Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղին»՝ ստեղծված իրավիճակը շտկելու վերաբերյալ

Հոկտեմբեր 25,2019 15:47

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00:40-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լոկոմոտիվային բրիգադները վերսկսել են աշխատանքը և գնացքների երթևեկությունը վերականգնվեց: Որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 24-ին կայացած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀԿԵ Տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միշարինի և ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի մեքենավարների հետ հանդիպումից հետո:

Հանդիպման ընթացքում մասնավորապես, նշվել էր, որ 2019 թվականի 9-ամսյա աշխատանքի արդյունքում փոխադրվել է 2 321,6 հազար տոննա բեռ, ինչը 7,7% գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, իսկ ուղևորաշրջանառությունն ավելացել է 15,9%: Ցուցանիշների աճը թույլ է տալիս ապահովել աշխատավարձերի, պարգևատրումների վճարումը ժամանակին: Ընդ որում, մեքենավարների աշխատավարձը 2019 թվականին ավելացել է 16,6%՝ մինչև 354 հազար դրամ, իսկ օգնականների՝ 13,3%՝ մինչև 249 հազար դրամ:

Լոկոմոտիվների մեքենավարների աշխատավարձերի և Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատավարձերի միջին չափի հարաբերակցությունը  կազմել է 198,6%՝ այսինքն՝ կրկնակի ավել:

Գործունեության դրական արդյունքները թույլ են տվել ձևավորել ֆինանսական պաշարներ և միջին ամսական աշխատավարձի չափով պարգևների վճարում նախատեսել տարվա արդյունքներով: Հաշվի առնելով այդ հանգամանքը, լոկոմոտիվային բրիգադների միջին ամսական աշխատավարձը 2019 թվականի արդյունքներով աճելու է 19%:

Չնայած աշխատավարձերի գծով արձանագրվող դրական փոփոխություններին՝ ՀԿԵ լոկոմոտիվային բրիգադները հոկտեմբերի 22-ից 25-ը լիովին դադարեցրել են գնացքների երթևեկությունը: Նման գործողություններով նրանք խախտել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և ընկերության ղեկավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն:

Գնացքների երթևեկության դադարեցման պատճառով դադարեցվել են նավթամթերքների, ցորենի, պարենային և այլ ապրանքների փոխադրումները: Ստեղծված իրավիճակի մասին տեղեկացվել են ՀՀ փոխվարչապետը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը և Գլխավոր դախախազությունը:

Պետական մարմինների հետ համագործակցության և համակարգված աշխատանքի շնորհիվ գնացքների երթևեկությունը վերականգնվել էր հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00:40: Պարապուրդի պատճառով Հարավկովկասյան երկաթուղին չի ստացել ավելի քան 140 մլն դրամի եկամուտ, ինչը նախադրյալներ է ստեղծում տարեկան ցուցանիշների թերակատարման և հարցականի տակ է դնում ամբողջ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հնարավորությունը:

Հանդիպման արդյունքներով ընդունվել են մի շարք որոշումներ: Մասնավորապես, որոշվել է մշակել 2019 թվականի նոյեմբերի 1-ից ընկերության բոլոր աշխատակիցների աշխատավարձերը 10%-ով ինդեքսավորելու մասին նորմատիվ ակտը, ինչպես նաև Տնօրենների խորհրդի քննարկմանը ներկայացնել 2020 թվականի հունվարի 1-ից լոկոմոտիվային բրիգադների ժամավճարների 5%-ով բարձրացնելու հարցը:

Հաշվի առնելով ընկերության աշխատանքի դրական արդյունքները՝ պարգևատրման մասին կարգի համաձայն նախատեսել միանվագ պարգևների վճարումը բոլոր աշխատողներին  տարվա արդյունքներով: Նաև որոշվել է մշակել տարվա արդյունքներով ընկերության աշխատողների պարգևատրման կարգը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031