Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՞թե դառնալու ենք տարածաշրջանային մոխրաման

Հոկտեմբեր 28,2019 13:30

Նույն, արդեն դասագրքային ճշմարտություններ չգրելու համար, մեջբերում եմ ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի 24.10.2019-ի իր դիմամատյանում (Ֆեյսբուք) հրապարակված փոստից հատված`

– Չկա մի երկիր աշխարհում, որտեղ ծխախոտի վաճառքից հավաքված հարկերը ավելի շատ լինեն, քան դրա տված վնասը՝ դրամային արտահայտությամբ։ Պարզապես չկա նման երկիր։ Սա հատուկ ուզում եմ շեշտել ԱԺ տնտեսական հանձնաժողովի իմ գործընկերների համար, քանի որ օրենքի գլխադասային հանձնաժողով տնտեսականն է նշանակվել։

– «Աղմուկը» նման օրենքների շուրջ, թե իբր երկիրը տնտեսական վնասներ կկրի կամ տնտեսական ապոկալիպսիս կլինի, հրահրվում կամ վճարվում է ծխախոտային ինդուստրիայի կողմից, այդ թվում՝ Հայաստանում։ Ի դեպ, մեր դեպքում դրանք հիմնականում ծխախոտ ներկրողներն են։ Նրանք պատվիրում են տարատեսակ կեղծ հետազոտություններ, վճարում են ԶԼՄ-ներին ծխախոտը գովերգող կամ օրենքը եւ դրանց հեղինակներին վարկաբեկող հոդվածների համար։ Հաճախ դրանք տնտեսական ուղղվածության ԶԼՄ-ներն են, որ նրանց «կանխատեսումներն» ավելի իրական թվան։

Ծխախոտային ինդուստրիան աշխարհում ջանք չի խնայում շանտաժի, կամ այլ տարբեր «հետաքրքիր», իբր ներդրումային առաջարկների միջոցով դրդել երկրների կառավարություններին կամ խորհրդարաններին զերծ մնալ իրենց երկրի բնակչության առողջությանը միտված, հակածխախոտային օրենքներ ընդունելուց։ Հուսով եմ՝ մեր կառավարությունն ու Ազգային ժողովը զերծ կմնան նման ազդեցություններից եւ մանիպուլյացիաներից։

Եվս մի մեջբերում ՌԴ առողջապահության փոխնախարար Սեմյոնովայի հոդվածից: «Ռեստորանների եւ սրճարանների վնասը միֆ է,-ասում է  ՌԴ առողջապահության փոխնախարարը՝ փակ տարածքներում ծխելու արգելքի մասին ու նշում,- վիճակագրությունը ցույց է տալիս, որ ռեստորաններն ու բարերը որեւէ վնաս չեն կրում փակ տարածքներում ծխելը արգելելու դեպքում։ Դա տեղի չունեցավ ոչ Ռուսաստանում, ոչ Շոտլանդիայում, որտեղ ծխելն արգելված է նույնիսկ գարեջրատներում»:

Մի քանի ամիս առաջ Երեւանում կայցած հանդիպման ժամանակ հարեւան Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիձեն պատմեց, թե ինչ դժվարությամբ հաջողվեց ընդունել հակածխախոտային օրենքը, որով պետք է արգելվեր ծխելը փակ հանրային տարածքներում եւ օրենքի ընդունման ընդդիմախոսները խոսքը խոսքի կրկնում էին բոլոր այն փաստարկները, որոնք հնչել են բոլոր երկրներում, հատկապես շեշտ դնելով իբր լուրջ տնտեսագիտական վնասների վրա, որոնցով հղի է այդ օրենքի ընդունումը: Վրաստանը արդեն 2 տարի ապրում է այդ օրենքով եւ պետական  եկամուտների ոչ մի նվազում տեղի չի ունեցել:

Վերադառնանք Հայաստան: Վերջերս իմացա, որ առողջապահության նախարարության կողմից մշակված եւ կառավարության կողմից հավանություն ստացած հակածխախոտային օրենքի նախագիծը ԱԺ-ում մակագրվել է ոչ թե ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովին, այլ՝ տնտեսական:

Ի՞նչ է սա նշանակում: Միանշանակ, սա կարող է մեկնաբանվել որպես օրենքի նախագծի տապալման փորձ:

Իհարկե, հասկանալով, որ ԱԺ-ի առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահը չի կարող այս օրենքի նախագծին դեմ լինել, քանի որ հարվածի տակ կդնի իր բժիշկ լինելու հեղինակությունը,  նախագիծը մակագրվեց տնտեսական հանձնաժողովին այն հիմնավորումով, որ պետք է հետազոտել, արդյոք օրենքը ուժի մեջ մտնելուց հետո` չի՞ տուժի Հայաստանի տնտեսությունը:

Հիմա դիմում եմ մեր հարգելի ԱԺ-ի ղեկավարությանը եւ պատգամավորներին` հակածխախոտային օրենքների ընդունումը խոչընդոտելու փորձեր արվել են բոլոր, առանց բացառության, երկրներում եւ առանց բացառության դրա հետեւում կանգնած է եղել ծխախոտագործ արդյունաբերությունը: Բավականին հեշտ հայտնի են դառնում իրենց լոբբիստները իշխանության մեջ եւ անունները հրապարակվում են: Հայտնի է դառնում նաեւ այն, թե ինչ շարժառիթների պատճառով է իրականացվել լոբբինգը: Ամենատարածված պատճառը լինում է կաշառքը, երբեմն երկարամյա աշխատանքը հենց ինդուստրիայում եւ նրա հետ սերտաճվածությունը:

Հարգելի իշխանության մեջ գտնվող մեր գործընկերներ, չէ՞ որ մենք գիտենք, որ դուք բարձր բանականության տեր մարդիկ եք, աշխարհ տեսած եւ չենք կասկածում, որ  ազգասեր եք:  Չէ՞ որ երբեք չենք հավատա, որ դուք իրոք կարծում եք, որ հակածխախոտային օրենքը ընդունելուց հետո Հայաստանը ունենալու է որեւէ պետեկամուտների նվազում եւ շարունակել բռնվելը այս կեղծ օրակարգից միանշանակ մեկնաբանվելու է, որ դուք գիտակցաբար կամ թեկուզ միամիտ, բայց ուղղորդվել եք ծխախոտային արդյունաբերության կողմից: Եթե Հայաստանում ոչ բոլորը կարող են այս հարցում պարզ զուգահեռներ տանել, ապա զարգացած երկրների ձեր գործընկերները, ՄԱԿ-ի, ԱՀԿ-ի եւ այլ միջազգային կառույցների ներկայացուցիչները միանշանակ հենց այդպես էլ մեկնաբանելու են ձեր կողմից հակածխախոտային օրենքների խոչընդոտումը:

Դա աննկատ չի անցնելու եւ ինչ-ինչ ոչ անաչառ պատճառներով դուք կպղտորեք ձեր մինչեւ հիմա անբիծ անունը եւ հեղինակությունը, այն էլ դուք, որ ոչ մի դեպքում չեք ցանկանում կապված լինել նախկին կոռումպացված իշխանությունների հետ, ձեզանից մեծ մասը բերեց մեզ այդքան երկար ու սպասված նոր Հայաստանը:

Խնդրում եմ, մի արեք այդ բանը, նպաստեք օրենքի ընդունմանը եւ մի քանի տարուց հետո բոլորս կտեսնենք այն դրական գործընթացները, որոնք տեղի են ունեցել բոլոր նմանատիպ օրենքներ ընդունած երկրներում եւ տեղի կունենան նաեւ Հայաստանում, եւ դուք կմտնեք Հայաստանի պատմության մեջ որպես Ազգային ժողով, որը ընդունեց մեր երկրի համար ճակատագրական օրենքը:

 

Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԱՆ ԱԱԻ գլխավոր խորհրդական
«Առավոտ» օրաթերթ
26.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031