Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան «դիվանագիտական կեցվածք» ունի ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման հարցում

Հոկտեմբեր 25,2019 18:14

«Առանց վիզաների ճամփորդությունը վաղը տեղի չի ունենա: Հայաստանը պետք է պրոակտիվ լինի`որոշ բարեփոխումների համար, որից հետո նոր կսկսվի այս հարցի շուրջ երկխոսությունը»,- այսօր «Փորձի փոխանակման միջոցով վիզաների արդյունավետ ազատականացման խթանումը Վաստանում, Մոլդովայում եւ Հայաստանում» թեմայով, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Եվրոպական կայուն նախաձեռնության գլխավոր քարտուղար Ալեքսանդրա Ստիգլմայերը:

Նա հստակեցրեց`Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացում եվրոպական երկրները անհանգստացած են`անօրինական ներգաղթի աճն է մեծանում: Դա ցույց է տվել Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի փորձը: Ի տարբերություն ՀՀ փոխարտգործնախարարի, տիկին Ստիգլմայերը անուններ նշեց`Ֆրանսիան է, որը չի ցանկանում վիզաների ազատականացման գործընթաց սկսել, քանի որ ապաստան խնդրելու քաղաքականությունը վախեցնում է: Նախկինում նման կեցվածք ուներ Գերմանիան, հիմա, Գերմանիան փոխել է իր մոտեցումը:

ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը վրդովվեց, գործընկերոջը հորդորեց մնալ Եմ-ի տրամաբանության մեջ`պետք է կոնսենսուսի հանգել. «Մենք բարդ խորհրդակցություններ ենք ունեցել եւ հաղթահարել ենք, կոնսենսուսի ենք եկել: պետք չէ սրել խնդիրը»:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը ևս միացավ բանավեճին`պաշտպանելով մինչ այդ ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցի  մտահոգությունն այն մասին, որ եվրոպական երկրների դեսպանատները`չնայած ՀՀ-ի հետ վիզաների դյուրացման համաձայնագրին, բարդություններ են ստեղծում վիզայի տրամադրման գործընթացում: Նա նկատեց, որ վերջին վեց ամսվա ընթացքում, վիզայի չտրամադրման 129 դեպք է գրանցվել: Կան դեպքեր, երբ մարդը նախկինում 55 անգամ վիզա է ստացել`տասնյակ անգամներ մուլտիվիզա, նրան երեք օրվա համար են հերթական վիզան տրամադրել: Ըստ նրա, լինում են դեպքեր, երբ վիզայի տրամադրումը մերժվում է`ԵՄ անդամ որեւէ երկրից միջոցառման հրավերի մասնակցության առկայության պարագայում:

Այլ մանրամասները`տեսանյութում

ՀՀ-ում ԵՄ դեսպանն արձագանքելով այս դիտարկումներին, նախ ասաց, որ դեսպանատների առաջ հերթերը շատ են, բայց եվրոպական երկրներն էլ ունեն տարածքների սահմանափակումներ: Նա հորդորեց նաեւ հարցին միակողմանի չմոտենալ: Օրինակ, ինքը բազմաթիվ պատմություններ կարող է պատմել այն մասին, թե ինչպե՞ս են ՀՀ քաղաքացիները վերաբերվում հյուպատոսական ծառայությունների աշխատակիցներին. «Դրանից հետո բարդ է դրական արձագանք ստանալը»:

Մի պատմություն նա այնուհանդերձ պատմեց. «Ներկայացուցչական մի մարդ էր, եկել էր կնոջ համար վիզա ստանալու: Ասում է`կինս Սեւանում է: Բայց նա անձամբ պետք է գար… Խնդրում եմ, մեղքը մի դրեք միայն դեսպանատան աշխատակիցների եւ հյուպատոսական ծառայությունների աշխատակիցների վրա: Մենք ունենք Շենգենի կոդեքսը, այն պետք է պահպանել»:

Տիկին դեսպանը նաեւ ասաց, որ շատ դեպքում տեխնիկական է վիզայի տրամադրման մերժումը`փաստաթղթերի ոչ պատշաճ ներկայացում, նաեւ փորձը ցույց է տալիս, որ մարդիկ կարգապահ չեն, վիզա ստանալուց հետո, ուղղություններ են փոխում, ինչը կասկած է հարուցում:

«Բայց մենք շահագրգիռ ենք. յուրաքանչյուր երկրում ունենք «սեւ ոչխարներ»: Բայց որ ՀՀ կառավարությունը դրական է խոսում կանոնների խախտման դեմ, արդեն դրական է»,- ասաց Անդրեա Վիկտորինը:

Ստեփան Գրիգորյանն էլ իր ելույթում նկատեց, որ ՀՀ հետհեղափոխական կառավարությունը պետք է կոռուպցիայի դեմ պայքարի, փողերից լվացման եւ մարդու իրավունքների վերաբերյալ օրենսդրական ամրագրումներն արագացնի:

Քննարկմանը ներկա ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասաց`հունվարին շատ նախագծեր կներկայացվեն խորհրդարանի քննարկմանը:

«Այնպես չլինի, որ վիզաների ազատականացումից հետո, 100 հազար կին գնա Եվրոպա եւ ասի`օրենսդրությունը ինձ չի պաշտպանում, ամուսինս ինձ ծեծում է: Կարող է չի ծեծում, լավ էլ սիրում է, բայց…»,- իր դիտարկումը մանրամասնեց Ստեփան Գրիգորյանը: Նա ուշադրություն է հրավիրում նաեւ կենսաչափական անձնագրերի հետ կապված խնդիրների վրա`դրանք շատ թանկ են`28 հազար դրամ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031