Կոմիտասի անվան պանթեոնում Կարեն Դեմիրճյանի շիրիմի մոտ նրա որդին՝ Ստեփան Դեմիրճյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե որոշվել է Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացել, ասաց. «Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու որոշում չկա, սակայն կա հասարակական հսկայական պահանջ: Ես մի քանի անգամ արդեն նշել եմ, որ նույնիսկ 20 տարի անց դրա հասարակական պահանջն էլ ավելի է ուժեղացել: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ժողովուրդը տեսնում է, որ նոր իշխանությունը բացահայտում է պետության դեմ կատարած հանցագործությունները, ունի քաղաքական կամք, կաշկանդված չէ: Մարդիկ ակնկալում են, որ իշխանությունը նաեւ կանդրադառնա Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, ամեն ինչ կանի ամբողջական բացահայտումը ապահովելու համար: Քչերն են հավատում, որ այդ ոճրագործների հետեւում այլ ուժեր կանգնած չեն եղել: Դատավարությունը չտվեց բազմաթիվ հարցերի պատասխաններ, եւ մինչ օրս էլ կասկածները չեն փարատվել»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ցմահ ազատազրկման 20 տարին լրանալուց հետո Նաիրի Հունանյանը դիմում է գրել, հնարավո՞ր է, որ իշխանությունը նրան ազատ արձակի, Ստեփան Դեմիրճյանը հակադարձեց. «Այդ հարցը շատ են տվել այսօր: Ուզում է՝ դիմում գրի, ուզում է՝ խոսի, ուզում է՝ չխոսի, նա մինչեւ կյանքի վերջը պետք է անցկացնի բանտում: Հանցագործություններ կան, որ չեն ներվում եւ հասարակությունը երբեւէ չի ների այդ հանցագործին: Եվ եկեք փակենք այս թեման»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ