Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ոչ գաղտնի, ապա թաքուն․ «Ազգ»

Հոկտեմբեր 26,2019 10:10

Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարզաբանումները նախարարների ու փոխնախարարների աշխատավարձի հավելումների վերաբերյալ գոհացուցիչ պատասխանների փոխարեն նոր հարցեր առաջացրեցին: «Լուսավոր Հայաստանի» առաջնորդի եւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցչի հարցադրմանը ի պատասխան վարչապետը առավել խճճեց խնդիրը, եւ նրա պատասխանից պարզ չդարձավ, որ ընթացիկ տարվա մարտի 1-ից ի վեր նախարարներին ու նրանց տեղակալներին վճարվող ամսական գումարները աշխատավարձի՞, թե՞ պարգեւավճարի անվան տակ են տրվում: Միայն փաստվեց, որ այդ հավելումները ԱԺ-ի կողմից նախապես հաստատված պարգեւավճարների ֆոնդից են եղել եւ ոչ թե, ուզեցավ հասկացնել վարչապետը, ինչ-որ անհայտ աղբյուրից: Խնդիրը առավել խճճվեց սակայն, երբ վարչապետը հայտարարեց, թե «ընդունված որոշման արդյունքում որոշ նախարարների եւ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացել են, մյուսներինը՝ կրճատվել»:

Ի՞նչ է նշանակում դա, նկատի ունեմ ոչ թե բարձրացված, այլ կրճատվա՛ծ աշխատավարձերը կամ պարգեւավճարները: Չհասկացվեց՝ պատժամիջո՞ց է կիրառվել վերջինների դեմ, եւ եթե այո՝ ինչո՞ւ: Մտքի հանգստություն չպատճառեց նաեւ վարչապետի հաջորդ պատասխանը, թե այդ հավելավճարներն արվել են, «որպեսզի նախարարները սեղմված վիճակում չհայտնվեն եւ ինքնուրույն իրենց պարգեւավճարներ չգրեն»…

Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ նախարարներից ոմանք էլ «սեղմված» չեն, հետեւաբար կարելի է նաեւ նրանց աշխատավարձերը կամ պարգեւավճարները չբարձրացնել, այլ նույնիսկ՝ կրճատել: Ինչո՞ւ, լավ չե՞ն աշխատում, ծանրաբեռնված կամ «սեղմված» չե՞ն: Այդ պարագայում նրանք չե՞ն դիմի «ինքնուրույն իրենց պարգեւավճարներ գրելու» քայլին, այն էլ՝ կոռուպցիայի դեմ պայքարի առաջնահերթություն հայտարարած մեր երկրում:

Հետեւաբար ի զուր է ներկայիս վարչապետի ջանքերը աշխատավարձի բարձրացումով, պարգեւավճարներով եւ այլ ձեւերով՝ փաստորեն կաշառելու իր պաշտոնյաներին, որպեսզի… չկաշառվեն: Այն էլ՝ եթե ոչ գաղտնի, ապա թաքուն, վկայակոչելով ինչ-որ ֆոնդ, որը հիշեցնում է նախկին իշխանությունների հատուկ մի գանձարկղը, որտեղից ծրարներով փող էր դուրս գրվում ամեն ամիս:

Պետական պաշտոնյան պետք է օրինավորապես եւ ըստ արժանվույն վարձատրվի: Վարձատրություն, որին եթե համաձայն չէ, թող չստանձնի պաշտոնը: Պետական պաշտոնը նաեւ նվիրում է պահանջում, էլ չխոսելով հայրենասիրության մասին:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031