Լրահոս
Օրվա լրահոսը

Վիզաների ազատականացումը չի նշանակում, որ կարող եք գնալ եվրոպական երկրներ`աշխատելու համար. Անդրեա Վիկտորին

Հոկտեմբեր 25,2019 17:25

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինն այնքան էլ վստահ չէ, որ հայ հասարակությունում լավ են պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում վիզաների ազատականացում: Այսօր «Փորձի փոխանակման միջոցով վիզաների արդյունավետ ազատականացման խթանումը Վրաստանում, Մոլդովայում եւ Հայաստանում» թեմայով Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ դեսպանը հայաստանյան հանրության տարբեր ներկայացուցիչների հետ իր շփումներից խոսեց, ինչի արդյունքում է հանգել է նման համոզման:

Դեսպանն ասաց`խոսել եւ բացատրել է. «Վիզաների ազատականացման պարագայում չի նշանակում, որ կարող եք գնալ եվրոպական երկրներ`աշխատելու համար»:

«Անհրաժեշտ է, որ դա բոլորը հասկանան, այլապես մեծ հիասթափություն կունենանք, որ դա կազմակերպում ենք: Դա նշանակում է, որ կարող եք գտնվել ԵՄ տարածքում վեց ամսվա ընթացքում`90-օրով: Դա բազմաթիվ հնարավորություններ է տալիս, նաեւ պարտավորություններ է առաջացնում»,- հայտարարեց դեսպանը:

 

Անընդհատ տրվող հարցին`վիզաների ազատականացման հարցում որտե՞ղ է Հայաստանն այս պահին, Անդրեա Վիկտորինը դժվարանում է պատասխանել: Ասում է, օրինակ, Մոլդովայի պարագայում գործընթացը տեւեց 6 տարի, Վրաստանի պարագայում` 5, Ուկրաինայի` 9: Թե ՀՀ-ի համար քանի՞ տարի կպահանջվի, դեսպանը կանխատեսել չի կարող:

Տիկին դեսպանը ողջունեց ՀՀ-ի քաղաքականությունը`միակողմանի մուտքի ապահովման մասով, չանտեսեց ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված այլ քայլեր էլ, որոնք գտնվում են ՀՀ-ԵՄ համաձայնագրի տրամաբանության մեջ, որոնք հաստատվել են նաեւ Արեւելյան գործընկերության վերջին գագաթաժողովում: Դեսպանը վստահեցնում է`ԵՄ-ում ՀՀ-ի ջանքերը ոչ միայն հասկանում, այլ նաեւ գնահատում են, բայց քանի դեռ չունենք 28 անդամ պետությունների ընդհանուր դիրքորոշումը`«պետք է սպասենք եւ համոզենք»: Նա ավելի հստակեցրեց. «ԵՄ անդամ պետությունների որոշակի մտահոգություններին պետք է անդրադառնանք`կապված անօրինական միգրացիայի հետ»:

Դեսպանը հստակեցնում է`վիզաների ազատականացման համար պայմանները տեխնիկական չեն, դրանք կարեւորագույն ինստիտուցիոնալ փոփոխություններ են ենթադրում: «Մենք պատրաստ ենք օժանդակել ՀՀ կառավարությանը`իրական ժողովրդավարական հաստատություններ ձեւավորելու համար»,- ասաց տիկին Վիկտորինը`հավելելով, որ ԵՄ-ում տպավորված են, որ անցյալ տարի հայերին հաջողվել է խաղաղ ձեւով անցնել ժողովրդավարական բարեփոխումների:

Իսկ մինչ վիզաների ազատականացման երկխոսությունը կսկսվի, նա քաջալերում է հայերին`հատկապես երիտասարդներին`ուսանողներին, հետազոտողներին, քանի որ ՀՀ-ի հետ վիզաների դյուրացման համաձայնագիրը բազմաթիվ հնարավորություններ է տրամադրում`Շենգեն տարածքում տեղաշարժվելու համար: Նա երիտասարդներին հորդորում է`ավելի ակտիվ օգտագործել «Էրազմուս+» ծրագրի հնարավորությունները, քանի որ սա ամենամեծ եւ ամենակարեւոր փոխանակման ծրագիրն է ԵՄ-ում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031