Լրահոս
Օրվա լրահոսը

Մարինե Օթարյանը՝ Սպենդիարյանի «ուկրաինական» անցյալի եւ ներկա համերգի մասին

Հոկտեմբեր 25,2019 21:03

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը յուրօրինակ նախաձեռնությամբ է հանդես գալիս: Հոկտեմբերի 26-ի «Ուկրաինական երգերը Սպենդիարյանի մշակումներում» խորագրով համերգը ասվածի արտահայտությունն է:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, համերգը տեսակի մեջ յուրահատուկ է նրանով, որ բնագրով, այսինքն՝ ուկրաիներեն ներկայացվելու են ուկրաինական երգերի սպենդիարյանական մշակումները:

«Այս ծրագիրը ութ տարի առաջ կոմպոզիտորի ծննդյան 140-ամյակի առիթով նախաձեռնել էր ֆրանսաբնակ բարիտոն Մկրտիչ Մկրտչյանը: Այժմ նա Հայաստանում է, եւ մենք որոշեցինք նորից կրկնել համերգը նույն կազմով՝ Նարինե Անանիկյանց(մեցցո սոպրանո), Կարինե Հովհաննիսյանց(դաշնամուր), Լիանա Վարդանյանց(սոպրանո) եւ բնականաբար Մկրտիչ Մկրտչյան»,-ասաց տիկին Օթարյանը:

Համերգի յուրահատկություններից է նաեւ այն, որ հյուրերը հիմնականում Հայաստանում ապրող ուկրաինացիներ են, ՀՀ-ում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը եւ այլք: Իսկ Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղի ուսանողներից մեկի միջոցով բանավոր խոսքը ուկրաիներեն կփոխանցվի լսարանին: Համերգի ժամանակ հաղորդակցման լեզուն ուկրաիներեն է լինելու»,-հավելեց Մարինե Օթարյանը:

Նրա ձեւակերպմամբ, Ալեքսանդր Սպենդիարյանն ինտերնացիոնալ կոմպոզիտոր է.«Կյանքի մեծ մասն անցկացնելով Ղրիմում՝ նա շփվել է տեղի բազմազգ ժողովուրդների հետ՝ հայեր, ուկրաինացիներ, թաթարներ, ռուսներ, հրեաներ, եւ Սպենդիարյանի ստեղծագործություններում արտացոլվել են այս ազգերի երաժշտությունն ու մեղեդիները»:

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենը հավաստիացրեց, որ սկսել են ուկրաինական երաժշտությունից, եւ այս շարքն, անպայման, շարունակական կլինի, քանի որ նախատեսել են անդրադառնալ այն բոլոր ազգերի երաժշտությանը, որոնց կոմպոզիտորն անդրադարձել է իր ստեղծագործություններում:

Նրանից տեղեկացանք, որ Ալ. Սպենդիարյանը ունի ուկրաինական ժողովրդական երգերի 17 մշակում, 5-ը զուգերգի համար է, 7-ը՝ մեներգչության, իսկ 4-ը՝ քառաձայն երգչախմբի: «Հուսով ենք, որ առաջիկայում կգտնվի այն երգչախումբը, որը բնագրով կներկայացնի նշածս 4 ուկրաինական երգերը»,-ասաց տիկին Օթարյանը: Նրա խոսքերով, համերգն իրականացվում է 2021թ. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակի նախաշեմին, որպեսզի ամբողջացվի: Կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության ողջ ժանրային գունապնակը:

Իմիջիայլոց, Սպենդիարյանների Յալթայի առանձնատունը ժամանակին մտավորականության հավաքատեղի էր դարձել: Այստեղ հաճախ էին հյուրընկալվում Գլազունովը, Ռախմանինովը, Շալյապինը, գրողներից էլ՝Գորկին, Չեխովը, Կուպրինը, նկարիչ Ռեպինը եւ այլք: Սպենդիրայանի Յալթայի առանձնատունը նախկինում եղել է Սերբիայի Նատալիա թագուհու ամառային նստավայրը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031