Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկը վերահաստատում է Doing Business 2020 զեկույցի Հայաստանի տվյալները

Հոկտեմբեր 26,2019 01:07

Համաշխարհային բանկի Doing Business 2020 զեկույցը Հայաստանի մասով որեւէ անճշտություն չի պարունակում, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասել է Համաշխարհային բանկի մասնավոր ոլորտի զարգացման ավագ մասնագետ Վալենտինա Սալթայնը, մեկնաբանելով Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հայտարարությունը, թե զեկույցի վարկանիշային աղյուսակում որոշակի սխալ է թույլ տրվել, որը շտկվելու դեպքում Հայաստանը վարկանիշային աղյուսակում կզբաղեցնի 37-րդ հորիզոնականը, ներկա 47-րդի փոխարեն.

«Մեր տեսակետից, որեւէ անճշտություն կամ սխալ Հայաստանի մասով չկա: Այս տարի մենք պարզապես փոքր-ինչ վերանայեցինք եւ վերափոխեցինք փոքր չափաբաժին ունեցող ներդրողների պաշտպանվածության ցուցանիշների գնահատականը: Որեւէ նոր տարր չենք ավելացրել, պարզապես, շտկումներ ենք մտցրել»:

Մասնավորապես, Սալթայնի խոսքով, փոքր չափաբաժին ունեցող ներդրողների պաշտպանվածության համար հավելյալ միավորներ ստանալու համար երկրին անհրաժեշտ է ունենալ ֆոնդային շուկայում ձայնի իրավունք ընձեռող բաժնետոմսեր վաճառող առնվազն 10 մասնավոր ընկերություն, մինչդեռ, Հայաստանի ֆոնդային շուկայում առկա է միայն 7 նման ընկերություն, որոնցից մասնավոր են միայն երեքը:

«Դա այն չէ, ինչ կառավարությունը կարող է հեշտությամբ անել ինքնուրույն: Այն անշուշտ չի կարող այլ ընկերություններին ստիպել ֆոնդային շուկա դուրս գալ: Դա մի բան է, որ պետք է բնական կերպով տեղի ունենալ, իսկ կառավարությունը կարող է դրա համար պայմաններ ստեղծել օրենքներ ընդունելով», – նշում է Համաշխարհային բանկի ներկայացուցիչը:

Վալենտինա Սալթայնը միաժամանակ մատնանշեց Հայաստանի կողմից անցած տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումների մասին, որոնք ուղղված է բիզնեսի իրականացման համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Դա շինարարության իրավունքի ստացման գործընթացի բարելավումն է, հարկային ոլորտի բարեփոխումներն ու միջսահմանային առեւտրի հայտարարագրերի թվայնացումը.

«Ընդհանուր առմամբ, Հայաստանը շատ հաջող է գործում: Որոշ ոլորտներում առկա հարցերը կապված են հիմնականում օրենսդրական փոփոխությունների հետ եւ այդ փոփոխությունների ազդեցությունը զգալու համար ժամանակ է անհրաժեշտ»:

Հայաստանի անմիջական չորս հարեւաններից երեքը՝ Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան, բիզնեսի իրականացման դյուրինության չափանիշներով Հայաստանից ավելի լավ վիճակում են, մինչդեռ Իրանը զբաղեցնում է 127-րդ հորիզոնականը:

Բիզնեսի դյուրինության տեսանկյունից 2020 թվականին Համաշխարհային բանկն առաջատար է ճանաչել Նոր Զելանդիային, Սինգապուրին ու Հոնկոնգին: Առավել վատ է վիճակը Վենեսուելայում, Էրիթրեայում եւ Սոմալիում:

Արման Թարջիմանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031