2014թ. սեպտեմբերից «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում Պեկինի օտար լեզուների համալսարանում (ՊՕԼՀ) (հայտնի որպես Beiwai) դասավանդվում է հայերեն: Այն դասավանդում է նույն բուհի դոցենտ, լ.գ.թ. Մերի Կնյազյանը, որը նաև բաժնի հիմնադիրն ու ղեկավարն է:
ՊՕԼՀ-ը օտար լեզուներ դասավանդող առաջատար բուհ է Չինաստանում, և հայերենի դասավանդումը շատ կարևոր էր հատկապես այս բուհում: 2014-2018 թթ. հայերենն այստեղ ուսուցանվում էր որպես երրորդ օտար լեզու: Այս տարիների ընթացքում այն բուհի ուսանողների մոտ շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել և 2018-2019 ուս. տարում Մ. Կնյազյանի առաջարկով բուհը այն մասնագիտական դարձնելու որոշում է կայացրել:
Ի ուրախություն մեզ, 2018-2019 թթ. սեպտեմբեր ամսից ՊՕԼՀ-ում հայերենը դասավանդվում է որպես մասնագիտություն: Մերի Կնյազյանի հետ միասին հայերեն են դասավանդում նաև ԵՊԼՀ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտներ Կեսինը և Խը Յանգը, վերջինս հայերեն ուսումնասիրող առաջին ուսանողներից էր, որը հետագայում ցանկություն է հայտնել ուսումը շարունակել Հայաստանում:
Կարդացեք նաև
Ներկայումս հայերենը դասավանդվում է Ասիայի և Աֆրիկայի ֆակուլտետում: Ի դեպ, այն ֆակուլտետում դասավանդվող 50 այլ լեզուներից մեկն է։ Որպես մասնագիտություն այն ուսումնասիրում են 14 ուսանողներ, որոնք չորս տարի հետո կհամարվեն չինացի հայագետներ: Ուսանողների համար ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատան կողմից պարբերաբար կկազմակերպվեն նաև դասախոսություններ, իսկ լավագույն ուսանողները ՊՕԼՀ աջակցությամբ մեկամսյա ծրագրով կմեկնեն Հայաստան:
Հարկ է նշել, որ Մերի Կնյազյանը նաև ղեկավարում է բուհի այլ ուսանողների կուրսային աշխատանքները՝ Հայաստանի մշակույթին, պատմությանը և արվեստին վերաբերող տարբեր թեմաներով։ Մերիի առաջարկով նրանցից 3-ը նաև թարգմանել են Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքը, որը մոտ ապագայում կտպագրվի:
Անահիտ ՄԱՆՈւԿՅԱՆ