«Օրենսդիր եւ գործադիր իշխանությունում ունենալով բացառիկ վերահսկողության հնարավորություն, իշխանությունները փորձում են այլեւս սեփական իրավական անվտանգության հարցերը նաեւ լուծել». «Առավոտի» զրուցակիցն է «Մեկ Հայաստան» կուսակցության համանախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը:
– Գնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ օղակը սեղմվում է. Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ կամ ինչո՞վ է ՍԴ նախագահի պաշտոնն այդքան սկզբունքային գործող իշխանության համար, որ այդ պաշտոնից ոչ յուրային անձին հեռացնելու միջոցների առջեւ, փաստորեն, խտրականություն չի դրվում:
– Ես կանդրադառնամ հարցի քաղաքական տեսանկյունին, որովհետեւ իրավական գնահատականների պակաս չկա: Այսպիսով, քաղաքական տեսանկյունից, շատ ավելի հիմնավոր են դառնում բոլոր այն ենթադրությունները, որ, այնուամենայնիվ, օրենսդիր եւ գործադիր իշխանությունում ունենալով բացառիկ վերահսկողության հնարավորություն, իշխանությունները փորձում են այլեւս սեփական իրավական անվտանգության հարցերը նաեւ լուծել: ՍԴ-ն կարծես մնացել է միակ մարմինը, որը ապաքաղաքական է իր բնույթով եւ ՍԴ-ն այժմ փորձում են դարձնել կամ պիտակավորել, որպես քաղաքական, որպեսզի հետո նորից դարձնեն «ապաքաղաքական»` իրենց շահերի արտացոլմամբ:
Սա է, ըստ իս, ամբողջ խնդիրը: Իշխանությունը որոշել է`այդ հարցը պետք է լուծվի: Եվ եթե այս համառությունը կա այդ խնդիրը լուծելու առումով, ապա կարող ենք ենթադրել, որ իրենք լուծում են իրենց քաղաքական իշխանության հետագա անվտանգության խնդիրը: Այլ ռացիոնալ գնահատական տալ այս գործընթացին անհնար է, որովհետեւ, արդյունքում մենք տեսնում ենք, որ փաստացի, իրավական պետության գաղափարը եւ իրավական պետության բնույթը, ՍԴ-ի նկատմամբ՝ իշխանության կողմից նախաձեռնված քայլերի լույսի ներքո, ամբողջապես դառնում է հեղափոխական: Իսկ այդ հարթությունում, իրավունքից եւ պետությանը բնորոշ գործելաոճից շատ քիչ բան կա:
Կարդացեք նաև
– Քաղաքական կուլիսներում նաեւ խոսակցություններ են շրջանառվում, որ իշխանությունը նպատակ ունի Սահմանադրական փոփոխություններով հետ գնալ նախագահական կառավարման համակարգին, նաեւ պարտավորություններ ունի Ստամբուլյան կոնվենցիան եւ մի քանի այլ օրենքներ ընդունելու, ինչին այս կազմով ՍԴ-ն խանգարելու է: Նման սցենարները հավանական եք համարում, թե՞ դավադրությունների տեսության շարքից են:
– Այդ բոլոր փաստարկները կյանքի իրավունք ունեն, բայց դրանց պետք է նայել մի քիչ հեռվից եւ ընդգրկուն. իշխանությունը, վերջին 1,5 տարվա ընթացքում, իր քաղաքական կենսագրության մեջ, չունի մեկ հարց եւ մեկ խնդիր, որը արդյունավետ լուծել է: Բոլոր այն քաղաքական խնդիրները, որոնք իր քաղաքական կենսագրության ընթացքում ծառացել են իշխանության առջեւ` շատ վատ կերպով են կառավարվել եւ դրա արդյունքը այն է, որ մենք, փաստացի, չունենք, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիայի առումով իշխանության հստակ դիրքորոշում, չունենք Ամուլսարի հարցով իշխանության դիրքորոշում, մենք չունենք մի շարք այլ՝ իշխանության կողմից նախաձեռնված քաղաքական գործընթացներ, որոնք կարող ենք ձեւակերպել եւ բնորոշել, որպես արդյունավետ լուծում ստացած: Դրանք խուսանավելու եւ խնդիրը հետաձգելու որոշումներ են: Սա խոսում է նրա մասին, որ քաղաքական իշխանությունը, խնդիրների կառավարման, դրանց լուծման, ոչ բավարար կամք, ոչ բավարար հեռատեսություն, ոչ էլ բավարար մասնագիտական ունակություն ունի: Կառավարման որակն արտացոլում է այն քաղաքական խառնաշփոթը, որը որ կա Հայաստանում: Մենք շատ հաճախ խնդիրներին մասնագիտական դիտանկյունից չենք նայում, այլ նայում ենք այն դիտանկյունից, թե այդ օրվա ընթացքում իշխանությունն ինչպիսի՞ օրակարգ է մտցնում հանրային քննարկման դաշտ: Բայց այս պարագայում մենք գործ ունենք օրակարգերի տարերայնության հետ, որտեղ չկա կանխատեսելիություն, չկա ռացիոնալիզմ. իռացիոնալիզմը եւ խառնաշփոթի ստեղծումը դարձել է իշխանությունների քաղաքական ձեռագիր:
– Ձեր ասածի համատեքստում, քաղաքական դաշտում դիսկուրսը՝ երկարաժամկե՞տ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, թե՞ կարճաժամկետ: Տեսնո՞ւմ եք նախադրյալներ, որ ժամանակից շուտ հեռանա այս իշխանությունը:
– Ինձ համար ավելի կարեւոր է հասկանալ, թե ինչպիսի՞ նախադրյալներ կլինեն այս իշխանության, այսպես կոչված, հեռացմամբ: Որովհետեւ, ես դա չեմ գնահատում, որպես իշխանության հեռացում, այլ որպես իմ պետության առջեւ ծառացած ներքաղաքական, արտաքին քաղաքական այնպիսի մարտահրավերների վտանգ, որի արդյունքում իշխանությունը ստիպված կլինի այդպիսի որոշում ընդունել: Ես դրա կողմնակիցը չեմ: Որքա՞ն երկար կյանք կունենա իշխանությունը՝ կառավարման այս որակով, այս մոտեցմամբ, այս փիլիսոփայությամբ եւ այս գերակայություններով, շատ դժվար է ասել: Հնարավոր է, գոնե ես հույս ունեմ, որ ճկուն քաղաքական հիմնավոր եւ ռացիոնալ հատիկը կգերակայի այսօրվա քաղաքական իշխանության իրականացման մեջ: Այդպիսի ենթադրության հիմքեր չկան, բայց այդպիսի ենթադրության ցանկություն կա:
– Վարչապետը վստահեցնում է, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, նույն կերպ են բնութագրվում հայ-իրանական, հայ-ամերիկյան, Հայաստան-Եվրոպա հարաբերությունները: Կիսո՞ւմ եք այդ կարծիքը:
– Ես չեմ հանդիպել մարդու, որ հավատա այդ հարաբերությունների փայլուն լինելուն: Կարծես թե, դրան հավատում է միայն Նիկոլ Փաշինյանը: Հնարավոր է՝ ինչ-որ բան գիտի «փայլուն» որակման համար, որը, որ մենք չգիտենք: Իսկ թե ինչո՞ւ չգիտենք՝ դա եւս հարց է: Սակայն, միջազգային ասպարեզում մենք տեսնում ենք Հայաստանի դիրքերի առումով ծայրահեղ վտանգ: Չունենք կանխատեսելի հարաբերություններ ՌԴ-ի հետ, այդ կանխատեսելիության մեջ չափաբաժնի երաշխավորը ոչ թե Հայաստանն է, այլ ՌԴ-ն, Արեւմուտքի հետ չունենք քիչ թե շատ օրակարգային շփման հարթակներ եւ թեմաներ, մենք չունենք միջազգային հարաբերությունների մեր փոխադարձ պայմանավորվածությունների, հարթակների, պայմանագրերի շարունակականություն ապահովող քաղաքականություն եւ սա մեծ խնդիր է: Այն տարերայնությունը, որը կա ներքին քաղաքականության իրականացման հարթությունում, ժամանակի ընթացքում կտարածվի նաեւ արտաքին քաղաքականության վրա: Արտաքին հարաբերությունները միայն ներկայացուցչական մասը չէ: Փայլունը, երեւի թե վերաբերվում է միայն ներկայացուցչական մասին, ինչը ենթադրում է միայն պրոտոկոլային, հանրության համար հասանելի շփումներին: Միջազգային հարաբերությունները 80-90 տոկոսով ներշերտային հարաբերություններ են, որտեղ փոխկապակցվածությունները շատ են, որտեղ դիրքերի ամրությունը կախված է սեփական տեսլականների փաստարկների, շահարկման, փոխադարձ համաձայնեցման հմտություններից, որոնց պետք է տիրապետել: Ես չեմ կարծում, որ մենք ունենք այն որակի իշխանություն, որը կկարողանա ընկալել այս բարդությունը: Շատ ավելի հեշտ է ամեն ինչ որակել փայլուն, 70-80 տոկոս աշխատանքը դնել դիվանագետների վրա, որոնք չեն ստանում որեւէ ազդակ՝ հենց այդ բարձր կենտրոնից, թե ո՞ր ուղղությամբ պետք է աշխատել: Եթե ստանում են միայն այնպիսի ազդակ՝ շփվեք այնպես, որ ներդրումներ գան երկիր, ապա դա արտաքին հարաբերությունների, միջազգային հարաբերությունների հետ որեւէ առնչություն չունի:
Զրույցը`ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
25.10.2019