Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռական մենակը

Հոկտեմբեր 27,2019 12:00

Հայաստանում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ու առաջնորդած թավշյա հեղափոխությունը չափազանց հեշտ ու չափազանց անսպասելի հաղթանակի հասավ: Արդեն կարող ենք ասել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության օրոք ավելի շատ բարդությունների ու դժվարությունների է հանդիպում: Հավասարապես թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականության ասպարեզում: Փաշինյանի «Իմ քայլը», որ հեղափոխության սկզբից մինչեւ վերջ աչքի ընկավ ոչ միայն աներեւակայելի ու անմնացորդ «դուխով», այլեւ թիմային նախանձելի համերաշխությամբ ու միասնականությամբ, իշխանության անցնելուց հետո անսպասելի ու չնախատեսված բարդությունների ու անակնկալների է հանդիպում՝ Ամուլսարից սկսած եւ Օսիպյանի ու Վանեցյանի գուցեեւ չնախատեսված հրաժարականներով վերջացրած:

Աշխարհաքաղաքական նշանակությամբ ու մասշտաբներով Հայաստանը չափազանց փոքր երկիր է, իսկ տարածքային չափերով կարելի է նույնիսկ ասել՝ չնչին, բայց կյանքը ցույց է տվել եւ այսօր առավել եւս շարունակում է ցույց տալ, որ այս փոքրի հետ նույնիսկ ամենամեծերն են լրջորեն հաշվի նստում՝ ներառյալ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, որովհետեւ երկուսն էլ Հայաստանից համապատասխան ու լուրջ սպասելիքներ ու ակնկալիքներ ունեն՝ հատկապես արտաքին քաղաքականության առումով, եւ այդ է պատճառը, որ թե՛ Թրամփը եւ թե՛ Պուտինը առիթը բաց չեն թողնում հանդիպելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Կարճ ասած՝ պստիկ ենք, բայց ճստիկ ենք: Սինգապուրի պես: Վստահ կարող ենք ասել, որ տարածաքային առումով Հայաստանից շատ ավելի մեծ երկրներ Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների համար Հայաստանի կեսի չափ հետաքրքրություն չեն ներկայացնում:

Այսուհանդերձ, արտաքին քաղաքականության բարդություններից բացի, Նոր Հայաստանի իշխանություններին սպառնում են նաեւ հետհեղափոխական իրավիճակների բարդությունները, որոնք առաջանում են երբեմն սեփական թիմում հայտնված անսկզբունքային որոշ թիմակիցների չնախատեսված ու դավաճանական սյուրպրիզների պատճառով, իսկ երբեմն նույնիսկ թիմակիցների չափից ավելի անդավաճանությունն ու հավատարմությունն է անհարմարության եւ նույնիսկ խայտառակության պատճառ դառնում. տեղին է հիշել եւ նշել Հասմիկ Պապյանի հետ կատարվածը, երբ վարչապետ Փաշինյանի անվտանգության պատասխանատուները վարչապետի անվտանգությունն ապահովելու նկատառումով՝ թույլ չէին տվել, որ օպերային գերաստղ Հասմիկ Պապյանը մտնի Օպերայի շենք՝ ներկայացման:

Ահա այսպիսի՝ արտաքուստ ծիծաղելի բաներ, որոնք միայն արտաքուստ են ծիծաղելի եւ ծիծաղ կարող են առաջացնել միայն նրանց մոտ, ովքեր մակերեսորեն են վերաբերվում Հայաստան կոչվող պետությանն առնչվող հարցերին, մինչդեռ նրանց մոտ, ովքեր սրտացավորեն ու լրջորեն են վերաբերվում հետհեղափոխական՝ Նոր Հայաստանին առնչվող հարցերին, նման օպերային «էպիզոդները» միայն տխրություն կարող են պատճառել:

Կարճ ասած՝ Փաշինյան Նիկոլին խանգարողները շատ են, օգնողները՝ քիչ: Խանգարողներից շատերն այսպես՝ անգիտորեն ու առանց հասկանալու են խանգարում, շատերն էլ՝ հակահեղափոխականներն ու հականիկոլականները, գիտակցաբար ու միանգամայն հասկանալով են խանգարում Նոր Հայաստանի հիմնադիր ու վարչապետ Փաշինյան Նիկոլին, ով Նոր Հայաստանի ողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա եւ որեւէ մեկից օգնություն ու աջակցություն չի սպասում ու ակնկալում՝ ոչ թիմակիցներից ու յուրայիններից, եւ ոչ էլ, բնականաբար, հակառակորդներից ու հակահեղափոխականներից, եւ այս իմաստով Փաշինյան Նիկոլն էապես ու արմատապես տարբերվում է գրեթե բոլոր քաղաքական գործիչներից, ովքեր հատկապես ամենակարեւոր ու սկզբունքային հարցերում մշտապես խուսափում են պատասխանատվությունից: Վարչապետ Փաշինյան Նիկոլը գրեթե բոլոր հարցերում է պատասխանատվությունն անմնացորդ իր վրա վերցնում, եւ բնականաբար նույնն է պահանջում նաեւ իր թիմակիցներից, որոնցից շատերի «դուխը» չի հերիքում իրենց առաջնորդի պարզած նշաձողի բարձրությունը պահելու համար՝ հատկապես մարտի 1-ի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հարցերում, ում մեջքին Պուտինն է անթաքույց կանգնած, մինչդեռ Պուտինի այս աջակցությունը Փաշինյանին բացարձակապես չի խեղճացնում ու հետ չի պահում իր սկսածը մինչեւ վերջ շարունակելու վճռականությունից:

Եղավ մի պահ, երբ Փաշինյանի թիմում Վանեցյանն ու էլի մի քանիսն իրենց առաջնորդի հետ գրեթե հավասարապես կիսում էին պատասխանատվությունն ու վճռականությունը, բայց այսօրվա դրությամբ վճռականության  տեսանկյունից վարչապետը գրեթե մենակ է: Մենակ է, բայց չի խեղճանում: Մենակ է, բայց նահանջելու մտադրություն չունի:

Զորավիգ լինենք իրեն:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
25.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Ամեն։
    Խոսքերդ ի հայության ականջ և միտք։
    Շնորհակալություն իրերի ճիշտ ընկալման համար։

  2. Alfred says:

    էս երևի Նիկոլին ձեռ ա առնում

  3. Gagik says:

    Հակառակը ամենակարեվոր հարցերում Նիկոլը խուսափումա պատասխանտվությունից։
    1. Ամուլսար, տարուց ավել կախված մնացելա։
    2. Պետական ապարատ կրճատելու, աշխատավարձ բարձրացնելու հարց։ Ապարատը չի կրճատում, թաքուն որոշումով նախարարների աշխատավարձը կրկնապատկումա։
    3. Արցախի հարց։ պոպուլիստական ճառեր ներքի սպառման համար, դրսի համար լուծումը պետք է ընդունելի լինի ադրբեջանի համար ևվ վերջ։
    4. Գազի գնի հարց։ Ընդանրապես չի խոսում, տնտեսության համար կարեվորագույն հարցով։ պատասխանտվությունը թողելա Ծառուկյանի քվոտայով խցկված Մհեր Գրիգորյանի վրա։

    Պատասխանտվություն վերցնումա միայն հաճելի լուրեր հաղորդելիս, ոնց որ ուսուցիչների աշխատավարձի 10 տոկոս բարձացնելը էս տարուց ավելա սարքելա տժվժիկի պատմությունը։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031