2019թ. մարտի 11-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ՝ Ա. Գ.-ի կողմից առերևույթ խարդախությամբ՝ խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի՝ 3.300.000 ՀՀ դրամ հափշտակելու և պետությանը նույն չափով վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Մասնավորապես, ըստ «Թաքս Ֆրի» կարգով ԱԱՀ վերադարձի հաշիվների, Ա. Գ.-ն, ներկայացնելով ՌԴ անձնագիր, 2017-2018թթ. ՀՀ ռեզիդենտ համարվող մի քանի ընկերություններից ձեռք է բերել ընդհանուր 66.323.000 ՀՀ դրամ արժեքով /այդ թվում՝ ԱԱՀ 12.280.000 ՀՀ դրամ/ տարբեր տեսակի ապրանքներ` ժամացույցներ և ոսկյա զարդեր: Ապա` մաքսային մարմին է ներկայացրել համապատասխան փաստաթղթեր, որոնց հիման վրա, համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի թիվ 751-Ն որոշման, փոխհատուցման կարգով ստացել է արտահանման նպատակով ձեռք բերված այդ ապրանքների գների մեջ ներառված և ՀՀ-ում վճարված ԱԱՀ գումարները: Ըստ կառավարության՝ արտահանման խթանումը խրախուսելու նպատակով ընդունված վերոնշյալ որոշման՝ օտարերկրյա անձի, այդ թվում այլ երկրի քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետությունում որոշակի պայմաններով գնված ապրանքներն արտահանելիս` վերջիններիս համար ՀՀ տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարները փոխհատուցվում են:
Սակայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված գրությամբ պարզվել է, որ Ա. Գ.-ն հանդիսանում է ոչ միայն ՌԴ, այլ նաև ՀՀ քաղաքացի: Իսկ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ երկքաղաքացին ՀՀ համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի, այսինքն` տվյալ դեպքում Ա. Գ.-ն` «Թաքս Ֆրի» կարգով ԱԱՀ վերադարձի ռեժիմից օգտվելու իրավունք չուներ:
Միաժամանակ, պարզվել է նաև, որ Ա. Գ.-ն ՀՀ տարածքում այդ գնումներն իրականացնելիս մշտապես ներկայացրել է ՌԴ քաղաքացու անձնագիրը, իսկ այն ընկերությունների աշխատակիցները, որոնցից արել է գնումները, ըստ ձեռք բերված տվյալների, տեղեկացված չեն եղել նրա ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին և կազմել են ԱԱՀ-ի վերադարձի հաշիվներ:
Նախաքննության ընթացքում ԱԱՀ-ի վերադարձի հաշիվների, «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության տեղեկանքի և «Արդշինբանկ» ՓԲ ընկերության դրամարկղի ելքի օրդերների զննության արդյունքում պարզվել է, որ Ա.Գ.-ն 2017-2018թթ. ընթացքում կանխիկ ստացել է 9.171.724 ՀՀ դրամ, իսկ անկանխիկ՝ 3.108.699 ՀՀ դրամ:
2019թ. օգոստոսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում, որի վարույթ էր տեղափոխվել նշված գործը, կայացվել էր Ա. Գ.-ի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու մասին որոշում:
Սակայն քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը և ստուգելով քննիչի կողմից կայացված որոշման օրինականությունը, հանգել է այն եզրակացության, որ Ա. Գ.-ի, ինչպես նաև այլ անձանց գործողություններին վերջնական քրեաիրավական գնահատականներ տալու, հանցավոր այլ դրսևորումների հավանականությունը պարզելու, քննության լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել մի քանի քննչական և դատավարական գործողություններ: Եվ ելնելով դրանից՝ դատախազն իր որոշմամբ վերացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը:
Հետագա նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից Ա. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրվել է մեղադրանք:
Երևան քաղաքի դատախազության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում 2019թ. հոկտեմբերի 23-ին վերջինս գրեթե ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը՝ ներկայացնելով ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին 12.280.000 ՀՀ դրամ մուտքագրելու վերաբերյալ վճարման անդորրագիրը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ դատախազություն