեստը ընդհանրապես վայրէջքի մեջ է։ Մտքեր, որոնք մշտապես գոյություն են ունեցել եւ ամեն ժամանակակցի թվացել է, որ իր ապրած ժամանակահատվածը ամենաբարդն է։ Բայց բավարար է շատ հետաքրքիր ծրագրով համերգ կամ հրաշալի օպերային բեմադրություն ներկայացնել եւ դահլիճները լեփ-լեցուն են լինում։ Ես տեսնում եմ, թե որքան գրքեր են տպագրվում, որքան մարդ է մտնում եվրոպական գրախանութներ եւ գրքեր գնում, ցուցահանդեսներ հաճախում։ Այստեղից ենթադրում եմ, որ եթե ճգնաժամային տարրեր ենք տեսնում որեւէ տեղ՝ ապա դա գուցե մեր կողմից սխալ մատուցման կամ ներկայացնելու հետ է կապված։ Գուցե թարմ մտքե՞րն են պակասել։
Ա.Պ. – Ես կարծում եմ, որ հատկապես մեդիան այսօր աշխատում է այլ ճանապարհով, հակառակ այն ամենի, ինչին ձգտում է բարձր Արվեստը, արժեքները։ Կառավարությունները բացարձակապես հետաքրքրված չեն այս ուղղությամբ։ Արվեստի համար ներդրումներ անելը չի կարեւորվում։ Նրանց առանձնապես չի հետաքրքրում այս բնագավառը։ Ըստ իս՝ այստեղ է խնդիրը։
Ն.Դ. – Կարծո՞ւմ եք, արդյոք, որ մեզ անհրաժեշտ են մշակույթի նախարարություններ։
Ա.Պ. – Նախարարություն, այո, կարող ենք ունենալ, բայց ինձ համար ամենակարեւորը ոչ թե այն ունենալն է, այլ նրա կատարած աշխատանքը։ Օրինակ, երեխաներին կրթելու, պատրաստելու հարցը։ Ես զույգ փոքրիկներ ունեմ, վեց տարեկան եւ տեսնում եմ, որ նրանք, հատկապես տարրական դասարաններում, որեւէ երաժշտական կրթություն չեն ստանում։
Ն.Դ. – Դուք Թուրքիայո՞ւմ եք ապրում։
Ա.Պ. -Այո, բայց նույնը նաեւ Իտալիայում է, ես իմ բարեկամների փորձով եմ տեսնում։
Ն.Դ. – Դուք գիտե՞ք, որն է երիտասարդ սերնդին դասական երաժշտությանը, ընդհանրապես Արվեստին մոտեցնելու եւ պահելու ճանապարհը։
Ա.Պ. – Դա նախ եւ առաջ մեծ աշխատանք է, որ պետք է տարվի։ Երեխաները մեծանում են առանց գեթ մեկ անգամ համերգի կամ օպերային ներկայացման այցելելու։ Մեծանում են առանց տարրական գիտելիքների կոմպոզիտորների կամ երաժշտության մասին ընդհանրապես։
Ն.Դ. – Չիմացողը չի կարող սիրել, մոտ լինել մի բանի, որը չի ճանաչում։ Իսկ ինչպիսի՞ն է թրքական լսարանը։
Ա.Պ. – Թրքական սերուցքը հետաքրքրված է համերգներով։ Դահլիճները լեցուն են լինում։ Երբեմն ներկայացումներ ենք անցկացնում երեք հազարանոց դահլիճներում եւ այն մշտապես լիքն է։ Տոմսերը վաճառվում են անմիջապես։
Ն.Դ. – Որեւէ ազգի ինտելեկտուալ շերտ չի կարող անտարբեր լինել արվեստի նկատմամբ։ Նրանք նաեւ լավ գրողներ ունեն, Օրհան Փամուք, Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Ի դեպ, Դոստոեւսկու հանրահայտ բառերը. «Գեղեցկությունը կփրկի աշխարհը»… Դուք հավատո՞ւմ եք այս խոսքերին։ Հարցնում եմ, որովհետեւ մեր օրերում դեռ որքան անարդար երեւույթներ կան։
Ա.Պ. – Վստահորեն հավատում եմ Դոստոեւսկուն, բայց սա այդ պահը չէ, ոչ հիմա։ Ճգնաժամը դեռ շարունակվելու է աշխարհում, է՛լ ավելի է խորանալու ու մարդիկ հասկանալու են, որ սա ճիշտ ուղին չէ։ Որքան շուտ հասկանանք, այնքան աշխարհը շուտ կփրկվի։
Ն.Դ. – Այնուամենայնիվ, մենք՝ երաժիշտներս, անում ենք մեր գործը։ Մենք սփռում ենք հոգիներ մաքրելու դեղամիջոց, երաժշտության շնորհիվ երկինքը կապում ենք հողին։ Անկախ մեզ միայն հայտնի ֆիզիկական ու հոգեւոր դժվարություններից, բարդություններից, աշխարհի խենթությունների մեջ մենք օրհնված մարդիկ ենք։ Մեր մեկ օրը Մոցարտի հետ է անցնում, հաջորդ օրը՝ Վագների կամ Մալերի, Բրամսի ու Չայկովսկու, աստվածային Բախի։ Մի քանի րոպե հետո մենք Վերդիի երաժշտությունն ենք նվագելու։ Նրանք մեր հոգեւոր հարազատներն են։ Իմ երջանկությունն է տեսնել փայլող, մաքրված, հանդարտված, բայց ոգեղենությամբ լցված, համերգներից դուրս եկող մարդկանց աչքերը։ Դա երաժշտության ուժն է ու հասկանում եմ, որ այո, մարդը մեկ օր վերադառնալու է իրեն։
Ա.Պ. – Մենք իրոք երջանիկ մարդիկ ենք, անկախ ամենատարբեր դժվարություններից։ Վերդին, օրինակ, իր ամբողջ կյանքի ընթացքում քննադատել է այդ ժամանակ տեղի ունեցող քաղաքական երեւույթները, ավստրացիներին, գերմանացիներին ու թողել է բացառիկ ժառանգություն։ Եվ նման շատ առաջադեմ մարդիկ մշտապես պայքարել են եւ ստեղծել մնայուն արժեքներ։ Մեր առաքելությունը լավ երաժշտություն մատուցելն է։
Ն.Դ. – Եվ երկու, երեք ժամ կտրել այս աշխարհից ու փոխադրել մեկ այլ աշխարհ։ Մաեստրո, քանի որ ես ցանկանում եմ մեր այս զրույցը փոխանցել հայ ընթերցողին, կուզենայի՞ք որեւէ բան ասել նրան։
Ա.Պ. – Ես անչափ սիրում եմ հայերին։ Իմ ամենամտերիմ բարեկամը հայ է, Թուրքիայում ապրող հայ։ Ես շատ հայ ընկերներ ունեմ, որովհետեւ մեր մշակույթները հեռու չեն իրարից։ Հուսանք՝ մի օր կվերանան հակադրությունները մարդկության եւ ազգերի միջեւ։
Նարինե ԴԵԼԼԱԼՅԱՆ
«Դելլալյան» եռյակի ջութակահար
«Առավոտ» օրաթերթ
26.10.2019
Հրաշալի, բարձրմասնագիտական, բարձրբարոյական և
բոլորին այսօր ամենաանհրաժեշտ զրույցն է:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ: