Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարինի, ձեթի, ներկրվող մսամթերքի մաքսատուրքերը կբարձրանան

Հոկտեմբեր 26,2019 13:30

Որ ապրանքներն են՝ ԵԱՏՄ-ով պայմանավորված, բարձր մաքսատուրքերով ներկրվելու Հայաստան

2020 թվականին մարգարինի համար մաքսատուրք կգանձվի 12 տոկոս` մինչ այս գործող 10 տոկոսի փոխարեն: 2021 թվականին այս սննդամթերքի մաքսատուրքը մեկ տոկոսով էլ կբարձրանա` կազմելով 13 տոկոս: 2022-ին մարգարինի բիզնեսով զբաղվող գործարարները այն կներկրեն` վճարելով  15 տոկոս մաքսատուրք: Այս եւ այլ ապրանքների մաքսատուրքի վերաբերյալ հետազոտությունը ներկայացնում է Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը` ՏԶՆԿ-ն:

Հիշեցնենք, որ 2015թ.-ից Հայաստանը միացել է ԵԱՏՄ-ին` դառնալով այդ  կազմակերպության Մաքսային միության մաս։ Նույն թվականին որոշվեց համահարթեցնել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների մաքսատուրքերը, որի նպատակներից մեկը միասնական շուկա ստեղծելն էր:

Այդ գործընթացով պայմանավորված, Հայաստան ներկրվող 800 անուն ապրանքի, որոնք ներկրվում են երրորդ երկրից` ոչ ԵԱՏՄ տարածքից, մաքսատուրքերը 2020թ.-ի հունվարի 1-ից սկսած կբարձրանան։

Ըստ կառույցի պատասխանատուների, նպատակն այն է, որպեսզի ԵԱՏՄ ապրանքը մրցակցային առավելություն ունենա։

800 անուն ապրանքների թվում են առաջին անհրաժեշտության ապրանքները եւս։ Ի դեպ, կան ապրանքներ, որոնց մաքսատուրքը բարձրանալու է մինչեւ 80 տոկոս: Ամենաշատը կթանկանան երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաները, քանի որ դրանց մաքսազերծման համար պետք կլինի վեց անգամ ավել վճարել։ Փորձագետների գնահատականով՝ դա կբերի  մեքենաների գնի քառակի թանկացման։

Ո՞ր ապրանքների մաքսատուրքերը կաճեն. ըստ, ՏԶՆԿ-ի հետազոտության, օրինակ` հավի մսի մաքսատուրքը 2020 թվականին ներկայիս 22 տոկոսի փոխարեն կդառնա 25 տոկոս, 2021-ին` 50 տոկոս, իսկ 2022 թվականին 80 տոկոս: Լայն սպառման ապրանք համարվող բրինձը եկող տարվանից կմաքսազերծվի 6 տոկոս մաքսատուրքով` ներկայիս 3 տոկոսի փոխարեն: 2022-ին այս ապրանքի մաքսատուրքը կհասնի 10 տոկոսի: Արեւածաղկի ձեթը ներկայումս մաքսազերծվում է 13 տոկոս մաքսատուրքով: 2020-ին դրույքաչափը կբարձրանա` հասնելով 15 տոկոսի: Տավարի միսը 2022-ին ներկրողները կմաքսազերծեն 50 տոկոս մաքսատուրքով: Ներկայումս այս ապրանքատեսակը մեր երկիր է մուտք գործում 12,5 տոկոս մաքսատուրքով:

Տավարի մսի մաքսատուրքն էլ աստիճանաբար կբարձրանա. 2020 թվականին կդառնա 15 տոկոս, 2021-ին` 25 տոկոս:

Ի տարբերություն մյուս ապրանքների, կարագի մաքսատուրքը էական չի բարձրանալու: 2020 թվականին այն կհասնի 15 տոկոսի: Ներկայումս կարագ ներկրողները որպես մաքսատուրք վճարում են 13 տոկոս:

Հետազոտության մասնագետները արձանագրել են նաեւ, թե այս տարվա հուլիսին, որ ապրանքներն են թանկացել, որոնք` էժանացել:

Կարտոֆիլը թանկացել է 75,4 տոկոսով, ձուն` 38,9 տոկոսով: Թանկացել են` թռչնամիսը, բանջարեղենը, մակարոնեղենը` համապատասխանաբար` 13,6 տոկոսով, 11,7 տոկոսով, 8,4 տոկոսով: Գառան, ոչխարի եւ այծի միսը` 7,4 տոկոսով:  5,5 տոկոսով էլ հացն է թանկացել:

Հետազոտությունը պարզել է, որ էժանացել են հրուշակեղենը, շոկոլադը, խոզի պաղեցրած միսը` 12.1 տոկոսով, պանիրը եւ կաթնաշոռը` 4,4 տոկոսով, շաքարը, մարգարինը, կարագը ու այլ բուսական յուղեր նույնպես էժանացել են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031