ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, հայկական հանձնախմբում ընդգրկված կոնգրեսական Ֆրենկ Փալոունը գրառում է արել, որով տեղեկացրել է գալիք շաբաթ Ներկայացուցիչների պալատում սպասվող քվեարկության մասին, որը կարող է լինել պատմական: Խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևին, որով նախատեսվում է ճանաչել Ցեղասպանությունը, բացառել ժխտումը, նաև բարձրացնել հանրության իրազեկումը այդ թեմայի շուրջ։
Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են դեմոկրատները, ինչպես որ նրանք մեծամասնություն են Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի կոնգրեսականների շարքում: Ամերիկյան մամուլում հավանական է համարվում, որ դեմոկրատները քվեարկեն բանաձևի օգտին:
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ հարցը մշտապես հայ համայնքի ուշադրության կենտրոնում է, Ցեղասպանության ճանաչման հարցը մեր համայնքի համար առաջնային է. «Բոլոր հնարավոր առիթներն օգտագործելով՝ մեր համայնքը փորձում է անպայմանորեն հասնել նրան, որ Միացյալ Նահանգները գոնե օրենսդիրի մասով ինչ-որ գործընթացներ անի, բանաձև ընդունի, որով կճանաչվի Հայոց ցեղասպանությունը։ Հաշվի առնելով միջազգային իրավիճակը, թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները, Միացյալ Նահանգների նախագահի ու Թուրքիայի նախագահի հարաբերությունները, Թուրքիայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, մանավանդ քրդերի հարցում՝ հարմար պահ է, որ հայ համայնքը նորից փորձ կատարի ու օրենսդիրի միջոցով խնդիրը բերի քաղաքական օրակարգ, ու այն ճանաչեն»։
Թե որքանով հաջող կլինի այդ նախաձեռնությունը, ըստ մեր զրուցակցի՝ ցույց կտա ժամանակը. «Բավականին երկար գործընթաց պետք է անցնի՝ դեռևս պետք է համապատասխան հանձնաժողովում քննարկվի, հետո Ներկայացուցիչների պալատում քննարկվի, հետո այնտեղ քվեարկվի, հետո գնա Սենատ, եթե հարց առաջանա այնտեղ՝ ուղարկվի նախագահին, նախագահը կարող է օգտագործել վետոյի իր իրավունքը և բանաձևը հետ ուղարկել, հետո նորից Կոնգրեսում պետք է քվեարկություն կազմակերպվի։ Այսինքն՝ գործընթացը բավականին երկար է, սա դեռ սկիզբն է։ Այս պահի դրությամբ հստակ գնահատականներ տալ գործընթացին հնարավոր չէ՝ մանավանդ, եթե հաշվի առնենք, որ տարբեր այսպիսի նախաձեռնություններ եղել են տարիների ընթացքում՝ 2000-ականներին այսպիսի փորձ եղավ, և ադմինիստրացիայի ճնշումների ներքո քվեարկության չդրվեց այս նախագիծը, հանվեց քվեարկությունից ու քաղաքականապես սպանվեց։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ինչ է հնարավոր անել»։
Կարդացեք նաև
Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում