«Շատ կարեւոր էր ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որը միտված էր միջազգային հանրությանը եւ առաջնահերթ թուրքերին հիշեցնելու, որ այս ռազմական ներխուժումը հակասում է ոչ միայն միջազգային իրավունքի նորմերին, այլեւ Հայաստանի շահերին»,-ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտում «Կերպափոխվող Մերձավոր Արևելք. Հին խաղացողներ և նոր մարտահրավերներ» խորագրով գիտական քննարկման ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը՝ անդրադառնալով Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման փուլում Հայաստանի հնարավոր հետաքրքրություններին եւ շահերին:
«Այն, ինչ կատարվում է Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ, կարծես թե արդեն օրինաչափություն է դարձել համաշխարհային քաղաքականությունում. միջազգային եւ տարածաշրջանային խաղացողներն ըստ իրենց հայեցողության կատարում են ռազմական ներխուժումներ եւ փորձում դրանք ներկայացնել իբրեւ «հակաահաբեկչական գործողություններ»:
Այստեղ ձեւախեղվում են միջազգային իրավունքն եւ անվտանգային ճարտարապետությունը»,-նկատեց Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/969891556725664/
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ նման իրավիճակում ՀՀ ղեկավարությունը պարբերաբար պետք է բարձրաձայնի իրեն հուզող հարցերը. «Լռելը ոչնչի չի բերի: Մենք բարեկամ Սիրիայում շահեր ունենք: Այդ երկրում տեղի ունեցողն ուղղակի ազդեցություն ունի նաեւ մեր հանրության վրա, ուստի ՀՀ ղեկավարությունն ուշադիր պետք է հետեւի Սիրիայում կատարվողին»:
Հիշեցնենք՝ սիրիական ճգնաժամի շուրջ վերջին նշանակալի իրադարձությունը Էրդողան-Պուտին հանդիպումն էր: ՌԴ եւ Թուրքիայի նախագահները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ