«Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հստակ հասարակական պահանջ կա»,- Յուրի Բախշյանին նվիրված «Ընդհատումը վերջ չէ» ֆիլմի ցուցադրությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Հիշեցմանը՝ «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, Ստեփան Դեմիրճյանը կարճ արձագանքեց՝ այդ հարցը փակված է. դրա մասին արդարադատության նախարարն ասաց:
Մյուս հարցին՝ ինչքանո՞վ եք հնարավոր համարում Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը, կան տեղեկություններ, որոնք իրավաբանները պետք է ստուգեն գործի վերաբացումը վերանայելու համար, Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. «Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հասարակական պահանջ կա: Նույնիսկ այսօր՝ 20 տարի անց, այդ պահանջն էլ ավելի է ուժեղացել, քանի որ ժողովուրդը տեսնում է՝ նոր իշխանությունները բացահայտում են պետության դեմ հանցագործությունները, ակնկալում են, որ ամեն ինչ կարվի նաև հոկտեմբերի 27-ի լիարժեք, ամբողջական բացահայտման համար. հասարակական պահանջ հստակ կա»:
Այն հարցին՝ Նաիրի Հունանյանն ունի՞ ասելու բան, Ստեփան Դեմիրճյանն այսպես արձագանքեց. «Ես խնդրում եմ՝ այդ հարցերն ինձ մի տվեք»:
Կարդացեք նաև
Լրագրողների հետաքրքրությանը՝ Հոկտեմբերի 27-ի գործով խորքային բացահայտման քայլեր արվու՞մ են նոր իշխանությունների կողմից, Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. «Սա պետության դեմ կատարված ծանրագույն հանցագործություն է, և բացահայտումը պետք է ոչ միայն զոհվածների հարազատներին, այլև մեր պետությանը: Պահանջը կա, և իշխանությունները պետք է ականջալուր լինեն: Դեռ քայլեր չենք տեսնում, բայց պահանջը կա: Հուսով եմ, որ իշխանությունը ձեռնամուխ կլինի լիարժեք, ամբողջական բացահայտմանը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ