Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն ինչպիսի՞ն է տեսնում իրեն». Արման Եղոյանի նախատինքը

Հոկտեմբեր 25,2019 18:45

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այսօր «Փորձի փոխանակման միջոցով վիզաների արդյունավետ ազատականացման խթանումը Վաստանում, Մոլդովայում եւ Հայաստանում» թեմայով, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ նախատանքի խոսք ուղղեց Եվրոպական երկրներին`ի դեմս քննարկմանը ներկա ԵՄ պաշտոնյաների, քաղհասարակության ներկայացուցիչների:

Հիշեցնենք, քննարկման ժամանակ ասվեց, որ ԵՄ անդամ երկրներում մտահոգված են, քանզի վիզաների ազատականացման արդյունքում, փորձը ցույց է տալիս, որ անօրինական միգրացիան է աճում:

«Ինչո՞ւ է ԵՄ-ն ազատականացնում վիզաները եւ բացում իր սահմանները այլ երկրների առաջ: Որպեսզի ավելացնի եւ հեշտացնի շփումները, մոտեցնի հասարակությունները, ընդլայնի ԵՄ-ի ազդեցությունը տարածաշրջանում»,- հարց հնչեցրեց եւ ինքն էլ իր հարցին պատասխանեց Արման Եղոյանը` հորդորելով`փախստականների ընդունումը թեժ կետերից, չխառնել այս հարցի հետ:

Նա հիշեցրեց, որ վերջերս, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսում հայտարարեց, որ ՀՀ-ն տեխնիկապես պատրաստ է վիզաների ազատականացման գործընթացին: Այս ֆոնին Արման Եղոյանը նկատեց. «Բայց կան ԵՄ անդամ երկրներ, որ մտահոգություններ ունեն`վիզաների ազատականացումից հետո կարող է ապաստան հայցողների թվի աճ լինել: Այո, կարող է լինել: Արդյոք այս թվի աճի վնասները համեմատելի՞ են այն օգուտների հետ, որ կքաղեն կողմերը»:

Նա վիճակագրական տվյալներ բերեց. Եվրոստատի տվյալներով, 2017-ին ԵՄ երկրներից ՀՀ-ից ապաստան հայցողների թիվը եղել է 6875, 2018-ին`4815: Այսինքն, նվազել է`30 տոկոսով: Այս տարվա տվյալները, եթե այս դինամիկան պահպանեն, ըստ բանախոսի, կարող ենք փաստել, որ դրական դինամիկա կա: Միաժամանակ, նա նկատեց, որ փորձը ցույց է տալիս` անկախ վիճակագրությունից, բոլոր այն երկրներում, որտեղ վիզաներն ազատականացվել են, եղել է ապաստան հայցողների թվի աճ: Արման Եղոյանը չի կարծում, որ այդ 4000-ը այն թիվն է, որի պատճառով արժե զրկել տասնյակ հազարավոր մարդկանց շփումներից եւ նրանց բերած օգուտից`տնտեսական, մշակութային եւ այլն:

Արման Եղոյանն, ի դեպ, վստահ է, որ ՀՀ-ից ապաստան հայցողների թիվը առավելագույնը կկրկնապատկվի, չի տասնապատկվի, ինչպես որոշ երկրներում: Վկայակոչելով, որ եվրոպական լոուքոստերներից մեկը վերջերս որոշեց մտնել ՀՀ շուկա, նա հորդորեց`աջակցել բիզնեսին եւ հնարավորություն տալ առավել շատ տեղաշարժերի, փոխադարձ օգուտների: Արման Եղոյանը հիշեցրեց, որ ԵՄ-ում ներքին միգրացիայի մասին էլ է խոսվում եւ ասաց, որ ինքն ուզում է հասկանալ`դա խնդի՞ր է. «ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման մեկնարկի հետագա ընթացքը կապված կլինի հարցի հետ`ԵՄ-ն ինչպիսի՞ն է տեսնում իրեն`ընդլայնվո՞ղ, տարածվո՞ղ, թե՞ ինքն իր մեջ պարփակված»:

Իշխող ուժի պատգամավորն իր համար միանգամայն իրատեսական է համարում այն, որ վիզաների ազատականացումը կարող ենք հաջորդ տարի էլ սկսել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031