1999 թվականի հոկտեմբերի 27-ին ես Լոնդոնում էի: Ինձ հարցազրույցների կանչած բրիտանացի լրագրողները «կպած» ուզում էին ինձնից լսել, որ ահաբեկչությունը կազմակերպել են ռուսաստանյան հատուկ ծառայությունները: Թեեւ ես որոշակի կասկածներ ունեի եւ ունեմ, թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա չեմ կարող պնդել որեւէ վարկած: Բայց ահաբեկչության մանրակրկիտ նախապատրաստությունը, հասարակության մեջ համապատասխան հոգեբանական մթնոլորտի շիկացումը, ինչպես նաեւ բուն ահաբեկիչների հետ տարված բազմակողմանի աշխատանքը վկայում են, որ առանց բարձր պրոֆեսիոնալների ուղղորդման ոճրագործությունը տեղի չէր ունենա:
«Հոկտեմբերի 27»-ի ներքաղաքական համատեքստը հայտնի է: Այդ տարի տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներն ընդհանուր առմամբ ընդունելի էին Հայաստանի քաղաքացիների մեծ մասի համար: Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի ղեկավարած «Միասնություն» դաշինքն ուներ լեգիտիմության զգալի պաշար: Գերտերություններից ո՞ւմ էր դա ձեռնտու: Ինձ թվում է` ոչ մեկին: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա դրանք շահագրգռված են, որ Հայաստանում լինի ոչ լեգիտիմ, խոցելի իշխանություն, որովհետեւ նման իշխանությունն ավելի հեշտ է մանիպուլյացիայի ենթարկվում: «Միասնություն» դաշինքի լիգիտիմությունը ձեռնտու չէր նաեւ Ռոբերտ Քոչարյանին, որը 1998 թվականի նախագահական ընտրություններից հետո լեգիտիմության խնդիր ուներ:
Արտաքին քաղաքական համատեքստը նույնպես հայտնի է: Այդ պահին քննարկվում էր ղարաբաղյան կարգավորման այսպես կոչված «Մեղրիի տարբերակը», որը ենթադրում էր, որ Հայաստանը ստանում է սուվերենություն Արցախի նկատմամբ, բայց փաստացի մեկուսացվում է Իրանից: (Ինձ թվում է, դա կարգավորման տարբերակներից ամենավատն էր): Այդ նախագիծը, ինչպես հայտնի է, իր «ծագումնաբանությամբ» ամերիկյան էր: Հոկտեմբերի 27-ի առավոտյան նախագահական նստավայրում հանդիպում էր տեղի ունենում ամերիկացի դիվանագետների պատվիրակության հետ՝ պետքարտուղարի տեղակալ Ստրոբ Թելբոթի գլխավորությամբ, բանակցություններին մասնակցում էին Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը եւ Վարդան Օսկանյանը:
Ահա թե ինչպես է այդ հանդիպումից հետո իր եւ Վազգեն Սարգսյանի տրամադրությունը նկարագրում Քոչարյանն իր գրքում. «Երկուսիս տրամադրությունն էլ բարձր էր: Վազգենը նույնիսկ ոգեւորված էր: Նոր գաղափարներն ու միջնորդների վերաբերմունքը դրանց կարգավորման հարցում լրջորեն առաջ գնալու իրական հնարավորություն էին բացում»: «Վազգենի ոգեւորության» մասին տեղեկությունն ինձ թույլ տամ կասկածի տակ դնել, որովհետեւ բազմաթիվ այլ վկայություններ կան, որ Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը կտրականապես դեմ էին «Մեղրիի տարբերակին»: Իսկ ինչպե՞ս էր դրան վերաբերվում Ռուսաստանը: Քոչարյանը նույն գրքում նշում է, որ Ելցինը դրան «լիակատար աջակցություն» էր հայտնել:
Կարդացեք նաև
Մի խոսքով, ասել, թե ո՛ր երկրի հատուկ ծառայություններն էին կազմակերպել «հոկտեմբերի 27-ը», այս պահիս հնարավոր չէ: Մի բան է հստակ՝ դա բացահայտելը «ուչաստկովիի» գործ չէ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պետությունն էլ կենդանի մարմին է, պետության դիմադրողականությունը առաջին հերթին անվտանգության ծառայություններն են, եթե նրանք թուլանում են, ապա ամեն կարգի մանրէ դրսից թե ներսից գլուխ են բարձրացնում ու պետության ու ազգի առողջությանը վնասում: Որպեսզի անվտանգության մարմիններին թուլացնել, պետք է նրանց անգործության համար բարձր վարձատրել, դրանով նրանք կորցնում են իրենց փորձվածությունը ու ամեն մանրէ նրանց համար դառնում է փորձանք: Քանի ուշ չէ, ստեղծենք լիքը հետախուզական, հակահետախուզական ու վերլուծական կենտրոններ բոլոր պետական ռազմավարական կառույցներում ու նրանց առաջ դնել լուրջ ու բարդ խնդիրներ: Մենք այդ բնագավառում նույնպես հանճարներ ենք տվել, ճիշտ է, ավելի շատ ուրիշ ազգերի համար 🙂 :
Եթե ոչ պետականության առանցքաձող (стержень) ունեցող երկրների հատուկ ծառայությունները, ապա ովքե՞ր են կազմակերպել ահաբեկչությունը:
Ո՞վ էր ղեկավարում ՀՀ «Քաղաքական/արտաքին հետախուզությնը» և ո՞վ էր երկրի անվտանգության համար պատասխանատու անձը: Հայդատ ու՞ր էս:
«Մեղրիի տարբերակը» քննարկող հայկական կողմը, Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքած քաղաքական գործիչների հետևորդներն են՝ մի խոսքով դավաճաններ: