2020թ․ պետբյուջեում կրթության ֆինանսավորման համար հատկացվող միջոցների ծախսման արդյունավետության բարձրացման նպատակով Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն առաջարկում է՝
1․ Դպրոցների ֆինանսավորման բանաձև
Ապահովել հանրակրթական դպրոցների ֆինանսավորման բանաձևով հաշվարկված գումարի և փաստացի ստացվող միջոցների համապատասխանությունը։ Մարզպետարանների կողմից վերաբաշխումները կամայական բնույթ են կրում, իսկ գործող ֆինանսավորման բանաձևը` ձևական բնույթ։ Արդյունքում, օրինակ՝ տվյալ դպրոցի համար նախատեսված 83 միլիոն դրամի փոխարեն դպրոցը ստանում է 68 միլիոն դրամ և միջոցների սղություն ունեցող դպրոցները հայտնվում են ֆինանսական ավելի սուր կարիքի մեջ։
Առաջարկում ենք նաև ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագծում հստակեցնել հանրակրթության ֆինանսավորման պետական քաղաքականությունը:
Կարդացեք նաև
2․ Ուսուցիչների դրույքաչափի որոշման թափանցիկություն
Ապահովել մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ուսուցիչների մեկ հաստիքի դրույքաչափի մասին որոշումների ընդունման ընթացակարգի թափանցիկությունն ու հիմնավորվածությունը։ ՀՀ պետական բյուջեի հաշվարկների համար օգտագործվում է մեկ դրույքի դիմաց մոտավորապես 153000 դրամ մեծությունը, սակայն հանրակրթական ուսումնական հաստատություն հանդիսացող ՊՈԱԿ-ները մեկ դրույքի դիմաց սահմանում են վճարի այլ մեծություն: Օրինակ` Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում Երևանի քաղաքապետարանը շրջաբերական նամակով սահմանում է մեկ դրույքի դիմաց սահմանվելիք մեծությունը:
Առաջարկում ենք հստակեցնել ուսուցիչների վարձատրության բնագավառում կառավարության քաղաքականությունը (օրինակ՝ արդյոք ուսուցչական մեկ դրույքն ընդգրկում է միայն 22 դասաժամ, թե դասղեկություն, գրավորների ստուգում և այլն)։
3.Կրթության որակի որոշման չափանիշներ
Կրթության որակի բարելավման հետ կապված խնդիրների արտացոլումը 2020թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում բավարար չէ: Անհրաժեշտ է հանրակրթական դպրոցների ֆինանսավորման բանաձևը, ֆինանսական խրախուսման բոլոր գործիքները կապել կրթության որակական ցուցանիշների և չափանիշների հետ։
Տարիներ շարունակ պաշտոնական փաստաթղթերում նշվում է և պետական պաշտոնյաները խոսում են կրթության և հանրակրթության որակի բարելավման անհրաժեշտության մասին, հայտարարում են, որ այս կամ այն միջոցառման իրականացման արդյունքում կբարելավվի կրթության որակը, սակայն չեն ներկայացնում իրենց տեսակետը, թե ինչ ցուցանիշների օգնությամբ են չափում կամ գնահատում կրթության որակը: Ծրագրային բյուջետավորման ներդրման շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ-ն (նախկինում ԿԳՆ) ներմուծել է «Գիտելիքների ստուգման արդյունքում սովորողների միջին գնահատականը»: Չնայած ՀՀ կառավարության 2020թ. բյուջետային ուղերձի համաձայն «Հանրակրթության ոլորտում կշարունակվեն հիմնական բարեփոխումները, որոնց նպատակն է միջնակարգ կրթության որակի բարձրացումը», իսկ ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագիծը «Հանրակրթություն» ծրագրի գրեթե բոլոր միջոցառումների գծով ֆինանսավորման աճ է նախատեսում, ինչի արդյունքում կավելանա մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորումը և ինչն էլ իր հերթին թույլ կտա բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, չի նշվում, թե ինչպես է ֆինանսավորման աճը բարելավելու կրթության որակը և ինչպես է ՀՀ ԿԳՄՍՆ-ն չափում կրթության որակը:
Տարրական ընդհանուր և հիմնական ընդհանուր հանրակրթության համար կատարվող հատկացումները և մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորումն ավելանում է, հասնելով համապատասխանաբար 153501 և 229342 դրամի, դա որևէ կերպ չի ազդելու կրթության որակը բնութագրող վերը նշված ցուցանիշի վրա[1]:
Վերը նշված և մի շարք այլ միջոցառումների դեպքում ՀՀ ԿԳՄՍՆ-ն օգտագործում է «Գիտելիքների ստուգման արդյունքում սովորողների միջին գնահատականը» ցուցանիշը, սակայն չի մանրամասնում, թե արդյոք այն օգտագործվում է կրթության որակը բարելավելու նպատակով: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից հրապարակված «ՀՀ կրթության համակարգի պետական ֆինանսավորման հիմնական խնդիրները» զեկույցում նշվել է (հասանելի է ), որ տարիներ շարունակ այդ ցուցանիշը հաստատվում է նույն մակարդակում (տես վերը նշված զեկույցի հավելված 3-ը):
Վերը նշվածով պայմանավորված անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացնի հետևյալ հարցերի պարտասխանները.
- Արդյոք «Գիտելիքների ստուգման արդյունքում սովորողների միջին գնահատականը» ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծում օգտագործվում է որպես կրթության որակի չափման ցուցանիշ:
- Ինչ ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքում է «Գիտելիքների ստուգման արդյունքում սովորողների միջին գնահատականը» ընտրվել որպես կրթության որակի չափման ցուցանիշ:
- Արդյոք «Գիտելիքների ստուգման արդյունքում սովորողների միջին գնահատականը» կրթության որակը բնութագրող միակ ցուցանիշն է, որը պատրաստվում է օգտագործել ՀՀ ԿԳՄՍՆ-ն, թե ունի նաև այլ ցուցանիշներ: Եթե ԿԳՄՍՆ-ն ունի այլ ցուցանիշներ, առաջարկում ենք դրանք ներկայացնել և դիտարկել ՀՀ պետական բյուջեում ներառելու հնարավորությունը:
- Ունի՞ արդյոք ՀՀ ԿԳՄՍՆ-ն «Գիտելիքների ստուգման արդյունքում սովորողների միջին գնահատականը» մոնիտորինգի ենթարկելու կարողություն և մեխանիզմներ:
- Ինչպե՞ս է ստացվում, որ վերջին մի քանի տարիներին ՀՀ ԿԳՄՍՆ-ն ճշգրտությամբ ապահովում է «Գիտելիքների ստուգման արդյունքում սովորողների միջին գնահատականը»-ի պլանային ցուցանիշը (պլանային և փաստացի ցուցանիշները համընկնում են):
- Եթե ՀՀ ԿԳՄՍՆ-ն կարողանում է ապահովել «Գիտելիքների ստուգման արդյունքում սովորողների միջին գնահատականը» ցուցանիշը, ինչու՞ հաջորդ տարիների համար չի սահմանվում ավելի բարձր նպատակային ցուցանիշ (օրինակ՝ 13-ի փոխարեն 13.1):
- Եթե ՀՀ ԿԳՄՍՆ-ն որպես կրթության որակի բարելավման ցուցանիշ է օգտագործում «Գիտելիքների ստուգման արդյունքում սովորողների միջին գնահատականը», ապա բյուջետային փաստաթղթերը տեղեկատվություն չեն ներկայացնում այն մասին, թե ինչ ծավալի լրացուցիչ ֆինանսավորում է հարկավոր կրթության որակը 1%-ով բարելավելու համար (13-ից 13.13 հասցնելու համար):
4․ Կրթության որակի բարելավման ֆինանսական գործիքներ
Բարելավել դպրոցի ֆիզիկական պայմանները։
ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագիծը ներառում է հանրակրթությանը վերաբերող ծրագրեր և միջոցառումներ, որոնք արտացոլված են այլ ծրագրերում: Օրինակ, «Ապահով դպրոց» ծրագիրը (1183), ներառում է «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառումը (32003), իսկ «Կրթության որակի ապահովում» ծրագիրը (1192) ներառում է «Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Կրթության բարելավման ծրագիր» ծրագրի շրջանակներում կապիտալ ներդրումներ ավագ, միջնակարգ և հիմնական դպրոցներում և կրթության ոլորտի կազմակերպություններում (ԿՏԱԿ)» (32002), սակայն երկու դեպքում էլ չի նշվում, թե որ համայնքներում են կառուցվելու այդ դպրոցները և ինչպես է որոշվել, որ դա կրթության կազմակերպման ամենից արդյունավետ եղանակն է:
Առաջարկում ենք «Ապահով դպրոց» ծրագրի (1183) բոլոր միջոցառումները ներառել «Հանրակրթություն» ծրագրում և ներկայացնել այն համայնքների և դպրոցների ցանկը, որտեղ նախատեսվում դպրոցի կառուցում, հիմնանորոգում և նորոգում:
Խրախուսել բարձր արդյունավետություն և որակ ապահովող ուսուցիչներին։
ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագիծը ներառում է հանրակրթությանը վերաբերող ծրագրեր և միջոցառումներ, որոնք արտացոլված են այլ ծրագրերում: Օրինակ, «Կրթության որակի ապահովում» ծրագիրը (1192), ներառում է «Կրթության բովանդակային և մեթողական սպասարկում», «Կրթության ոլորտում ՏՀՏ ներդրում և շարունակականության ապահովւմ», «Գնահատման և թեստավորման ծառայություններ», «Ատեստավորման նոր համակարգի ներդրում՝ ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը», «Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագիր», և միջոցառումը (համապատասխանաբար 11006, 11008, 11009, 11010, և 11011 միջոցառումները), որոնք վերաբերում են հանրակրթությանը:
Առաջարկում ենք «Կրթության որակի ապահովում» ծրագրի (1192) հանրակրթությանը վերաբերող բոլոր միջոցառումները ներառել «Հանրակրթություն» ծրագրում (1146):
Հանրակրթական դպրոցների ֆինանսավորման միջոցով կրթության որակի բարձրացման խթաններ ստեղծելու նպատակով ստեղծել մի քանի ֆինանսական և այլ խրախուսական գործիքներ (լրացուցիչ ֆինանսավորման առանձին տող), որոնք պետք է լինեն չափելի և հենված լինեն հետևյալ չափանիշների՝
- ուսուցիչների ծանրաբեռնվածության վերաբաշխումը (օրինակ` հանրակրթական դպրոցների ուսուցիչների մեկ դրույքը 22 ժամից դարձնել 18 ժամ՝ պահպանելով դրույքաչափի համար նախատեսված գումարը, հանրակրթական դպրոցների դասարանների համալրման համար հիմք ընդունել 25-ից 30 աշակերտների թիվը՝ ավագ դպրոցում, իսկ տարրական և միջին դպրոցում 35-ից՝ 25, ինչը նույնպես կազդի կրթության որակական արդյունքի վրա)
- նորարարական մոտեցումների կիրառումը և ոչ անհրաժեշտ թղթաբանության կրճատումը,
- տնօրենների կողմից կրթության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
- աշակերտների կողմից առաջադիմության, գիտելիքների և հմտությունների ձեռքբերման լավ արդյունքները,
- դպրոցներում երկարօրյա ծառայությունների ապահովումը՝ ուսուցիչների ծանրաբեռնվածության վերաբաշխման, դրույքի համալրման և ֆինանսական այլ խրախուսման խթանների ստեղծման միջոցով,
- կրթության որակին նպաստող մասնակցային և համագործակցային պրակտիկաների կիրառումը, դպրոցի կառավարման խորհրդի, մանկավարժական խորհրդի և մյուս խորհուրդների աշխատանքի արդյունավետությունը,
- կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված ուսուցմամբ փորձնական դասաժամերի կազմակերպումը,
- տնօրենների կողմից արդյունավետ վարչարարական մոտեցումների կիրառումը։
5․ Օժանդակություն դպրոցների վարչարարությանը
Հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման արդյունավետության բարձրացման, տնօրենների վարչարարությանն օժանդակելու և դրա արդյունքում ուսուցման որակին ավելի շատ ժամանակ հատկացնելու նպատակով ձևավորել համայնքային կամ տարածքային մասնագիտացված կառույցներ, որոնց ծառայություններից կարող են պարբերաբար օգտվել դպրոցները՝ ստանալով մասնագետների աջակցություն ընթացիկ սպասարկման, վերանորոգման կամ այլ աշխատանքների համար։
6.Առանձին ծրագրերի և միջոցառումների մոնիտորինգ
«Դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» միջոցառման շրջանակներում նախատեսվում է 44 խմբակի կրճատում (74-ից՝ 30 խմբակ) և 328 լաբորատորիայի ավելացում (348-ից՝ 676), սակայն չի ներկայացվում խմբակների թվի կրճատման պատճառը:
Առաջարկում ենք հստակեցնել խմբակների և լաբորատորիաների ֆինանսավորման սկզբունքներն ու չափանիշները` հրապարակելով ֆինասնավորված դպրոցների ցանկը և հնարավորություն ստեղծելով մշտադիտարկել դրանց աշխատանքը:
7.Մարզային դպրոցները մանկավարժական կադրերով համալրում
Չնայած ՀՀ կառավարության 2020թ. բյուջետային ուղերձը նշում է, որ «Շարունակվելու են ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերը մանկավարժական կադրերով համալրելու աշխատանքները», ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագիծն այդ աշխատանքների համար միջոցառում չի նախատեսում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «շարունակվելու են» ձևակերպումը նշանակում է, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն (նախկինում ՀՀ ԿԳՆ-ն) նախկինում արդեն իսկ ջանքեր է գործադրել այս ուղղությամբ, խնդրում ենք ներկայացնել հետևյալ տվյալները.
- Վերջին 5 տարիներին հանրապետության ո՞ր դպրոցներն են համալրվել մանկավարժական կադրերով:
- Դպրոցները մանկավարժական կադրերով համալրելու համար ի՞նչ է արել ՀՀ ԿԳՄՍՆ-ն (նախկինում ՀՀ ԿԳՆ-ն):
- Ի՞նչ լրացուցիչ ֆինանսական միջոցներ են հատկացվել այդ նպատակով:
- ՀՀ բոլոր դպրոցներում ՀՀ ԿԳՄՍՆ (նախկինում՝ ՀՀ ԿԳՆ) կողմից հաստատված ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաները որակավորված մասնագետների կողմից դասավանդելու համար լրացուցիչ քանի՞ ուսուցիչ է հարկավոր (ի լրումն դպրոցներում արդեն իսկ աշխատող, պահանջվող որակավորումն ունեցող մասնագետների): Ինչ միջոցառումներ է ՀՀ ԿԳՄՍՆ-ն իրականացում դպրոցները որակյալ մանկավարժական կադրերով համալրելու համար, ինչպես են այդ ծրագրերն արտացոլված 2020թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում և ինչ ֆինանսական միջոցներ են նախատեսված դրա համար:
8.Տարրական դասարանների աշակերտներին սննդով ապահովում
Չնայած ՀՀ կառավարության 2020թ. բյուջետային ուղերձում նշվում է, որ «հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված երեխաների սննդով ապահովման գծով նախատեսվել է 1658.7 մլն դրամ» բյուջեի նախագծի հավելվածներում այդ ցուցանիշը առանձին չի ներկայացված, ինչը նշանակում է, որ չեն լինելու առանձին հաշվետվություններ, ինչն էլ իր հերթին դժվարացնելու է այս միջոցառման մշտադիտարկումը:
Առաջարկում ենք առանձին ներկայացնել սննդով ապահովման վերաբերյալ տեղեկատվությունը և տալ անհրաժեշտ տվյալներ, միջոցառման կատարումը մոնիտորինգի ենթարկելու համար: Առաջարկում են նաև հստակեցնել ուսումնական հաստատություններում գործող նախակրթարանների մեկ երեխային հատկացվող գումարի չափը:
9.Դասագրքերով ապահովում
ՀՀ կառավարության 2020թ. բյուջետային ուղերձի և հավելվածների համաձայն «Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում» միջոցառման ֆինանսավորումը նվազել է 297.6 մլն դրամի չափով (2019թ. սպասվող 1077.9 մլն դրամից նվազեցվում է 780.3 մլն դրամ), սակայն չկա նվազման պատճառների բացատրությունը:
Առաջարկում ենք ներկայացնել տեղեկատվություն, թե ինչու է նվազել «Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում» միջոցառման ֆինանսավորումը:
- Հանրակրթությանն առնչվող մի շարք ծրագրեր ու միջոցառումներ ներկայացված են որպես առանձին ծրագիր կամ որպես միջոցառում այլ ծրագրերում: Մասնավորապես, «Ապահով դպրոց» ծրագիրը (1183), որի անվանումն արդեն իսկ հուշում է, որ այն վերաբերում է հանրակրթությանը: Հանրակրթությանը վերաբերող մի շարք միջոցառումներ են նախատեսված նաև «Կրթության որակի ապահովում» ծրագրում (1192):
Առաջարկում ենք ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագծի տարբեր ծրագրերում ներառված, հանրակրթությանը վերաբերող բոլոր միջոցառումները տեղափոխել «Հանրակրթություն» ծրագիր, ինչը թույլ կտա ավելի լիարժեք պատկերացում կազմել հանրակրթության բնագավառում պետության կողմից տարվող պետական ֆինանսական կառավարման քաղաքականության վերաբերյալ:
10.Նոր մանկավարժական ծրագրերի ներդրում
Բյուջետային փաստաթղթերից հասկանալի չէ «Նորարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» միջոցառման «Այլ դպրոցներում տեղայնացված ծրագրերի թիվը» ցուցանիշը: Հասկանալի չէ, թե արդյոք խոսքը գնում է յուրաքանչյուր տարի 14 նոր դպրոցում նոր ծրագրի տեղայնացման մասին, թե դրանք յուրաքանչյուր տարի նոր դպրոցներ են, կամ «հին» դպրոցներում տեղայնացված նոր ծրագրեր: Այս միջոցառման նպատակահարմարությունը հատկապես կասկածելի է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն դադարեցրել է ուսուցիչների վերապատրաստումը:
Վերը նշվածով պայմանավորված անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ ԿԳՄՍՆ-ն տեղեկատվություն հրապարակի այն մասին, թե արդյոք խոսքը վերաբերում է յուրաքանչյուր տարի 14 նոր դպրոցում նոր ծրագրի տեղայնացման մասին, թե դրանք յուրաքանչյուր տարի նոր դպրոցներ են, կամ «հին» դպրոցներում տեղայնացված նոր ծրագրեր:
11.Կրթության և մշակույթի ինտեգրում
ՀՀ կառավարության 2020թ. բյուջետային ուղերձի համաձայն ակնկալվում է, որ «Նախադպրոցական այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման ներդրման արդյունքում «գյուղական համայնքի փոքրաթիվ դպրոցները վերածել կրթամշակութային կենտրոնների»: Սակայն ՀՀ ԿԳՄՍՆ ինտերնետային կայքում չկա որևէ փաստաթուղթ այն մասին, թե ինչպես է դա արվելու, ինչը դժվարացնելու է գյուղական համայնքի փոքրաթիվ դպրոցները կրթամշակութային կենտրոնների վերածելու ՀՀ ԿԳՄՍՆ հանձնառության կատարման մշտադիտարկումը և դրա արդյունքների գնահատումը (դարձել են արդյոք այդ դպրոցները կրթամշակութային կենտրոններ), հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադպրոցական դաստիարակությունը, որի շրջանակներում երեխաները այցելում են երգ-երաժշտության, պարի, արտասանության, ձեռագործ արհեստների խմբակներ և այդպիսով առնչվում ազգային և համաշխարհային մշակույթին, ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագծում ներկայացվում է որպես առանձին ծրագիր (առաջանալու է կրթական և մշակութային գործառույթները համակարգելու անհրաժեշտություն, ինչը մինչև հիմա չի հաջողվել):
Առաջարկում ենք ներկայացնել տվյալներ այն մասին, թե ինչպես են գյուղական համայնքի փոքրաթիվ դպրոցները վերածվելու կրթամշակութային կենտրոնների, ինչ մեխանիզմներ և միջոցառումներ են նախատեսվում դրա համար և ինչ ֆինանսական միջոցներ են հատկացվում:
Կրթական քաղաքացիական նախաձեռնություն
2020թ. պետբյուջեի կրթության ֆինանսավորման մասին ԿՔՆ դիրքորոշումը մշակվել է Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամների, աշխատանքային խմբերում ներգրավված ուսուցիչների և տնօրենների, «Կրթություն և համերաշխություն» արհմիության անդամների, հանրային ֆինանսների մասնագետների և կրթական համակարգի այլ շահառուների մասնակցությամբ մասնակցային քննարկումների արդյունքում։
[1] Բացառությամբ մասնագիտացված հանրակրթության (տարրական, հիմնական և միջին մասնագիտացված հանրակրթություն, համապատասխանաբար 11010, 11011 և 11012 միջոցառումներ) մնացած բոլոր միջոցառումների դեպքում կրթության որակի բարելավում չի նախատեսում: