Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Վանը հայտնվել է սիրային եռանկյունու հոգեւոր տարբերակի կենտրոնում

Հոկտեմբեր 26,2019 12:00

Հարցազրույց ամերիկաբնակ բանաստեղծուհի Սոնա Վանի հետ

Հայ ժամանակակից գրական իրականության մեջ թերեւս առաջին անգամն է, երբ բանաստեղծուհին այդքան մանրամասն ու անկեղծ ներկայացնում է կնոջ բազմաշերտ էությունը՝ նրա ցանկություններն ու վախերը, հավատամքն ու մոլորությունները, համարձակորեն պատասխանում կնոջ գիտակցականի, հոգեւորի ու մարմնականի հարցերին։ Ինչպես նրա գրչակից ընկերներն են հաճախ փաստում, նա ներկայացնում է նոր տեսակի առավել բնական հարաբերություններ՝ նույնիսկ Աստծո հետ։ Տողերը վերաբերում են դեռ պատանեկան տարիներից շուրջ 40 տարի ԱՄՆ-ում հաստատված ու գործունեություն ծավալած Սոնա Վանին, ով, իսկապես չկտրվելով հայրենիքից, առիթը բաց չի թողնում ասելով. «Ես փոքրիկ Հայաստան եմ օտար հողի վրա»։

«Առավոտի» հերթական հանդիպման առիթը բանաստեղծուհու հետ նրա յոթերորդ «Հայրս ասում էր» ժողովածուի օրերս կայացած երեւանյան շնորհանդեսն էր։

Մեր զրույցը արվեստագետի հետ «կառուցեցինք» ժամանակին իր արտահայտած մտքերից։

– Ստեղծագործողին բնորոշ երեւակայությունից հետո գրողի ամենամեծ հատկանիշը անկեղծ լինելն է…

– Ես կավելացնեի անկեղծ լինելու համարձակությունը, եւ եթե դա գրողին տրված չէ՝ գրելը դառնում է անհեթեթություն։ Բանաստեղծը, որ հիմնականում գրում էր իր «ես»-ի անունից, հանձնվում է ընթերցողի դատին, հաճախ էլ քննադատությանը։ Գիտեք, ընթերցողին երբեք խորհուրդ չեմ տա, որ այդ «ես»-ը նույնացնի կենսագրական «ես»-ի հետ, քանի որ  հաճախ բանաստեղծը գրում է այն, ինչը կցանկանար անել, այլ ոչ թե արել է, սակայն նկատի ունենալով, որ  խոսում ես քո անունից, չի բացառվում, որ մի օր էլ իրականանան այդ խոսքերը։ Խոսքը կեղծ կատեգորիայի մասին չէ, եւ գրվածքները գոյություն ունեն բանաստեղծի մտքում ու շատ հաճախ մի «ես»-ի միջոցով խաղում ես բազմաթիվ դերեր։ Ի վերջո, բանաստեղծություն գրելը ինքդ քեզ փորձարկելու, քննելու ընթացք է, իսկ վերջում … Վերջում բոլոր բանաստեղծությունները միանալով դառնում են մի ընդհանուր ստեղծագործություն, դիմանկար, որն արտահայտում է գրողի կերպարը։

– Գրողը բոլոր ժամանակներում հասարակության, կարծես, չընտրված առաջնորդ է եղել…

-Նախորդ հարցի օրինակով այստեղ էլ հավելեմ, այո, ավելին՝ ժողովրդի հավաքական գիտակցության, ցավի ու երազի կրողը։ Պատահական չէր, որ Արցախյան շարժումը սկսվեց Հայաստանի գրողների միության շենքից…  Ընդհանրապես ռազմավարական գաղափարները միշտ էլ գրողներն են սկսել։ Առանց մանրամասնելու ասեմ, որ պետական հոգածություն պե՛տք է լինի մշակույթի հանդեպ եւ պե՛տք է, որ գրողի ձայնը բարձր հնչի։

– Հավանաբար, ձեր առաջին՝ բժիշկ-հոգեբանի մասնագիտությունն է նաեւ թույլ տալիս ձեզ «ընդարձակ» արտահայտվելու կնոջ ֆենոմենի շուրջ։

– Գուցե անհարմար զգացիք բարձրաձայնել, որ ես պատկանում եմ կնոջ հոգեբանական՝ կես կատու կերպարին։ Դա այդպես է, քանի որ կատուն բնորոշում է  կյանքը վայելչորեն ապրելու ձեւը, շարժման սլացիկությունը, խաղը… Կնոջ ֆենոմենը այնքա՜ն աստվածային է, որ ինչ-որ փոփոխություն կատարել՝ նշանակում է փոքրացնել գաղափարը, քանզի առավել մեծացնել այն հնարավոր չէ։ Իմ բանաստեղծություններում կնոջ մեջ էլ ավելի կուզեի ակտիվացնել զգայականությունը, որպեսզի կինը կարողանա էլ ավելի ընկալուկ լինի զգայական ամենանուրբ թրթիռների։ Ես, ինչպես շատերը, երջանկությունն ու ցավը զգում եմ նույն ներվով, եւ եթե ասենք բթացնում եմ ցավի ներվը, բթանում է նաեւ երջանկության զգացողությունը։ Կանայք պե՛տք է ունենան այս հուզումները, քանզի դրանք են շարժիչը կյանքի։

– Մեծացել եք մի ընտանիքում, որտեղ կար աթեիստ ու կրոնավոր, ձեր պապը քահանա էր, հայրը՝ ֆիզիկոս…

– Եվ միշտ գտնվել եմ այդ ծայրահեղությունների միջեւ, բայց հավասարապես զգացել երկուսի ուժը։ Աստծո գոյությունը սեփական գոյությանս կրկնօրինակի պես եմ զգում։ Հավատում եմ Աստծո սիրուն, Աստծո ներկայությունը զգում եմ իմ ամեն ինչում, եւ մեղքիս մասնակից, եւ անմեղությանս։ Ինձ այդ տեսակ հարաբերությունն է դուր գալիս, երբ զգում եմ, թե ինչպես է Աստված ճկվում ինձ փրկելու համար, զգում եմ նրա այդ անհավանական շարժումը։ Չեմ հավատում քարացած Աստծուն, Քրիստոսն ասում էր՝ ես եմ ճանապարհը, ես եմ լույսը։ Անվերապահորեն հավատում եմ  այդ ճանապարհի ճշմարտությանը, երբ մարդը վերածվում է իր ճանապարհին։ Եթե գրող ես, դառնում ես ինքդ գիրը, որ գործընթաց է։ Իսկ վերջը տեսնելը ողբերգության, հրաժեշտի նման մի բան է, եւ այդ պատճառով ամեն ինչ ճանապարհի մեջ եմ ցանկանում տեսնել ու դիտարկել։

– Ձեր բանաստեղծությունները թարգմանաբար ծանոթ են նաեւ բրիտանացի, ֆրանսիացի, գերմանացի, ուկրաինացի, մի խոսքով՝ 10 ազգությունների ընթերցողներին։ Հետաքրքիր է, որ դրանցում կարոտը կամ կարոտախտի չարչրկված թեման բացակայում է…

– Կարոտի երգն ու կարոտախտը տարբեր են։ Ցանկացած երգ կարոտի երգ է, որովհետեւ փորձում է վերադարձնել կորած մի երազ, մի բան անցյալից կամ… Մինչդեռ կարոտախտը հիվանդագին վիճակ է, ինչը ենթադրում է կորուստ առանց վերադարձի հնարավորության։ Այո, ինձ հաջողվել է շրջանցել կորստի այդպիսի ձեւը, մինչդեռ թվում էր «դրսում» ապրելով իմ երգն առավել հակված պիտի լիներ կարոտի շեշտադրմամբ… Զրույցներում ասում եմ՝ ես փոքրիկ Հայաստան եմ օտար հողի վրա։ Եվ, եթե երբեմն թախծում եմ, դա իմ երազների հայրենիքի կարոտն է, գրողի ուտոպիան, որն առկա է ամեն գրողի մեջ անկախ ապրելավայրից։

– Գանք ձեր նոր ժողովածուին. «Հայրս ասում էր»-ին, իսկ ի՞նչ էր ասում ձեր հայրը։

– Մշտապես երկու հավասարապես սիրելի ու կարեւոր գոյությունների միջեւ գտնվելը իմ հոգու եւ երկրային կենսագրության համար ճանաչելի վիճակ է, բայց միայն հորս վաղաժամ մահվանից հետո էր, որ հայտնվեցի սիրային եռանկյունու այս հոգեւոր տարբերակի կենտրոնում՝ ֆիզիկոս հորս եւ Երկնային հոր միջեւ։ Պարզվեց, որ եռանկյունու այս տեսակը եւս ենթադրում է հոգեւոր նույն դինամիկան, սրում է զգացողությունները, առավել կենդանի է դարձնում հարաբերությունը եւ առավել լսելի՝ հոգու ձայնը։ Միայն թե ժամանակի հետ ինձ համար առավել դժվար է դառնում նրանց ձայները զանազանելը, եւ հենց այդ ճիգով է լիցքավորվում տողը։

Զրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
25.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031