Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չմիացած երկրների շարժման գագաթնաժողովին, որն անցկացվում է Բաքվում, անդրադարձել է արցախյան հիմնահարցին:
Նա, մասնավորապես ասել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: «Լեռնային Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է, և այս հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-հայտարարել է Ալիևը:
Գագաթնաժողովի շրջանակներում արցախյան հիմնախնդրին անդրադարձել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Նա հերթական անգամ հայտարարել է, որ Թուրքիան միշտ աջակցել է եղբայրական Ադրբեջանին: «Ադրբեջանի վիշտը մեր վիշտն է, ուրախությունը՝ մեր ուրախությունը: Անկարան կանի հնարավոր ամեն ինչ՝ ադրբեջանական հողերն ազատագրելու համար»,-ասել է նա:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամեն հանդիպման ժամանակ անդրադառնում է արցախյան հիմնախնդրին: Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիայի նախագահը փաստել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի անարդյունավետությունը և ասել, որ խնդիրը կարող է կարգավորվել բացառապես Ռուսաստանի ջանքերով: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն, ըստ էության, բխում է նաև Երևանի շահերից: Եթե Հայաստանը չի ցանկանում մեկուսացված երկիր մնալ, պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ»,-ասել է նա՝ ընդգծելով, որ եթե Ռուսաստանը ավելի շատ ջանք գործադրի, հակամարտությունը կարող է կարգավորվել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ