Հայցվոր լրագրողը հղում է կատարում «Դե Հաեսը եւ Գիյսելեսն ընդդեմ Ավստրիայի գործով» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին, որում մասնավորապես այն միտքն է, որ մամուլի վրա դրված է նման տեղեկատվության եւ գաղափարների տարածման խնդիր, հակառակ դեպքում, «մամուլը չի կարող կատարել «ժողովրդավարության պահակի» իր դերը»:
Լրագրող Արթուր Հովհաննիսյանի՝ պատվի, արժանապատվության պաշտպանության պահանջի մասին հայցը ՀՀ առողջապահության նախարարության դեմ է, երրորդ անձ է ճանաչվել «Առավոտը»: Դատական նախապատրաստական անդրանիկ նիստը նշանակվել է 2019թ. մայիսի 17-ին, դատավորն է Ռուբիկ Ափինյանը: Դատարանն այս տարվա հունվարի 15-ին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու եւ գործը դատաքննության նախապատրաստելու մասին: Հայցվորի կարծիքով, առողջապահության նախարարությունն իր պաշտոնական տեղեկատվությամբ մեղադրել է իրեն՝ լրագրողին, կեղծիքին ապավինելու մեջ, ինչն իր հասցեին զրպարտանք է եւ վիրավորանք:
Լրագրող Արթուր Հովհաննիսյանը 2018թ. դեկտեմբերի 11-ին «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում որպես լրագրող հանդես է եկել ասուլիսով՝ կապված նախորդ օրը իրեն հայտնի դարձած մի փաստի մասին: Ասուլիսը լուսաբանել է «Առավոտը», որն այս գործով ներգրավված է որպես երրորդ անձ: Մեր լրատվամիջոցը դեռ ներկայացուցիչ չունի դատարանում:
Ըստ հայցվոր լրագրողի աղբյուրի, Շիրակի մարզի Այգաբաց գյուղի դպրոցում մարդու պապիլոմա վիրուսի դեմ գարդասիլ պատվաստանյութը տասներեքամյա աշակերտուհիներին պատվաստելու ձախողված փորձ է տեղի ունեցել, ծնողները «դպրոցից դուրս» են հրավիրել բուժաշխատողներին:
Կարդացեք նաև
Ասուլիսին Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ իր հայտնածը ահազանգ է, դեռեւս ճշտման փուլում գտնվող տեղեկություն է:
Անգամ հիմնավորել էր, թե ինչու չի հասցրել ճշտել տեղեկությունները, քանի որ նշված դպրոցի ծնողներից փոխանցված տեղեկությունը ստացվել էր կեսգիշերին. «Ես այդ տեղեկությունը գիշերն եմ ստացել, դեռ չեմ հասցրել ճշտել, կպարզենք: Ես ուղղակի որպես ահազանգ եմ հնչեցնում այստեղ եւ եթե պարզվեց, որ այդ լուրը համապատասխանում է իրականությանը, ապա Շիրակի մարզի Այգաբաց գյուղի պոլիկլինիկայի բժշկուհիները դրա համար (եւ ղեկավարությունը) խստորեն պատասխան են տալու: Ես խոստանում եմ լրագրողական հետաքննություն սկսել եւ ավարտին հասցնել, պարզել, թե ինչ է իրականում կատարվել, եթե նման բան չկա, մենք, իհարկե, կտեղեկացնենք, որ այդ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, բայց վայ այդ բժշկուհիներին, այստեղից ես հայտարարում եմ իրենց ի գիտություն»:
Պատասխանող ՀՀ առողջապահության նախարարությունը նույն օրն իր պաշտոնական կայքում «Պետք չէ ապավինել կեղծիքին. Շիրակի մարզի Այգաբաց համայնքի դպրոցում պատվաստումներ կատարելու փորձ չի եղել» վերտառությամբ տպագրել է պաշտոնական տեղեկատվություն:
Պաշտոնական կայքում գրված էր հետեւյալը. «Իսկ այսօր լրագրող Արթուր Հովհաննիսյանն իր ասուլիսում նշել է, թե իբր Շիրակի մարզի Այգաբաց համայնքում ծրագրի մեկնարկից առաջ փորձել են պատվաստումն իրականացնել դպրոցում: Եվ իբր ծնողները վռնդել են բժիշկներ կոչեցյալներին: Բանախոսն իրեն ապահովագրելու համար դիմել է լրագրողական հնարքի՝ նշելով, թե չի հասցրել ճշտել ստացված տեղեկատվությունը: Նախարարությունը խոսել է Այգաբացի դպրոցի տնօրենի հետ եւ պարզել, այնտեղ որեւէ մեկը չի պատրաստվում պատվաստում կատարել: Պարզապես սահմանված կարգով, համայնքի մանկաբույժը եւ բուժքույրը հանդիպում են ունեցել ծնողների հետ եւ ներկայացրել պատվաստման նպատակն ու ակնկալվող արդյունքը: Հանդիպմանը երեխաներ չեն մասնակցել, եւ որեւէ մեկը բուժաշխատողներին չի վռնդել: Այնպես որ, պետք չէ ապավինել կեղծիքին եւ ստահոդ լուրերին: Ժամանակն է սթափվելու»:
Առողջապահության նախարարության կողմից տրված պաշտոնական տեղեկատվությունը տպագրվել է զանգվածային լրատվական միջոցներում:
Լրագրող Արթուր Հովհաննիսյանը խնդրում է, որպեսզի ՀՀ առողջապահության նախարարությունն իր պաշտոնական կայքում հերքի եւ լրագրողից ներողություն խնդրի պաշտոնական տեղեկության համար, եւ պարտավորեցնի նաեւ վճռի պատճառաբանական եւ եզրափակիչ մասերը տպագրել «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի www.aravot.am կայքում: Հայցադիմումը տասներեք էջից է:
Այս գործում երկու առարկություն կա. առաջինը ներկայացրել էր նախկին նախարար Լեւոն Ալթունյանը, մեկն էլ գործող նախարարը՝ Արսեն Թորոսյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի անուն-ազգանունը հանվել է գործերի բաշխման ցուցակից: Մինչ այս տարվա վերջ՝ դեկտեմբերի 30-ը, Ափինյանին նոր գործեր չեն մակագրվի: ԲԴԽ-ն նման որոշում կայացել էր այն բանից հետո, երբ Ափինյանն աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին:
«Առավոտ» օրաթերթ
25.10.2019