2019 թ․ սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է «Բ․Մ․Լ․ Արզնի» ՍՊԸ-ն և նույն ՍՊԸ-ի սնանկության կառավարիչն ընդդեմ «Անելիք Բանկի» գործով վճիռը, որով բավարարել է հայցը և վճռել հօգուտ «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության Բանկից բռնագանձել շուրջ 22 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար։
Բանկերի միությունը, ուսումնասիրելով դատարանի վճիռն ու ծանոթանալով գործի մանրամասներին և փաստական հանգամանքներին, ինչպես նաև քաջատեղյակ լինելով «Բ․Մ․Լ․Արզնի» ընկերության իրական սեփականատեր Գևորգ Աֆանդյանի՝ որպես բազմաթիվ սնանկ ընկերությունների իրական շահառու հանդիսացող և հայաստանյան մի շարք բանկերի հետ դատական վեճեր ունեցող գործարարի համբավին, մտահոգություն է հայտնում դատարանի նման վճռի առնչությամբ։
Բանկերի միությունը գտնում է, որ գործը քննելիս դատարանը չի ելել արդարադատության բուն էությունից, ըստ ամենայնի, անտեսել է մի շարք էական հանգամանքներ և չի բացահայտել կարևորագույն փաստեր Գևորգ Աֆանդյանի գործելաոճի վերաբերյալ, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված անձանց՝ գործի հետ կապը, արդյունքում ընդունելով մի վճիռ, որը՝
- աննախադեպ է Հայաստանի բանկային համակարգի գործունեության ողջ պատմության մեջ,
- ստեղծում է վտանգավոր նախադեպ՝ ուղի հարթելով անբարեխիղճ տնտեսվարողների կողմից նման շինծու դատական հայցերի միջոցով բանկերից գումար կորզելու համար,
- հարվածի տակ է դնում հայաստանյան կայացած բանկային համակարգն առհասարակ,
- վտանգում է Հայաստանի Հանրապետության՝ որպես օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ գոտու վարկանիշը։
Հայաստանի բանկերի միությունը Գ․Աֆանդյանի՝ հայաստանյան բանկերի հետ ունեցած դատական յուրաքանչյուր, և հատկապես ամենախոշոր՝ «ԱյԴԻ Բանկ» ՓԲԸ-ի հետ վեճը պահելու է ուշադրության կենտրոնում՝ մշտապես հետևելով իրադարձությունների զարգացման ընթացքին։ ՀԲՄ-ն հրավիրում է նաև պատկան մարմինների ուշադրությունը՝ գործի բազմակողմանի քննման, իրական փաստերի բացահայտման, տվյալ անձի և նման գործելաոճ որդեգրած մյուսների վարքագծին պատշաճ իրավական գնահատական տալու համար:
Միությունը վերաքննիչ դատարանից ակնկալում է գործի անաչառ քննություն և արդարացի որոշման կայացում։
Հայաստանի բանկերի միություն