ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը ԵՄ-ի հետ հարաբերությունները ՀՀ արտաքին օրակարգի ամենակարեւոր եւ առաջնային ուղղություններից մեկն է համարում:
«ԵՄ-ն մեր քաղաքական կարեւորագույն գործընկերներից մեկն է, մեր հիմնական տնտեսական, առեւտրային եւ ներդրումային գործընկերներից: Վիզաների ազատականացման երկխոսության սկիզբը երկկողմ հարաբերությունների կարեւոր կետերից մեկն է»,- «Փորձի փոխանակման միջոցով վիզաների արդյունավետ ազատականացման խթանումը Վաստանում, Մոլդովայում եւ Հայաստանում» թեմայով, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ասաց փոխնախարարը:
Նա նկատեց`ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը դեռ ընթանում է, ԵՄ անդամ ոչ բոլոր երկրներն են այն վավերացրել, չնայած դրան, համաձայնագրի 80 տոկոսն ուժի մեջ է մտել եւ իրականացվում է`ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումով: Փոխնախարարն ասաց, որ դեկտեմբերին, Բրյուսելում կայանալիք նիստում կամփոփվի ճանապարհային քարտեզի կիրառման ընթացքը:
Արձագանքելով քննարկմանը մասնակցող ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի կոչին, մինչ վիզաների ազատականացումը օգտագործել ՀՀ-ի հետ վիզաների դյուրացման համաձայնագրի հնարավորությունները, փոխնախարարը նկատեց` վիզաների դյուրացման համաձայնագրի կիրառման պարագայում անգամ ՀՀ քաղաքացիներից շատ ենք բողոքներ ստանում`տարբեր դեսպանատների կողմից վիզաների տրամադրման գործընթացում բարդությունների առաջացման մասին:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում
Փոխնախարարն ասաց`կան երկրներ, անունները չցանկացավ հրապարակել, որոնք պատրաստ չեն «կանաչ վիզա» տալ, բայց, ըստ նրա, խնդիրը մեր երկկողմ հարաբերությունների կամ ընդհանրապես Հայաստանի հետ քիչ առնչություններ ունի: Ըստ պարոն Ադոնցի, դրանք ներեվրոպական խնդիրներ են: Հայաստանի կառավարությունը փորձել է փարատել մտավախություն-մտահոգությունները, բայց ԵՄ-ում դեռ հապաղում է:
Ավանդական հարցին` ե՞րբ ենք ունենալու վիզաների ազատականացման ռեժիմ, փոխնախարարը կարող է մոտավոր ժամկետներ մատնանշել. այն օրը, երբ սկսենք այդ հարցով երկխոսությունը: «Շատ բան կախված է բարեփոխումների իրականացման մեր արդյունավետությունից, մեր կարգապահությունից`եվրոպական երկրներ այցելող մեր քաղաքացիների կարգապահությունից»,- ասաց Ավետ Ադոնցը:
Վիզաների ազատականացման երկխոսություն սկսելը, փոխնախարարը քաղաքական հարց է համարում:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ