Կոմիտասի անվան պանթեոնում պատասխանելով լրագրողների հարցին, թե արժե՞ Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացել, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց. «Գիտեք չէ՞, որ մենք քսան տարի պայքարել ենք գործի կոծկման դեմ, քսան տարի զբաղված ենք եղել նրանով, որ դատապարտել ենք իշխանություններին, որ նրանք այդ գործը փակել են: Կազմակերպիչների մասով այդ գործը փաստորեն անջատեցին, իսկ հետո մոռացության մատնեցին: Այսինքն, մեր պայքարը այս տարիների ընթացքում նաեւ ուղղված է եղել այդ խնդիրը լուծելուն: Եվ, բնականաբար, այդ գործը պետք է վերջապես վերանայվի, գտնվեն իրական կազմակերպիչները ու պատժվեն: Կարող եմ ասել, որ այս 20 տարվա մեջ հոկտեմբերի 27-ը եւ մարտի 1-ը ամենածանր ողբերգական հարվածն են եղել մեր պետականությանը, եւ երկու գործն էլ պետք է իսկապես վերաբացվեն: Մարտի 1-ն արդեն վերաբացվել է եւ ընթացքը մենք տեսնում ենք: Մեր պետությունը չի կայանալու որպես նորմալ պետություն, մինչեւ հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի հարցերին վերջնական պատասխան չտանք»:
Aravot.am-ի հարցին, թե հնարավոր կարեւոր ցուցմունքներ տալու պայմանով Նաիրի Հունանյանին ազատ արձակելու տարբերակ տեսնո՞ւմ է, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե այստեղ հնարավոր է առեւտուր, չեմ կարծում, թե հնարավոր է գնալ նման առեւտրի: Բոլորը պետք է պատժվեն»: Երբ հիշեցրին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությունը, թե ինքը պատրաստ չէ Նաիրի Հունանյանին ազատության մեջ տեսնել, քանի դեռ Նաիրի Հունանյանը չի համագործակցել նախաքննական մարմնի հետ, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց.«Իմ կարծիքն այդպես չէ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ