Օրերս արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» մասին հայտարարություն արեց, որից պարզ էր, թե այդ հարցով «պահանջատերերն» ում դռանը պետք է չոքեն: Այսօր Aravot.am-ը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին ճեպազրույցների ժամանակ հարցրեց, թե ի՞նչ գնահատական ունի դրա հետ կապված ու հնարավո՞ր է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանկության հարցը բարձրացնեն:
Մարուքյանը պատմեց, թե ինչքան երկար են ինքը եւ Նիկոլ Փաշինյանը զբաղվել Հաց բերողի գործով, ինչպես են գնացել Արթուր Դավթյանի մոտ՝ խնդրելով, որ իրենց երաշխավորությամբ ազատ արձակեն, իրենց խնդրանքը մերժվել է. «Մի 2-25 օր հետո, քարոզարշավն էր «Ելքի», մեզ զանգում են, ասում են՝ եկեք գլխավոր դատախազություն, ձեր միջնորդությունն ուզում ենք բավարարել, բայց մի 25 օր արդեն անցել էր: Ես ու Նիկոլը արագ գնում ենք, կես միլիոն վճարում ենք, չեկերը տանում ենք, որ արդեն մեր երաշխավորությունն ընդունվի: Ընդունվում է, նոր ազատ են արձակում: Մեր վեճն ի՞նչն էր, մենք ասում էինք՝ եթե այն ժամանակ, երբ մենք եկել էինք, այդ ժամանակ ազատ արձակեիք, մահը միգուցե չէր լինի՝ շատ ավելի հավանական է: Ես հիշում եմ էդ խոսակցությունը, որ գլխավոր դատախազին ասացի՝ դուք պատասխանատու եք: Ասացի՝ լիքը մարդ կա՝ Ժիրայր Սեֆիլյան եւ այլն, բայց ես ու Նիկոլը եկել ենք հենց «Հաց բերողի» համար, այնպես չի, որ ամեն օր մենք գալիս ենք ձեր մոտ: Սա պետք է դիտարկել որպես բացառիկ բան եւ ազատ արձակել: Դա բացառիկ քայլ էր՝ չգնահատվեց: Գնահատվեց մի 25 օր հետո, մեր մահանայով բաց թողեցին, տեսան, որ վատ է, մեր մահանայով բաց թողեցին»:
Ինչ վերաբերում է Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանը, Մարուքյանն ասաց. «Այնտեղ անվանական նշված են ըստ իրեն բոլոր պատասխանատուները, որը քննության առարկա է: Այն, որ դա պետք է լինի քննության առարկա՝ միանշանակ է: Այն, որ արդարադատության նախարարը մարդ բռնող ու բաց թողնող չի՝ դա էլ է միանշանակ: Հետեւաբար, Արթուր Սարգսյանի իրավահաջորդները, ովքեր շահագրգիռ են, որ բացահայտվի, թե ինչու այդ ցավալի դեպքն եղավ, պետք է բաց, հրապարակային քննություն լինի: Արփինե Հովհաննիսյանը բացահայտումներ է անում, պետք է լինեն նաեւ մյուս կողմի պարզաբանումները: Արփինե Հովհաննիսյանը ներսից բան է բացահայտում, հիմա պատասխանները պետք է տան, չեն կարող չտալ: Մենք հետեւողական ենք լինելու հաստատ»:
Մարուքյանը նշեց, որ սլաքն ուղղվում է գլխավոր դատախազից սկսած՝ մինչեւ վերջին քննիչը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ