Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշերօթիկներից երեխաները դուրս կգան. Ո՞ւր կգնան, ո՞վ կպահի եւ ինչպե՞ս կօգնի պետությունը, որ չհայտնվեն փողոցում

Հոկտեմբեր 25,2019 16:39

Մինչեւ տարեվերջ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մտադիր է լուծարել 4 գիշերօթիկ հաստատություն՝ Բյուրեղավանում, Դիլիջանում, երկուսն էլ` Գյումրիում: Գյումրիում գործող գիշերօթիկներից մեկը, սակայն ծառայություններ կմատուցի մինչեւ 2020 թվականի հունիսի 25-ը: Այս մասին այսօր հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Ժամկետը երկարաձգված գիշերօթիկում կշարունակեն խնամվել այն երեխաները, որոնց համար պետությունը դեռեւս հարմար լուծում չի գտել: Ծրագրի նպատակն, ըստ սոցապի պաշտոնյաների, երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելն է: Իսկ, եթե դա որեւէ կերպ հնարավոր չէ, ապա երեխաների համար խնամատար ընտանիք պետք է գտնեն: Վստահեցնում են՝ գիշերօթիկում մեծացող երեխան հոգեբանական խնդիրներ է ունենում, շրջապատի կողմից խարանի ու խտրականության է ենթարկվում, ծնողական խնամք լիարժեք չի ստանում եւ որ ամենակարեւորն է գիշերօթիկ հաստատությունն ավարտելուց հետո նրա խնդիրները կրկնապատկվում, եռապատկվում են:

Այն գումարները որոնք, ըստ տիկին Անդրեասյանի, ուղղվում էին գիշերօթիկներին, մի բան էլ ավելի, կտրամադրվեն երեխաներին ընտանիքներում պահելու համար: Այսինքն՝ Ժաննա Անդրեասյանի խոսքով, պետությունն իր գործընկեր կառույցների հետ կանգնելու է ընտանիքների կողքին, որպեսզի կարիք ունեցող երեխաները խնամքը ստանան՝ գիշերելով տանը: Այս դեպքում պետության մատուցած ծառայությունից ավելի շատ ընտանիքներ կարող են օգտվել, անգամ նրանք, որոնք, թեեւ, աղքատության ճիրաններում են, բայց երեխաներին չէին տանում գիշերօթիկ հաստատություններ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետի պաշտոնակատար Անահիտ Քալանթարյանն ասում է՝ երեխան գիշերօթիկն ավարտում է ավելի լուրջ խնդիրների փնջով, քան այն ժամանակ, երբ երեխան հաճախում էր հաստատություն: Նրա խոսքով, հաստատությունն ավարտելուց հետո, երեխաները հանդիպում են մեկ այլ իրականության, որտեղ առաջացած խնդիրները լուծելու համար ավելի մեծ ջանքեր են անհրաժեշտ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ժաննա Անդրեասյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, պարզաբանեց՝ ինչպիսի աջակցություն է ստանալու ընտանիքը, որի երեխան դեկտեմբերից այլեւս չի հաճախելու գիշերօթիկ հաստատություն: Փոխնախարարից հետաքրքրվել էինք նաեւ՝ ի՞նչ պետք է անեն այն ընտանիքները, որոնք բացի սնվելուց, հագուստից նաեւ բնակարանի խնդիր ունեն:

Ըստ մեր զրուցակցի, ստեղծվելու են ճգնաժամային կենտրոններ, որոնք դեռեւս կօգնեն դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին, իսկ նրանք, որոնք ինչ-ինչ պատճառներով մշտապես տանը գիշերել առայժմ չեն կարող նրանք առայժմ կհաճախեն այդ հաստատությունը, մինչեւ նրանց ընտանիքի հարցն էլ կլուծվի:

Գիշերօթիկների փակմամբ հարյուրավոր մարդիկ կզրկվեն աշխատանքից: Այս մտահոգությանն ի պատասխան, նախարարության պաշտոնյաները նշում են՝ գործելու են խնամքի ցերեկային կենտրոններ, որտեղ հաստատություններից դուրս մնացած մասնագետները կարող են աշխատել: Բացի այդ, գիշերօթիկ հաստատությունների աշխատակիցներին առաջարկվել է դառնալ խնամատար ընտանիքներ՝ հաշվի առնելով տարիների կուտակած փորձը: Ըստ Անահիտ Քալանթարյանի, խնամատար ընտանիքները երեխաներ խնամելու համար վարձատրվում են:

Գործընթացում ներգրավված ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանի խոսքով, գիշերօթիկներից երեխաներին ընտանիքներ ուղղորդելու ծրագիրը բխում է երեխայի լավագույն շահից եւ միակ հնարավորությունն է երեխային ընտանիք վերադարձնելու: Նրա խոսքով, այսօր Հայաստանում 41 տոկոս մանկական աղքատություն կա, բայց 260 երեխայի վրա է պետությունը գումար ծախսում:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031