Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյանին նախարարություններից թաքուն նամակներ են գրում՝ բողոքելով պարգեւավճարից. «Մենակ մտերիմներին են տալիս»

Հոկտեմբեր 25,2019 15:45

ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրեցին՝ վարչապետի պատասխանը գոհացրե՞ց նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելու վարչապետի հանձնարարականի հետ կապված:

Նա պատասխանեց, որ մոտեցել է վարչապետին, նրան հոդվածը ցույց է տվել եւ ասել է, որ երեք նախարարների կրկնակի պարգեւատրում են տվել, պետք է առաջնորդվեին «Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» օրենքով: Վարչապետը պատասխանել է, որ ինքը իրավաբան չէ, բայց իրենք «Բյուջեի մասին» օրենքով են առաջնորդվել. «Այստեղ հարց է առաջանում, եթե դու ունես 30% պարգեւավճարների ֆոնդ, որից կարողանում ես որոշակի սուբյեկտների 100% ավել գումար տաս, դա նշանակում է, որ այլ սուբյեկտների չես տալիս ոչինչ: Պետք է հասկանալ՝ ովքե՞ր են այն աշխատողները, որոնք ընդհանրապես որեւէ պարգեւավճար չեն ստացել, արդյոք դա սուբյեկտիվ որոշման արդյունք չէ՞»:

Մարուքյանն ասաց, որ իր ֆեյսբուքյան էջին մի քանի տասնյակ նամակներ է ստացել նախարարություններից, խնդրել են, որ անանուն լինի, անունները չհրապարակի. «Բնապահպանություն, սոցապ, տարբեր գերատեսչություններից եմ ստացել, քաղծառայողներից պնդում են, որ իրենք չեն ստանում պարգեւավճար ընդհանրապես, որովհետեւ իրենց անմիջական ղեկավարը ամսվա վերջին իրենց անունը հանում է: Երկու բան կա, մեկն այն է, որ ղեկավարը կարող է պնդում է, թե ինքը վատ աշխատող է, ես լավերին եմ տալիս, բայց այս մարդն էլ պնդում է, որ ինքը մենակ տալիս է իր մտերիմներին»:

Մարուքյանն առաջարկեց, որ այս շահարկումներից խուսափելու համար պետք է աշխատավարձը բարձրացնել 30%-ով, ոչ թե պարգեւավճար տալ:

Մարուքյանի խոսքով՝ «Իրենք աշխատավարձը բարձրացրել են, բայց շրջանցել են պառլամենտը: Սանդղակը դուբլել են, 12 է նախարարի գործակիցը, դարձել է 24՝ առանց ԱԺ-ի թույլտվության: Ակնհայտ է, որ դա ոչ պոպուլյար բան է եղել, դրա համար չեն եկել պառլամենտ»:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ հասկանում են, նախարարները պետք է բարձր աշխատավարձ ստանան, հազարումի հարց ունեն լուծելու. «Հիմա մի հատ կոստյում ես առնում, երկու ամիս հագնում ես, սկսում է փայլել: Սաղ հասկանում ենք մենք, բայց էդ չի կարելի անել գաղտնի, այստեղ է հարցը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031