«Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) 2020 թվականի՝ Հայաստանին վերաբերող զեկույցի համաձայն, Կադաստրի կոմիտեի պատասխանատվության ներքո գտնվող «Գույքի գրանցման» բաժնի ցուցանիշը 190 երկրների մեջ նախորդ տարվա 14-րդ-ից բարձրացել և զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը՝ հավաքելով 88.6 միավոր: Համեմատության համար, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջին միավորն այս բաժնում 75.8 է։
Իսկ Հանրապետության մյուս գերատեսչությունների պատասխանատվության տակ գտնվող բաժինների մեջ «Գույքի գրանցում» բաժնի վարկանիշը 2-րդ տեղում է:
Յուրաքանչյուր երկրի «Գույքի գրանցում» բաժնի առաջընթացի ցուցիչը հաշվարկվում է 4 հիմնական չափանիշներով՝
- Գույքի գրանցման գործընթացում ներառված քայլերի քանակը: Առավելագույն միավորը տրվում է նվազագույն քայլերով գործընթաց ունեցող երկրին:
- Ժամանակային ցուցիչ, որը հաշվարկվում է գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ օրերի քանակով: Առավելագույն միավորը տրվում է նվազագույն տևողությամբ գործընթաց ունեցող երկրին:
- Արժեքային ցուցիչ, որը մատնանշում է գործընթացի համար անհրաժեշտ ծախսի չափը: Ծախսերը հաշվարկվում են գույքի արժեքի տոկոսային հարաբերությամբ և, նախատեսվում է, որ այն պետք է հավասար լինի մեկ շնչին բաժին ընկնող եկամտի հիսունապատիկին:
- Որակի ապահովման ցուցիչ, որն իր հերթին բաղկացած է հինգ այլ ցուցիչներից՝ ենթակառուցվածքների հուսալիություն, տեղեկատվության թափանցիկություն, աշխարհագրական ծածկույթ, հողային վեճերի լուծման մեխանիզմներ և սեփականության իրավունքների հավասար հասանելիություն: Առավելագույն միավորը տրվում է որակի ապահովման առավելագույն միավորն ունեցող երկրին:
2020 թ. զեկույցի ցուցիչները հաշվարկված են մինչև 2019 թ. մայիսի 1-ը գրանցված տվյալների հիման վրա։
Կադաստրի կոմիտեի լրատվություն