Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդ. հայ դիվանագիտության հաղթանակ, թե պարտություն

Հոկտեմբեր 26,2019 10:30

2019 թ․ հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության ընտրությունը, որպես ՄԱԿ Մարդու Իրավունքների Խորհրդի անդամ, նշանակալի ձեռքբերում էր շուտով իր երրորդ տասնամյակը բոլորող Հայաստանի Հանրապետության դիվանագիտության պատմության մեջ։ Սա, անշուշտ կարևոր ձեռքբերում է Հայաստանի և հայ ժողովրդի համար, առավել կարևոր է արձանագրել, որ ՄԱԿ-ի անդամ երկրների գերակշիռ մեծամասնությունը Հայաստանին է վստահել այդ առաքելությունը։

Ինչպես ֆրանսիական ասացվածքն է ասում, հաղթանակը բազմաթիվ հայրեր ունի, պարտությունը որբ է։ Եվ այս ձեռքբերման պարագայում, ցավոք, վերոհիշյալ ասացվածքը տեղին է, քանի որ սկսվել է անտեղի բանավեճ հաջողությունը մեկ անձի վերագրելու շուրջ: Սակայն, այս դեպքում այդ բանավեճը նախաձեռնողներն անգամ գիտեն, որ դա ապարդյուն է, քանի որ սա պետության և դրա բաղկացուցիչ մասը կազմող արտգործնախարարության ձեռքբերումն է:

Նախ պարզաբանենք, թե ինչ է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը: 47 երկրից բաղկացած այդ մարմինը պատասխանատու է աշխարհում մարդու իրավունքների պահպանման և ամրապնդման համար։Այն իրավասու է քննության առնելու մարդու իրավունքներին առնչվող բոլոր խնդիրները՝ աշխարհի ցանկացած վայրում, և կայացնել դրա վերաբերյալ որոշումներ. Հայաստանը ստանձնել է այդ գործընթացում 47 ձայներից մեկը լինելու պատասխանատվությունը։ Այստեղ ավելի կարևոր է ՀՀ տեսանկյունից, որ Խորհրդի անդամները կարող են փորձագետներ ուղարկել խնդրահարույց երկրներ՝ տեղում իրավիճակն ուսումնասիրելու նպատակով։ Փաստացի Հայաստանը հնարավորություն է ստացել միջազգային մակարդակով գնահատելու այլ երկրներում, այդ թվում մեր հարևան պետություններում, մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։

Հատկանշական է, որ 2003թ․ ՄԱԿ Տնտեսական ու Սոցիալական Խորհրդում (ՏնտՍոցԽորհ) ՀՀ ընտրվելուց հետո սա Հայաստանի երկրորդ ընտրությունն է ՄԱԿ որևէ կառույցում՝ մրցակցային պայմաններում, որը նշանակում է, որ ընտրվելու համար պահաջվել է ոչ միայն հաղթահարել ձայների ⅔ շեմը, այլ նաև ստանալ ավելի շատ ձայն, քան թեկնածու մյուս երկրները: Հայաստանին դա հաջողվեց: Սա Հայաստանի նման առաջին հայտը չէր. 2006թ.-ին Հայաստանը առաջադրել էր Մարդու իրավունքների խորհրդում իր թեկնածությունը, սակայն այդպես էլ չկարողացավ ապահովել անհրաժեշտ ձայներ՝ պարտվելով Ադրբեջանին: Մեկ այլ փորձ էլ արվել է 2009թ․ ՄԱԿ ԱԽ-ում՝ որպես ոչ-մշտական անդամ ընտրվելու ուղղությամբ, սակայն վերջին քվարկությունից օրեր առաջ Հայաստանը հետ քաշեց իր թեկնածությունը՝ վստահ չլինելով հաջողության գործում։

Այս վերջին հայտը ներկայացվել էր 2012թ.-ին: Եվ իրապես, Հայաստանն այդ օրվանից հետևողականորեն իր ողջ դիվանագիտական ներուժը գործի է դրել այս հաջողությանը հասնելու համար, ու թերևս սա ԱԳՆ-ի՝ որպես հաստատության հաջողությունն է։ Ինչպես լինում է նման դեպքերում՝ թեկնածությունը ներկայացնելուց հետո սկսվում է ձայների «փոխանակման» դիվանագիտական գործընթացը, ինչը շարունակվում է քվեարկությունից անգամ րոպեներ առաջ:

Ակնհայտ է նաև, որ անդամ երկրների գերակշիռ մեծամասնության աջակցությունը ստանալը վկայում է Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններից բխող նոր իրավիճակի, ՀՀ միջազգային վարկի նկատելի բարձրացման մասին։ Համեմատության համար նշեմ, որ 2013-2018թթ․ ընկած ժամանակահատվածում ՀՀ-ը հավաքել է 95 ձայն ընդամենը, այնինչ ժողովրդավարության հաղթանակից հետո, մեկ տարում՝ 2018-2019թ.թ. դրա կեսի չափ` 50 ձայն։ Եթե ՀՀ-ը մնար 100 ձայնի միջակայքում, ապա հավանաբար կզիջեր իր տեղը Մոլդովային, և առաջ չէր անցնի իր խմբում այնպիսի երկրից, ինչպիսին Լեհաստանն է։ Այսուհանդերձ, այս ձեռքբերումը ընդամենը մի հանգրվան է, և ընտրությունը ՀՀ-ի և մարդկության շահերին լավագույնս ծառայեցնելը ԱԳՆ դիվանագետների և մեր արտաքին քաղաքականության հաջորդ կարևոր նպատակներից է։

 

Նարեկ ՄԻՆԱՍՅԱՆ
ՕՐԲԵԼԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՓՈՐՁԱԳԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031