«Ունենք ցավոտ անցյալ՝ կապված իրավական կամայականությունների հետ: Բայց արի ու տես՝ հիմա նույն այդ ցավոտ անցյալի կրկնությունն է»,- «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը:
Անդրադառնալով խոսակցություններին՝ ի՞նչ է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանից ավելի վա՞տ է, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Վատ չէ, նույնն է: Եթե նույնն է, ուրեմն ոչինչ չի փոխվել: Այս ապօրինությունները, որ տեղի են ունեցել նախորդ իշխանությունների պաշտոնավարման ընթացքում, պետք է չլինեն, որ մենք հաճախ ՄԻԵԴ չդիմենք մեր իրավունքների հարցով»:
Հիշեցնելով իր պաշտպանյալի՝ Արմեն Բիլյանի՝ անազատության մեջ պահելու փաստը, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ այդպես անձանց կալանքի տակ պահելը նաև պետության համար ծախս է: Ըստ իրավապաշտպանի՝ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ դա կոչվում է նախնական կալանք, բայց այդ մարդիկ պահվում են՝ քաղաքական նպատակներից ելնելով:
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ պետք է արձանագրել, որ հեքիաթն ավարտվեց. «Եկանք, հասանք այն փուլին, որ հեքիաթն ավարտվում է: Հեքիաթի ավարտին քայլողները ստացան բարձր աշխատավարձ, հեքիաթի ավարտին կարող ենք ասել, որ մարտի 1-ը նույնիսկ երկու տոկոս ավարտով բացահայտված չէ, որ մեկուկես միլիոն գաղթած քաղաքացիների և շուրջ մեկ միլիոն աղքատ քաղաքացիների վարչապետը կարող է իրեն թույլ տալ վերանորոգել իր բնակարանը, որն այս պահին իր օգտագործման ներքո է գտնվում՝ երկու միլիոն դոլարով: Հեքիաթի ավարտին հանրային միջոցները կարող են օգտագործվել մեկ թռիչքի համար՝ 400 հազար դոլար տրամադրելով վարչապետին և այսպես բազմաթիվ օրինակներ»:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ հանրությունը պետք է դուրս գա իրական պայքարի, ինչը կբերի համակարգային փոփոխությունների: Հարցին՝ իսկ այդ ուժերը կա՞ն, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ինչպես հարյուր տարի առաջ, երբ անկախության գալուն պատրաստ չէին, և Դաշնակցությունը բացառեց մեր ազգային ներուժի ներառումը քաղաքական գործընթացների մեջ, հիմա էլ նույնն է տեղի ունենում: Եթե գնալու ենք բացառության ճանապարհով, ապա երբեք չեք կարող այդ կառավարությունը կազմել, որը պետք է լինի ժամանակավոր և համակարգային լուծումներ ի կատար ածի»:
Այս առիթով Զարուհի Փոստանջյանը հիշեց Տարոն Աճեմօղլուին. «Ինչո՞ւ նա մերժեց Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ առաջարկ էր արել, որ Փաշինյանը չէր կարող իրականացնել, դրա համար չեկավ: Աշխարհի տարբեր ծայրերում մենք ունենք ներուժ, քաղաքական հմտություններ ունեցող փորձառու անձինք, որոնց միջոցով պետք է ստեղծենք այդ ժամանակավոր կառավարությունը, որը շատ կարճ ժամանակում պետք է ասի, որ եկել եմ և իրականացնելու եմ համակարգային փոփոխություն: Մինչդեռ սա չտեսանք. տեսանք միայն հրապարակներից բղավոց, սուտ խոստումներ»:
Զարուհի Փոստանջյանը խնդրեց արձանագրել, որ պետական բյուջե գումարներ չեն վերադարձվել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ դրանք կոպեկ-կոպեկ վերադարձվելու են. «Ընդհակառակը, տեսնում ենք, որ օլիգարխները գումարներ են փոխանցում «Իմ քայլը» հիմնադրամին և տիկին Աննայի կողմից ղեկավարվող հիմնադրամներին: Հեքիաթի ավարտին տեսնում եք, որ գումարները փոխանցվում են վարչապետի տիկնոջ հիմնադրամին»:
Հիշեցնելով 2008 թ. ԼՂՀ պաշտպանության բանակի 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար Կամո Վարդանյանի՝ մարտի 1-ի գործով ցուցմունքը՝ Զարուհի Փոստանջյանն ասաց. «Կամո Վարդանյանը, ով Արցախից զորք է տեղափոխել Երևան, նշում է, որ զորքը մոտ 700 մարդ է եղել և նրանք մնացել են Երևանում 20 ամիս: 20 ամիս Արցախի զինված ուժերը օգտագործվել են մեկուկես ամիս Ռոբերտ Քոչարյանի կողմից, այն 18 ամիսն օգտագործվել են Սերժ Սարգսյանի կողմից: Ինչո՞ւ միայն մեկ ուղղությամբ է տեղի ունենում քրեական հետապնդումը, այլ ոչ թե բոլոր ուղղություններով: Ի վերջո, քաղաքական գնահատական պետք է տրվի Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակաշրջանին, երբ կրկին օգտագործվել են զինված ուժերը»:
Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ հատուցում պետք է տրվի մարտի 1-ի բոլոր զոհերի հարազատներին, բայց դա չի կարող լինել դրվագային. «Մենք ունեցել են բազմաթիվ վիրավորներ, քաղաքական հալածյալներ, որոնք իրենց առողջությունն են կորցրել բանտերում: Մոտեցումը բոլորին պետք է լինի հավասարապես: Չի կարող մոտեցումը լինել դրվագային և այն օգտագործել սեփական քաղաքական նպատակների իրականացման համար»:
Այն, որ «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, Զարուհի Փոստանջյանն այս առիթով ասաց. «Սա պատահական չէ, սա նաև հատուկ նպատակ ունի. կարող եմ ասել մարտի 1-ի դրվագով արդեն չունեն որևէ տեսարան ապահովելու, հիմա մեկ այլ դրվագով պետք է փորձեն տեսարան ապահովել: Սրանք հանրությանը մոլորեցնելու տեսարաններ են»:
Դառնալով նախարարների աշխատավարձերի բարձրացմանը և կարծիքներին, թե դա կնպաստի, որ զերծ մնան կոռուպցիայից, Զարուհի Փոստանջյանը վրդովվեց. «Այնպես չէ, որ մեծ վաստակ են ունեցել, հիմա եկել են, որ ստանան բարձր աշխատավարձ և կոռուպցիայից զերծ մնան: Ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերը չբարձրացնելով ու լինելով աղքատ քաղաքացիների վարչապետ, նախարար, փոխնախարար՝ ինչպե՞ս եք ձեր աշխատավարձը մեկուկես միլիոն դրամ դարձնում, իսկ մանկավարժի աշխատավարձը թողնում եք 100-150 հազար դրամ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ