Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվելու էր Գյումրու Սլաբոդկա թաղամասի բնակչուհի, քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակից 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով հարուցված քրեական գործը։
Հիշեցնենք, որ նրա սպանության մեջ կասկածվում է ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը, որը, ըստ մեղադրանքի․ «2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, գտնվելով Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում և տեսնելով նույն փողոցով Շահումյան փողոց տանող ուղղությամբ քայլող Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 26-րդ շենքի 12-րդ բնակարանի բնակիչ, 02.12.1961 թվականին ծնված Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին, հետևել է նրան:
Ջուլիետա Ղուկասյանը, խուսափելով Անդրեյ Անդրեևիչ Ռազգիլդեևից, փոխել է իր քայլերի ուղղությունը և քայլել նույն փողոցի 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող սեփական տների ուղղությամբ, որտեղ էլ Անդրեյ Անդրեևիչ Ռազգիլդեևը, հասնելով Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին` նրան զույգ ակնակապճային շրջանների, ստորին և վերին շրթունքների, ձախից քթի շրթունքային շրջանի, ձախից ճակատային և ակնակապճից դուրս շրջանների, աջ ազդրի վերին երրորդի դրսային մակերեսի շրջանի արյունազեղումների, դեմքի ձախ կեսի այտուցվածքի, աջից ճակատային, ձախից կզակի և ստորին շրթունքի շրջանների, ձախ կոնքազդրային հոդի շրջանի, աջ ազդրի վերին երրորդի դրսային մակերեսի քերծվածքների, ձախից ճակատային և գագաթային շրջանների սահմանի վերքի, պոլիտրավմայի, գանգուղեղային փակ վնասվածքի, կրծքավանդակի փակ վնասվածքի, տրավմատիկ շոկի, կոմայի ձևերով պատճառելով մարմնական վնասվածքներ՝ անզգուշությամբ առաջացնելով Ջուլիետտա Ստյոպայի Ղուկասյանի մահը, այն է՝ վերջինս դեպքի վայրից ստացած մարմնական վնասվածքներով «Գյումրի շտապբուժօգնություն ծառայություն» ՓԲ ընկերության ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն, որտեղ նույն օրը` ժամը 11:30-ին, մահացել է»։
Այսօրվա դատական նիստը ևս չկայացավ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի չներկայանալու պատճառով։ Սա արդեն երկրորդ անգամ է, որ նիստը չի կայանում․ դատախազը գրություն էր ուղարկել դատարան: Բանն այն է, որ Շիրակի մարզի երկու դատախազներ մասնակցում էին ատեստացիայի, նրանց հանձնաժողովին էր ներկայացնում Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ