Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ-ի գործարարության Doing Business-ի ցուցանիշներով Հայաստանի դիրքը վատթարացել է 6 կետով․ «Փաստ»

Հոկտեմբեր 26,2019 12:25

Կառավարությունը փորձում է հանրությանը ներկայացնել, թե երկրում գործարար միջավայրի կտրուկ բարելավում է տեղի ունեցել, տնտեսության զարգացումը նոր թափ է ստացել, սակայն ռեալ իրավիճակն այլ բանի մասին է փաստում:

Եթե իրոք Հայաստանում բիզնես վարելու պայմանների բարելավում տեղի ունենար, ապա հնարավոր կլիներ արտերկրից ներդրումների հոսք ապահովել, իսկ խոստացված ներդրումներն այդպես էլ չկան:

Թերևս օտարերկրյա գործարարների կողմից Հայաստանի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը պայմանավորված է նաև երկրում ստեղծված քաղաքական անկայունությամբ և տնտեսական ռիսկերով:

Ներկայիս կառավարությանն այդպես էլ չի հաջողվում այն աստիճանի բարելավել (կամ գոնե թեթև փորձեր անել այդ ուղղությամբ) Հայաստանի բիզնես միջավայրը, որով Փաշինյանի կողմից հռչակված տնտեսական հեղափոխությունը իրական տեսք կստանար:

Այն, որ Հայաստանի բիզնես ոլորտում էական փոփոխություն չկա, փաստում են նաև Համաշխարհային բանկի կողմից հրապարակված՝ գործարարության Doing Business-ի ցուցանիշները: Հայաստանի դիրքը վատթարացել է 6 կետով. 2018 թվականի 41-րդ հորիզոնականի փոխարեն մեր երկիրն այժմ 47-րդում է: Հայաստանի գնահատականի վրա բացասաբար ազդած հիմնական ցուցիչը բորսայի կայացածության մակարդակն է։ Եվ ուշագրավ է, որ Հայաստանն արդեն 2-րդ տարին է` վարկանիշում զիջում է  Ադրբեջանին, որը նախորդ տարվա 25-րդ հորիզոնականից հայտնվել է 34-րդում: Նշենք, որ «Doing Business 2020»-ը Համաշխարհային բանկի ամենամյա ուսումնասիրությունների շարքում 17-րդն է, որը չափում է այն կանոնակարգերը, որոնք խթանում և սահմանափակում են բիզնեսի գործունեությունը:

Զեկույցի հեղինակներն ուսումնասիրում են տվյալ երկրում բիզնես վարելու հնարավորությունը` սկսած կազմակերպության գրանցումից մինչև բիզնեսի հնարավոր դադար (սնանկացման վարույթ)։

ՀԲ-ի կազմած այս զեկույցը մեծ կարևորություն ունի գործարարների ուշադրությունը գրավելու տեսանկյունից, և պատահական չէ, որ 190 երկրների ցուցակից բաղկացած վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքերի հետընթացը գրավել է նաև վարչապետի ուշադրությունը:

Վերջինս կառավարության նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվել է, թե ինչով է պայմանավորված, որ Հայաստանը զիջել է դիրքերը:

Հարցադրմանն ի պատասխան՝ նախարարը փորձել է ցույց տալ, թե չնայած ընդհանուր հաշվարկով Հայաստանի դիրքը հետընթաց է ապրել, բայց առանձին մի շարք ցուցիչներով առաջընթաց է արձանագրվել։

 

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031