Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է անվանի բժիշկ Գագիկ Մանուկյանը

Հոկտեմբեր 26,2019 14:55

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի խորհրդական Գագիկ Պանդուխտի Մանուկյանը: Մանուկյանը կյանքի վերջին օրերին գտնվում էր մեր բժշկական կենտրոնում՝ այնտեղ, որտեղ անցել են նրա աշխատանքային տարիներն ու կարողացել է հարյուրավոր կյանքեր փրկել: Մեր սիրելի Գագիկ Պանդուխտովիչը չէր սիրում խոսել հիվանդությունների մասին, այդ էր պատճառը, որ այն կարճ ընթացքը, երբ ինքն էր վատառողջ, չէր ցանկանում, որ կոլեգաներն իրեն այդպես տեսնեն…

Կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը ցավակցում է ողջ կենտրոնի անձնակազմին, սիրված բժշկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նախկին հիվանդներին:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 28-ին ժամը 13:00-ին՝ եկեղեցուց:

                                                                            Համառոտ կենսագրություն

Գագիկ Պանդուխտի Մանուկյանը ծնվել է 1949 թվականին Երևանում:  Ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: Աշխատել է Արագածոտնի մարզում՝ որպես շտապօգնության բժիշկ: 1979 թվականից աշխատել է Երևանի թիվ 2 շտապօգնության կլինիկական հիվանդանոցում (այժմ՝«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն): Երկար տարիներ զբաղեցրել է նշված բժշկական կենտրոնի շտապօգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչի պաշտոնը: Այնուհետև զբաղեցրել է նույն բժշկական կենտրոնի անհետաձգելի բժշկական օգնության գծով փոխտնօրենի, իսկ 2016 թվականից՝ բուժական հարցերի գծով փոխտնօրենի պաշտոնը: 2019 թվականից Գ.Մանուկյանը զբաղեցնում էր տնօրենի խորհրդականի պաշտոնը:

40 տարի անընդմեջ աշխատելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ Գագիկ Մանուկյանը անմնացորդ նվիրվեց իր աշխատանքին:

Նա այն բժիշկներից էր, ում համար բժշկությունը ոչ միայն գիտություն է, նաև արվեստ, մարդկային հարաբերությունների արվեստ: Նրան բնորոշ էին խորը գիտակցությունը, մարդու ցավը հասկանալու, զգալու և բուժելու պատրաստակամությունը:  Նա այն մասնագետներից էր,  ում շնորհիվ  հիվանդը սկսում էր բուժվել սիրով ու ոգևորությամբ, հույսով և վստահությամբ:

Գ. Մանուկյանը առաջիններից էր, ով իր մասնագիտական կարողություններն ու հմտություններն օգտագործեց 1988 թվականի երկրաշարժի տուժածներին շտապ և անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման գործում: Իսկ Արցախյան հերոսամարտի տարիներին նա իր ներդրումն ունեցավ նաև ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանության և Արցախի  ազատագրման մարտական գործողությունների ժամանակ վիրավոր ազատամարտիկների ու խաղաղ ազգաբնակչության բժշկական օգնության ցուցաբերման գործում:

Կյանքի վերջին օրն  Գ.Մանուկյանն անցկացրեց լավատեսությամբ ու հավատով: Աշխատանքային գործունեության տարիների ընթացքում Գագիկ Մանուկյանը բազմիցս պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և այլ պետական և հասարակական կազմակերպությունների կողմից պատվոգրերով: 2001 թվականին՝ ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մ. Հերացու անվան մեդալով, իսկ 2013 թվականին արժանացել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից հայտարարած «Տարվա բժիշկ» մրցույթի «Վերադարձ կյանքին» անվանակարգի մրցանակին:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031