Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Հովակիմյան․ Արա Բաբլոյանը ժամանակին փաստաթղթերը ստորագրել է՝ առանց բովանդակությանը ծանոթանալու․ «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 26,2019 11:20

Լրագրողների հետ զրույցում Արա Բաբլոյանը հայտարարել էր. «…Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության: Այդ հարցում հստակ կա մեղադրանք: Եթե որոշեն դա քննել, դա կհաստատեմ»:

Երեկ ՀՔԾ-ն այս կապակցությամբ հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Բաբլոյանը այդ հայտարարության վերաբերյալ քննիչի կողմից իրեն ուղղված հարցադրմանը բառացի պատասխանել է հետեւյալը.

«Ճիշտն ասած, ի նկատի եմ ունեցել այն, որ ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ԱԺ պատգամավորի պաշտոնից է նշանակվել վարչապետի պաշտոնում և պատգամավորական մանդատից հրաժարական չի ներկայացրել: Եթե ենթադրենք՝ Հրայր Թովմասյանի դեպքում խախտում էի թույլ տվել այն մասով, որ նա պատգամավորական մանդատից հրաժարական չէր ներկայացրել, սակայն արձանագրել էի նրա պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու հանգամանքը, ապա նույն խախտումը ենթադրաբար թույլ էի տվել նաև Նիկոլ Փաշինյանի դեպքում: Սակայն փաստաբանիս հետ իրավաբանական խորհրդակցությունից հետո հասկացա, որ նման պայմաններում պետական մարմնում պաշտոնի նշանակվելուց հետո պատգամավորի լիազորությունները, ՀՀ Սահմանադրության 2015 փոփոխությունների 95-րդ հոդվածի համաձայն, ինքնաբերաբար, իրավունքի ուժով դադարում են: Իմ կողմից տրված հարցազրույցի մասով ավելացնելու այլ բան չունեմ»:

Ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու համաձայնության փաստաթղթի լուսանկարը՝ ընդգծելով, որ դա այն փաստաթուղթն է, որը ժամանակին ներկայացվել է ՀՀ ԱԺ-ին եւ ԱԺ կայքում հրապարակված է եղել:

Պատգամավորից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք իր կարծիքով Բաբլոյանը միտումնավոր է խեղաթյուրում փաստերը, համեմատականներ տանում Փաշինյանի՝ վարչապետ, եւ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելու գործընթացների միջեւ:

Հովակիմյանն ասաց, որ կարող է փաստել մի բան. «Նիկոլ Փաշինյանի առաջադրման համաձայնագիրը՝ կից փաստաթղթերով հասցեագրված է եղել հենց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Սա ենթադրում է, որ ինքը դրանց պետք է ծանոթանար, պաշտոնապես շրջանառության մեջ դներ: Քանի որ նա այդպիսի հայտարարություններ է անում՝ նշանակում է, որ ինքը չի էլ ծանոթացել կից փաստաթղթերին: Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է հայտարարություն հրապարակել, բայց չիմանալ, թե այդ հայտարարությունն ինչի մասին է: Դա նաեւ բացատրում է, թե ոնց է եղել, որ ամսի 5-ին ստացած թուղթը 2-ով է թվագրվել»:

Վահագն Հովակիմյանից հարցրինք՝ այսինքն կարծում եք, որ Հրայր Թովմասյանի դիմումը ե՞ւս Արա Բաբլոյանը նորմալ չի նայել. «Այս դրվագով կարող ենք ենթադրել, որ ինքը ժամանակին թղթեր է մակագրել՝ առանց նայելու, առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու: Որովհետեւ եթե նայած լիներ՝ ՀՔԾ քննիչին այդ ամենը չէր ասի միայն իրավաբանի հետ խորհրդակցելուց հետո: Նա ուրիշ բան կհնարեր, ամեն դեպքում անհեթեթ վիճակում չէր հայտնվի: Սա ուղղակի փաստում է, որ նա ժամանակին փաստաթղթերը ստորագրել է՝ առանց բովանդակությանը ծանոթանալու»,- պատասխանեց Հովակիմյանը:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031