Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Քոչարի անունով նախկին «Ինտուրիստում» սենյակ անվանակոչվեց

Հոկտեմբեր 26,2019 15:47

Մի հյուրասենյակ էլ անվանակոչված է Եղիշե Չարենցի անունով:

Այդ մասին իր ելույթում ասաց մայրաքաղաքի առաջին հյուրանոցներից մեկի` «Գրանդ հոթել Երեւան» (1926) հյուրանոցի իտալացի տնօրեն Անտոնիո Պետրուչին: Նա հիշեցրեց, որ Մաեստրո Քոչարն այս հյուրանոցում հանգրվանել է 1934-ին:

Քանդակագործ, նկարիչ Քոչարի մասին խոսեցին գրականագետ Ա. Նիկողոսյանը, թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, « Մաեստրո Քոչարը. հուշերի անդրադարձում» գրքի համահեղինակ  Լալա Քոչարը:

Բացի անվանակոչության արարողությունից, ներկայացվեց նաեւ այդ հուշագրությունների այդ գիրքը, որի մի համահեղինակներից մեկն էլ` Անատոլի Հովհաննիսյանը հիվանդության պատճառով բացակայում էր հանրապետությունից, գտնվում է Փարիզում, այն նույն Փարիզում, ուր ստեղծագործական կյանքն է անցկացրել Մաեստրոն:

Ելույթ ունեցողներն ընդգծեցին Քոչարի «տարբերվող» ներկայության մասին:

Ռուբեն Զարյանն իր հուշերում Մաեստրոյի համար գրել է հետեւյալը. «Նա անցնում էր փողոցով եււ տարբերվում բոլորից` երկար մազերով, հագուկապով, ձեռնափայտով եւ ընդհանրապես` պահվածքով: Տարբեր էր ամեն ինչով: Քայլում էր այնպես, ասես իրեն մի գաղտնիք էր հայտնի, եւ այդ գաղտնիքն իրեն առավելություն էր տալիս ուրիշների նկատմամբ, եւ դեմքի մի այնպիսի արտահայտությամբ,  թե մի օր կբացի ի լուր ամենքի: Տպավորությունն այնպիսին էր, որ այս քաղաքից չէ: Փարիզյան շուք կար վրան»:

Գրքում հիսունութ հուշագիր պատմել է Քոչարի դասերի, նրա հետ իր ունեցած հանդիպումների մասին. Վիգեն Իսահակյան, Գայանե Խաչատրյան, Ծովակ Համբարձումյան, Տիգրան Մանսուրյան, Դիանա Ուկլեբա-Ջոտտո, Արա Վահունի, Հայկազ Քոչար, Վալենտին Պոդպոմոգով, Լեւոն Օսիպով, որոնք խնամքով ներկայացրել են գրքի խմբագիրները:

Հուշագիրներից շատերը ընդգծել էին Քոչարի «իզմերի» հակառակ լինելը:

«Քոչարը չէր տարբերում Կենտրկոմը, Գերագույն սովետը, քաղկոմն ու շրջկոմը, քաղսովետն ու շրջսովետը: Մարտին Կակոսյանին համարելով «քաղաքական տեսաբան»` խնդրում էր պատմել, թե ինչն ինչպես է լինելու: Լսում էր, լսում, վերջում ասում էր. բան չհասկացա». Քոչարի կնոջ հուշերից է: Իսկ Պողոս Հայթայանն իր հուշերում ասես հավելել էր․ «Քոչարը մարքսիզմ-լենինիզմը համարում էր նյութապաշտների, աղքատների, ոգեզուրկների վարդապետություն»:

Առանձնակի հուզիչ են այն հուշերը, որոնք վերաբերում են Քոչարի բանտային կյանքի դրվագներին:

Միջոցառման կազմակերպիչները հոգացել էին Քոչարի մասին պատմող վավերագրական փոքրիկ ֆիլմի համար էլ, որը նույնպես ցուցադրվեց:

Ռոբերտ Էլիբեկյանը Քոչարին հիշել է այսպես. «Չի կարելի ասել, որ Քոչարը միայն մեծ արձանագործ էր, ոչ նա ամեն ինչ էր… Նկարիչների միության սրճարանում սիրում էր բոլորի հետ շփվել, բարդույթներ չուներ: Լեւոն Ներսիսյան, Կոստան Զարյան, Արման Կոթիկյանն էր մեկ-մեկ լինում… Մենք այդ տիպի մարդ չէինք տեսել»:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031