Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզապես անհրաժեշտ է վերստին քննել համար առաջին հանցագործին՝ Նաիրի Հունանյանին

Հոկտեմբեր 26,2019 11:00

Ամեն անգամ, երբ մոտենում է հոկտեմբերի 27-ը, ես մտաբերում եմ այն զոհերի անունները, որոնք անցան նահատակության ճանապարհով, այն պահին, երբ մեր Ազգային խորհրդարանում քննարկվում էին հայ ժողովրդի համար կարեւորագույն լսումներ: Եվ այդ անունները հիշեցնում են ինձ Վահան Տերյանի «Քաղաքը» բանաստեղծության հետեւյալ տողերը.

Կրկնակի հարության զանգեր եմ ես լսում,
Հատուցումն է գալիս, ես զգում եմ նրան,
Քաղաքներ, զարթնում է ահավոր մի ցասում,
Քաղաքներ, զարթնում են այն մարդիկ, որ մեռան…

Հիրավի պատմության մեջ, թերեւս, սա այն պառլամենտական տեռորն է, որի ժամանակ գլխատվեց մի ժողովրդի պատմական կարեւորություն ներկայացնող քաղաքական խումբ:
Այս խումբը բարոյապես ազնիվ, կոչումով հայրենասեր քաղաքական գործիչների այն միասնությունն էր, որով հատկանշվում էր երկրի կառուցողական կեցվածքը: Նրանք բացառիկ անհատականություններ էին, որոնց կարիքն ուներ եւ դեռ կունենա մեր ժողովուրդը:

Ինչո՞ւ տեղի ունեցավ այս ամենը, ո՞ւմ էր ձեռնտու եւ ի՞նչ անհրաժեշտություն կար այս երեւույթի առկայության:
Դաժանությունը անչափելի, անմարդկային եւ ցավալիորեն անջնջելի է սերունդների հիշողության մեջ, երբ սերունդները ուզում են կերտել իրենց պատմությունը, հնարավություն չունենալով շրջանցել այն, ինչը կոչվում է հայրենիքի դավաճանություն՝ առաջնորդների գլխատելու միջոցով:

Հայրենիքը սոսկ աշխարհագրական մակերես չէ կամ՝ բնակավայր, այլ գերեզմանոց է, հիշատակի մատյան, եւ արժանապատիվ ապրելու համար բարոյական ազդակ, որ տրվում է բոլոր առաջնորդներին, որպեսզի վերջիններս կարողանան պետություն եւ պետականություն հասկացությունները հանձնել պատմությանը, որպես կտակ:
1999թ. հոկտեմբերի 27-ը գալիս է վկայելու, որ մենք լինելով մշտակյաց եւ նստակյաց ժողովուրդ, միեւնույն ժամանակ նաեւ՝ տիրադավ ենք, ընդունակ սպանելու նույնիսկ մեր առաջնորդներին:

Չեմ ցանկանում հավատալ այն ստապատիր փաստարկներին, որոնք գալիս են մեզ համոզելու, թե իբր հոկտեմբերի 27-ը ռուսական երեւույթ է: Ծիծաղելի է նաեւ այն հանգամանքը, որ այս ոճրագործության հեղինակներն անցյալում պատկանելիս են եղել մի հայրենասեր կուսակցության, որն այսօր հրաժարվում է նրանց իրենը համարել:
Անդրադառնալով այն հարցին, թե սույն գործով իր մասնակցությունը ուղղակի կամ անուղղակի կերպով չի ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քմածին է եւ եթե փորձենք հաշտվել այս մտքի հետ, ուրեմն անուղղակի մասնակիցն ենք դառնում կատարված ոճրագործությանը: Պարզապես անհրաժեշտ է վերստին քննել համար առաջին հանցագործին՝ Նաիրի Հունանյանին, որպեսզի վերջնականապես վերհանենք ճշմարտությունը:

Այլապես մեր առաջ ծառանում է մի հարց. Ռուսաստանի ղեկավարությունից որեւէ մեկը կարո՞ղ է վկայել, որ անձամբ ճանաչել է հանցագործ խմբին կամ ՝նախապես տեղյա՞կ է եղել, թե ինչ է տեղի ունենալու Հայաստանի Ազգային ժողովում:

Այսօր ոճրագործության 20-ամյակի շեմին անհրաժեշտ է անդրադառնալ կատարվածին, եւ այն ամբողջովին քննության առնել, որպեսզի պատմությունը ճշգրտորեն սերունդներին հանձնի ողբերգական իրադարձությունը, ի գիտություն եւ ի զգոնություն գալիք ժամանակների համար:

Ցանկալի չեմ համարում ավելորդ ենթադրություններ անել, որովհետեւ իրավաբանությունը ենթադրությունների գիտություն է, եւ հաճախ այն ճիշտ կողմնորոշումից բերում է ամենասխալ եզրահանգման:
Այժմ այն զոհերը, որոնք մեռան անժամանակ, լքելով այս աշխարհը, մեր ոգեկոչումով թող արթնանան եւ հաշվեհարդար պահանջեն այն ողջերից, հանուն որոնց բարեկեցության ապրել եւ գործել են մեր Հայրենիքում:

Մերուժան
ԽՍՀՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031